Պաշտպանության նախարարների վրա «հուժկու հարձակվողը» կամ պատասխանատվությունից «պրոֆեսիոնալ թռնողը»

Ապրիլի 3-ի կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել է, թե «բանակում ինչ լինում է, բոլորս հարձակվում ենք պաշտպանության նախարարության վրա»:

«Հա լավ, մեկ, երկու, երեք, չորս, տասը, հետո երբ որ ուսումնասիրում ես, կարդում ես, կարդում ես, կարդում ես, կարդում ես, կարդում ես, հետազոտություն ես պատվիրում, հարցնում ես, մեկ էլ ասում ես՝ մի րոպե, բայց այս պրոբլեմներից ոչ մեկը բանակում չի ձևավորվել։ Ոչ մեկը։

Այդ բոլոր պրոբլեմները քաղաքացիական կյանքից այսպես կտոր-կտոր-կտոր գալիս են, մի տեղ, փազլի կտորները մի տեղ հավաքվում են, և փազլը հավաքվում է։ Շատ պարզ տրամաբանությամբ, շատ պարզ պատճառաբանությամբ, ու մենք սա չենք հասկանում։ Գնում ենք, ասում ենք՝ էս անենք բանակում, բանակում անելը արդեն ուշ է, ժողովուրդ ջան։ Բանակում էլ չենք կարող բան անել, պիտի մանկապարտեզում, դպրոցում անենք, բուհում պետք է անենք»,- շարունակել է նա:

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի արձագանքից հետո Փաշինյանը հավելել է՝ բանակում էլ իր հերթին պետք է քայլեր արվեն, սա չի նշանակում, որ այնտեղ չպետք է ոչինչ անել։

Կարդացեք նաև

Եվ այս համատեքստում Փաշինյանն անցել է սոցիալ-հոգեբանական դասեր տալուն, թե մեր երեխաները դպրոցից դուրս են գալիս հոգեբանական պատրաստություն չունենալով, կյանք են մտնում հոգեբանական պատրաստություն չունենալով, հոգեբանորեն թույլ լինելով, թույլ կամքով:

Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանն է այն անձը, ղեկավարը, ով պիտի այլոց քննադատի հոգեբանորեն թույլ լինելու, թույլ կամք ունենալու համար, կամ՝ ծնողներին, ուսուցիչներին մեղադրի հոգեբանորեն թույլ երեխաներ կամ աշակերտներ դաստիարակելու մեջ: Բնականաբար, ո՛չ:

Ինչ վերաբերում է բանակի ներսում եղած խնդիրների պատճառները հասարակությանը, ընտանիքին, ուսումնական հաստատություններին վերագրելուն, ապա, բնականաբար, հասարակության ձևավորման և դաստիարակության հարցում ծնողը, ուսուցիչը, մանկապարտեզը, դպրոցը, բուհն ունի իր դերակատարումը:

Բայց Նիկոլ Փաշինյանը մոռանում է, որ ուսումնական հաստատություններում մթնոլորտի և գրված ու չգրված օրենքների առկայության համար՝ որպես երկրի ղեկավար՝ ինքն է պատասխանատու՝ կադրերի նշանակումից՝ մինչև «իրական Հայաստանի» տրամաբանության մեջ պարտադրվող ուղերձներ՝ միայն հացիվ… հայրենիք-պետություն հասկացությունների արհեստական բախում և այլն:

Ի վերջո, երկրում հանցագործության, թմրամոլության, խաղամոլության ցուցանիշների խայտառակ աճի համար հենց երկրի ղեկավարն է պատասխանատու:

Եվ երբ այս արատավոր երևույթները ոչ միայն մտնում են բանակ, այլև բանակում ամրապնդվում և տարածվում, դրա համար միայն հասարակությունը չէ, որ մեղավոր է: Ավելին, երբ լինում են սպաներ, որոնք այդ արատավոր երևույթների կրողն ու տարածողն են, դրա համար հենց երկրի քաղաքական և ռազմական ղեկավարությունն է մեղավոր: Եվ այս առումով բանակում տիրող խայտառակ իրավիճակի մասին հենց ՔՊ-ական պատգամավորներն են տարբեր առիթներով խոսել, բարձրաձայնել, որոշել, որ այլևս չպետք է լռել:

Ի դեպ, երկրի ղեկավար Նիկոլ Փաշինյանը մոռանում է, որ ժամանակին լրագրող և խմբագիր Նիկոլ Փաշինյանը, լրագրող և խմբագիր Աննա Հակոբյանը լավ էլ հարձակում են գործել ՀՀ պաշտպանության նախկին նախարարների վրա, մեղադրել բանակում մահվան դեպքերի համար:

Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի դեմ փաշինյանական արշավները հայտնի են՝ «…Վազգեն Սարգսյանին մեղադրելու են երեխաների, 18 տարեկան երեխաների սպանության համար, նրանց խեղված ճակատագրի, նրանց վիրավորված արժանապատվության»:

Իսկ Աննա Հակոբյանի դեպքում բավական է հիշել, թե ինչպես էր «ՀԺ»-ի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանը 2013-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրաժարականը պահանջում՝ Վերին Գետաշենի գերեզմանոցում ծառայակցի կողմից սպանված զինվոր Լյուքս Ստեփանյանի հուղարկավորությանը, մասնավորապես, հարցնելով.

– Պարոն Օհանյան, ինչո՞ւ այսօր հրաժարական չտվեցիք, երբ իմացաք, որ զինվորի դագաղը Երևան-Սևան մայրուղու ասֆալտի վրա է:

– Բայց ո՞վ է ասել, որ պետք է հրաժարական տայի ես:

– Բանակում ոչ կանոնակարգային հարաբերությունների հետևանքով շաբաթը մեկ զինվոր է մահանում:

– Այդպիսի բան չկա, դուք սխալվում եք:

– Չկա՞ այդպիսի բան, դուք հրաժարական տալու պատճառներ չե՞ք տեսնում:

– Իսկ ո՞վ է պահանջում… Իմ աշխատանքի գնահատականը կարող է տալ իմ ղեկավարը և ժողովուրդը:

– Այն, որ գալիս են, մայրուղու ասֆալտին դագաղ են դնում, դա գնահատական չե՞ք համարում:

– Ժողովուրդը պահանջե՞ց ինձնից հրաժարական տալ:

– Պարոն Օհանյան, շատ հաճախ ոչ կանոնակարգային հարաբերությունների հետևանքով բանակում զոհվում են զինվորներ: Բարձրաստիճան պաշտոնյաների ծառայող երեխաներից որևէ մեկը չի զոհվում, ձեզ համար դա տարօրինակ չի՞:

– Ի՞նչը:

– Բանակում նրանց հետ դժբախտ պատահար չի լինում, ինքնասպան չեն լինում: Որևէ պաշտոնյայի որդու հետ, որը ծառայել է, նման բան չի եղել, ի՞նչն է պատճառը:

– Յուրաքանչյուր դեպքի ես չեմ կարող գնահատական տալ: Դեպքը լինում է՝ ըստ տեղի, ըստ իրավիճակի և ըստ զարգացման:

– Իսկ կարելի՞ է ենթադրել, որ ղեկավարությունը կարողանում է ապահովել միայն այն զինվորների անվտանգությունը, ովքեր ունեն պաշտոնյա հայրիկներ:

– Իհարկե ոչ: Իմ երկու զավակներն էլ ծառայում են Լեռնային Դարաբաղի Հանրապետությունում…

Արդյո՞ք «ՀԺ»-ի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանը «գերագույն հրամանատար» Նիկոլ Փաշինյանին տվել է այս հարցերը 44-օրյա պատերազմից հետո, կամ տալի՞ս է հիմա, որոնք ժամանակին տվել է ՊՆ Սեյրան Օհանյանին: Օրինակ, ինչպես է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին 44-օրյա պատերազմի ժամանակ անգամ թեթև վիրավորում չի ստացել, բայց նրա ստորաբաժանումից մոտ 2 տասնյակ զոհ է եղել, կամ նրան հպված մեկ այլ զինվոր զոհվել է:

Բնականաբար, ուրախ ենք, որ Աշոտ Փաշինյանը ողջ և առողջ վերադարձել է ոչ միայն Արցախի ՊԲ-ում ժամկետային ծառայությունից, այլև՝ 44-օրյա պատերազմից՝ որպես կամավոր։

Իսկ ժամանակին Սեյրան Օհանյանը՝ որպես ՀՀ պաշտպանության նախարար, եկավ այն եզրահանգման, որ չի կարելի բանակում ոչ կանոնադրական հարաբերություններն արդարացնել՝ «բանակը հասարակության հայելին է»-ով:

Ավելին, առնվազն 2014 թվականից նա արգելել էր բանակում երկու արտահայտություն՝ «բանակը հասարակության հայելին է», «բոլոր բանակներում էլ տեղի են ունենում միջադեպեր», քանի որ, ըստ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, «ազատ հասարակությունից բանակը տարբերվում է իր ռեժիմով, կարգապահությամբ, և այնտեղ արատավոր բարքերի դեմ պայքարը կարելի է ավելի հետևողական մղել, քան ազատ հասարակության մեջ»:

Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանին հարկ է նաև հիշեցնել դիրքում քնելու պատճառով սպանության և ինքնասպանության դեպքերի մասին, իսկ սա խորքային պատճառներ ունի: Բանակի խնդիրների վերաբերյալ հետազոտություն պատվիրած Փաշինյանի իշխանությունը փորձե՞լ է հասկանալ, ինչպես մի առիթով գրել ենք, օրինակ, ո՞ր բանակային կորպուսում կամ զորամիավորումում են դիրքում քնելու պատճառով դեպքեր հաճախակի եղել, մարտական հերթապահությունն այստեղ ինչ լարվածությամբ է անցնում՝ հակառակորդի դիրքերի մոտ լինելու կամ հաճախակի թիրախավորման պատճառով, մարդկային ռեսուրսի խնդիրն այստեղ որքանով է սուր, սրան գումարած՝ սպայական անձնակազմին առնչվող մի շարք հարցեր՝ տարիքային, կրթական ցենզի և այլն:

Այսինքն, պետք է պարզել՝ արդյո՞ք զինվորը բավարար քնում է, թե՞ մարդկային ռեսուրսի խնդրի պատճառով բավարար քուն չի ապահովվում:

Գուցե զինվորն իր քնի ժամը սխա՞լ է օգտագործում: Սա հասարակության լուծելի խնդիրը չէ, ինչպես նաև՝ հերթափոխի ուշ իրականացման հարցերը: Այստեղ Նիկոլ Փաշինյանը, իհարկե, կարող է ասել, թե ծնողները չեն ուզում, որ  իրենց որդիները ծառայեն, և փորձում են ազատել բանակից, բայց դրանից խնդիրների հասցեատերը չի փոխվում:

Ի դեպ, 2024 թվականին Նիկոլ Փաշինյանի թիմակից պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ԱԺ-ում խոստացել էր լյուստրացիա պաշտոնյաների՝ իրենց որդիներին, բարեկամներին բանակից ազատել-չազատելու հետ կապված:

«Մի երևույթ կա, երբ ՀՀ քաղաքացին իր զավակին հրաժարեցնում է ՀՀ քաղաքացիությունից, որպեսզի չծառայի։ Այս առումով պետք է լյուստրացիա սկսենք մեր շրջապատում, դիմել եմ նաև վարչապետին, որ նմանատիպ պրոցես սկսենք պետական կառավարման համակարգում: Իմ կարծիքով, պետական պաշտոնյան պիտի իրեն թույլ չտա, որ ոչ միայն իր զավակը, այլև իր մերձավոր շրջապատի, հարազատների զավակները հրաժարվեն ՀՀ քաղաքացիությունից: Այդ երևույթը կա, ցավալի ցուցանիշներ կարող ենք արձանագրել: Պետք է մենք բարոյական հենքի վրա մեզ հետ առերեսվենք, և ինձ համար վատ տենդենցի դեմը վերջապես առնենք»,- ընդգծել էր Պապիկյանը:

Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանն ի գիտություն ընդունել է պաշտպանության նախարարի առաջարկը, որին երեկ կառավարության նիստում որոշել էր պաշտպանել՝ գուցե ինչ-ինչ նպատակներից ելնելով, և ոչինչ, որ բանակին և անվտանգությանն առնչվող իր քաղաքականությամբ հենց ինքն է թիրախավորման հանգեցրել և՛ զինված ուժերը, և՛ իր թիմակից պաշտպանության նախարարին:

Դեռ չենք խոսում իր մերձակա շրջանակներից թիրախավորման դեպքերի և դրան մղող նրանց պահվածքի մասին: Այստեղ չմոռանանք Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգի սիրելի Արծրուն Հովհաննիսյանի մասին, ով, լինելով գործող սպա, իր կրթագիտաքաղաքական ակտիվությամբ, ըստ էության, թիրախի տակ է դնում Սուրեն Պապիկյանին, և հնարավոր հիմնավորումները, թե Հովհաննիսյանը գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքով կարող է զբաղվել, այդքան էլ հաջող չէ, քանի որ հստակ քաղաքական դիրքորոշում է երևում:

Իսկ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հաստատում է մեր դիտարկումները՝ Փաշինյանը ՀՀ պաշտպանության նախարարին պաշտպանելով, ըստ էության, ինքնապաշտպանվում է:

«Զարմանալի է, որ նման հայտարարություն անում է մեկը, ով բանակում արձանագրված այս կամ այն ողբերգական դեպքից հետո, առաջ ընկնելով նախաքննական մարմնից, ծառայողական քննություներից, առավելևս՝ դատական պրոցեսներից, գնահատական էր հնչեցնում տարբեր օղակների, հրամանատարական կազմի կամ բանակի այս կամ այն խնդրի առնչությամբ: Իրականության մեջ ճշմարտությունն այն է, որ ԶՈՒ-երում գրանցված տարբեր միջադեպեր ունենում են տարբեր ազդեցություններ, դրդապատճառներ: Դրանցից մի մասն ուղիղ բխում է հասարակությունից, հասարակական հարաբերություններից, այսինքն, բանակից դուրս տեղի ունեցող ինչ-որ իրադարձության հետևանք են:

Եվ կան միջադեպեր, որտեղ խնդիրը զինված ուժերում, զորամասում կարգապահության ոչ արդյունավետ ապահովումն է: Հիմա իշխանությունը մի փուլում հայտարարում է, որ խնդիրները պայմանականորեն կախված են սպաների, հրամանատարների կրթական մակարդակից, իսկ մեկ այլ փուլում, որտեղ այլ նպատակահարմարություն կա, հայտարարվում է, թե խնդիրները գալիս են հասարակությունից:

Այն, որ իշխող ուժի ղեկավարը փորձում է բանակում առկա միջադեպերի պատճառները վերագրել հասարակությանը, դա ինքնին պրոբլեմ է, որովհետև սա զգոնության թուլացում է և որոշակի պատասխան այն բանի, որ իշխանությունը տապալել է զինված ուժերում կարգապահության հաստատումը և մարտական կանոնագրքերի համաձայն ծառայության կազմակերպումը, և փորձում է դա արդարացնել հասարակական այս կամ այն երևույթով:

Չմոռանանք նաև, որ այսօր իշխանության է մի ուժ, որը մինչև 2018 թվականը ԶՈՒ-երում գրանցված տարբեր միջադեպեր, կամ՝ առաջնագծում սանձազերծված տարբեր արկածախնդրությունները ոչ թե ըստ օբյեկտիվ իրողությունների էր ներկայացնում, այլ մշտապես փորձում էր ծառայեցնել սեփական նեղ քաղաքական շահերին, և նպատակն այն ժամանակվա իշխանության թիրախավորումն էր: Այսօր, սակայն, այդ նույն մարդիկ, որ դարձել են իշխանություն, պարզապես ինքնապաշտպանության խնդիր են լուծում»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Այստեղ հիշեցնենք՝ Ազատի կացարանում հրդեհի դեպքի հետ կապված, որին զոհ գնաց 15 զինծառայող, Փաշինյանը գրեթե նույն պահին շտապել էր վարկած առաջ քաշել՝ «5 լիտրանոց տարայով բենզին են փորձել լցնել վառարանը»: Իսկ այս գործով դատավարությունն էլ մեկ այլ ողբերգություն է:

Ի դեպ, Ազատի կացարանի դեպքից հետո այն ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը, ով այս օրերին մանդատը դնելու որոշում կայացրեց, Civilnet.am-ի հետ հարցազրույցում՝ հարցին՝ արդյո՞ք կպահանջեր Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի, ԳՇ պետի հրաժարականը, եթե լիներ ընդդիմադիր պատգամավոր, պատասխանել էր. 

«Կարծում եմ՝ այո, եթե լինեի ընդդիմադիր պատգամավոր, կպահանջեի Սուրեն Պապիկյանի հրաժարականը։ Բայց, քանի որ ընդդիմադիր պատգամավոր չեմ, այլ «Քաղաքացիական «պայմանագիր» խմբակցության անդամ եմ և Սուրեն Պապիկյանի թիմակիցը, իմ գործառույթը պետք է լինի Սուրեն Պապիկյանին տվյալ հարցերում օժանդակելը՝ համակարգային վերափոխումների տեսանկյունից։ Կարծում եմ, տրամաբանական չէր լինի, որ ես հիմա Սուրեն Պապիկյանի հրաժարականը պահանջեի»։

Այս համատեքստում 2023 թվականի հունվարի վերջին նշված հարցազրույցում Գաբրիելյանը ակնարկել էր նաև, թե իր համար պարզ չէ՝ ինչ տեսակ բանակ է ուզում, այսպես ասած, ստանալ Սուրեն Պապիկյանը:

«Ինձ համար անձնապես դա պարզ չի էս 2 տարվա ընթացքում, առավելապես, որ Պապիկյանը դառել է պաշտպանության նախարար: Մի քանի անգամ ունեցել ենք քննարկումներ, ինձ համար խնդիր է, որ երբ ասում ենք՝ պրոֆեսիոնալ բանակ, բայց դա ինչ է իրենից ենթադրում, երկրորդ՝ մենք այդ պրոֆեսիոնալ բանակին ինչպիսի քայլերով ենք հասնում: Մոդուլային կացարանները, որի մասին խոսում են, լավ է, բայց դա հատվածական փոփոխություն է: Պաշտպանության նախարարը եկել է հանձնաժողով, այնտեղ էլ ենք դիմել իրեն, որ մեզ համար փաստացի պարզ չի բանակի մոդելը, որն ուզում ենք ունենալ, և, որ պարզ չի, թե ինչ քայլերով ենք ուզում հասնել պրոֆեսիոնալ բանակին: Ամբողջ հանձնաժողովի համար դա պարզ չի: Իմ ունեցած տեղեկություններով, այս ընթացքում պաշտպանության նախարարությունն ունեցել է մի տեսլական, որը նախարարը հավանության չի արժանացրել: Ես տեսնում եմ, որ համակարգի ներսում կան խնդիրներ և հակասություններ, և, ըստ երևույթին, հակասությունները մեզ խանգարում են և թույլ չեն տալիս, որ մենք շարժվենք առաջ: Մեկ տարի առաջ նախարարը հայտարարել է, որ պետք է ունենանք այդ հայեցակարգը, մինչև էս պահը չկա»,- շարունակել էր իշխանական պատգամավորը, ով, չգիտես՝ ինչու, 44-օրյա պատերազմից հետո չէր մտածել՝ ընդդիմադիրի կարգավիճակում Փաշինյանի հրաժարականը պահանջելու մասին:

Իսկ ավելի ուշ, ինչպես «Վիլեն Գաբրիելյանի «հաղորդումը» Փաշինյանի դեմ» վերտառությամբ հոդվածում գրել էինք, Գաբրիելյանն այլ վտանգավոր երևույթ էր «ջրի երես» հանել՝ 2021 թվականի նոյեմբերյան մարտերի հետ կապված:

«2021թ. նոյեմբերի 14-ին` կիրակի օրը, ժամը 10:00, տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության շտապ նիստ՝ Սոթք-Խոզնավար իրադարձությունների շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով, որի ընթացքում բոլոր դրական և բացասական կողմերը՝ եղած պաշտոնական տեղեկատվության կոնտեքստում, պետք է քննարկվեին։ Դրական բառի վրա մի զարմացեք, հավաստիացնում եմ, եղած իրավիճակում` հաշվի առնելով 44-օրյայից հետո փաստացի առաջին խոշոր բախումը, դրականներն էլ կային, որքան էլ կորուստներ ունեցանք, թե՛ մարդկային, թե՛ տարածքային։

Նիստի ընթացքում հաշվի առնելով այն փաստը, որ ծառայել եմ 2-րդ բանակային կորպուսում, Վարչապետը խնդրեց, որ իմ անձնական կապերով փորձեմ առաջին ձեռքից հնարավորինս ստույգ իրադրություն նկարագրեմ։ Սենյակից դուրս եմ եկել, կարճ ժամանակ անց վերադարձել և նկարագրել իրավիճակը, որտեղ ի զարմանս մեզ բացահայտել ենք պաշտոնական և ոչ պաշտոնական տեղեկատվության` ակնհայտ փափուկ ասեմ, տարընթերցումը»,- ֆեյսբուքյան գրառման միջոցով հայտնել էր նա՝ նշելով, որ Սոթք-Խոզնավար դեպքերի հետ կապված եղել են/կան վարույթներ, որոնցով անցել /անցնում են, ավելին, պաշտոնից ազատվել են նաև, իր կարծիքով, հազվագյուտ կամքով սպաներ:

Եվ ոչինչ, որ երկրի ղեկավարի կողմի՝ ՀՀ պաշտպանության նախարարին չվստահելն արդեն շատ վատ երևույթ է, ինչը կարծես թե նորմալ է համարել նույն Վիլեն Գաբրիելյանը: Այդ ժամանակ պաշտպանության նախարարն Արշակ Կարապետյանն էր:

Իսկ իրականությունը ցույց է տվել, որ Նիկոլ Փաշինյանը ռազմական ղեկավարներին դադարում է վստահել, երբ ինչ-որ բան իր ասածով չի լինում, կամ՝ երբ բանակի վրա պարտությունը գցելու քաղաքական շահ և նպատակահարմարություն կա, և դժվար թե նման դեպքում կուսակցական լինելը փրկի, եթե, իհարկե, չես ընդդիմանում, երբ հաղորդագրություն ես տալիս ադրբեջանական ապատեղեկատվության մասին, իսկ քաղաքական առաջնորդդ կասկածի տակ է դնում՝ հայկական զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմը խախտել-չխախտելու հարցը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930