Արցախի կարգավիճակի հարցում Փաշինյանի տեսակետների ռևոլյուցիան կամ էվոլյուցիան
168.am-ը որոշել է հետահայաց անդրադարձ կատարել Արցախի կարգավիճակի, բանակի և անվտանգային տարբեր հարցերի շուրջ ընդդիմադիր հոդվածագիր կամ քաղաքական գործիչ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, գրառումներին և խմբագրականներին՝ փորձելով հասկանալ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս կարևորագույն թեմաների շուրջ գաղափարական կամ քաղաքական մոտեցումների ինչ էվոլյուցիա կամ ռևոլյուցիա է ունեցել:
Առաջին ուսումնասիրությունը Արցախի կարգավիճակին է վերաբերում:
2017 թվականի դեկտեմբերի 5-ին Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթում անանուն խմբագրական էր հրապարակվել, որտեղ ԼՂ հարցի կարգավորման համատեքստում որևէ նոր բան չլինելու կամ փոփոխության բացակայության ֆոնին «Հայկական ժամանակում» տպագրված խմբագրականի անանուն հեղինակը հատուկ ուշադրության էր արժանացրել ՀՀ ԱԳ նախկին փոխնախարար Ռուբեն Շուգարյանի շրջանառության մեջ դրած միտքը։
«Շուգարյանի գաղափարը հետևյալն է․ հարկավոր է Ադրբեջանի հակահայ, ռասիստական գործողությունները՝ սկսած մարդասպան Ռամիլ Սաֆարովի հերոսացման պատմությունից մինչև չորսօրյա պատերազմի զոհերի ու գերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքը և դպրոցներում հայատյաց քարոզչություն, օգտագործել՝ միջազգային հանրությանը բացատրելու, որ ԼՂ հարցը ոչ միայն ազգերի ինքնորոշման իրավունքի, այլև ուղղակի Ղարաբաղի ժողովրդի, հայ ժողովրդի փրկության, ֆիզիկական գոյության հարց է, և հենց սրանով է Ղարաբաղի հակամարտությունը տարբերվում ազգամիջյան այլ հակամարտություններից։
Պարզաբանենք, թե սա ինչ է նշանակում։ Վերջերս Կատալոնիայում տեղի ունեցավ անկախության հանրաքվե, և Իսպանիայի այդ երկրամասի իշխանությունները մտադիր էին Կատալոնիան անկախ պետություն հռչակել։ Եվ ստացվեց այնպես, որ Կատալոնիայի իրադարձություններին հետևող միջին վիճակագրական մարդն ինքն իրեն հարց էր տալիս․ իսկ ինչո՞ւ պետք է Կատալոնիան անկախություն ստանա։ Միայն նրա համար, որ գոյություն ունի ազգերի ինքնորոշման իրավո՞ւնք։ Շատ լավ, բայց այդ իրավունքը ստեղծվել է ոչ թե խնդիրներ առաջացնելու, այլ խնդիրներ լուծելու համար։ Ի՞նչ խնդիր է լուծում Կատալոնիան այդպիսով․ կատալոնացիների կյանքին, ինքնությանը, մշակույթին, բարեկեցությանը, արժանապատվությանը որևէ վտանգ չի սպառնում։ Այսինքն՝ չկա որևէ սպառնալիք, որը լուծելու համար Կատալոնիային անհրաժեշտ է անկախություն։
Բոլորովին այլ է Ղարաբաղի վիճակը, որովհետև Ադրբեջանը մի երկիր է, որտեղ քնած հային կացնահարելը ազգային հերոսություն է, որի բանակը հայ գերիներին և զոհվածներին գլխատում է և հատված գլուխների հետ նկարվում՝ «Իսլամական պետության» ոճով, և որտեղ դպրոցներում սերունդներ են դաստիարակվում այս բովանդակության շրջանակներում։ Հետևաբար, Ղարաբաղին սեփական կազմի մեջ ներառելու՝ Ադրբեջանի ձգտումը միայն մի հետևանք կարող է ունենալ՝ հայերի բնաջնջում։ Ահա այս անխուսափելի հեռանկարից խուսանավելն է այն կոնկրետ խնդիրը, որը հաղթահարելու համար Ղարաբաղի ժողովուրդը պետք է անկախություն ստանա։ Հետևաբար՝ Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը նրա գոյության իրավունքը պահպանելու համար է։
Սա, իհարկե, շատ խելացի մոտեցում է և պետք է հետևողականորեն առաջ մղվի հայկական դիվանագիտության կողմից, և, իհարկե, այս մոտեցման գրագետ մատուցումը կարող է միջազգային հանրության շրջանում բյուրեղացնել Ղարաբաղի անկախության անխուսափելիության և անհրաժեշտության գաղափարը։ Եվ այս ընկալման համատեքստում Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը՝ Ղարաբաղի հակամարտության կարգավորման իմաստով կարող է ոչինչ չնշանակել, այնպես, ինչպես ազգերի ինքնորոշման սկզբունքը Կատալոնիայի դեպքում ընկալելի չէ։
Ու եթե Ռուբեն Շուգարյանի առաջարկի իրացումը կարող է լրջագույնս օգնել, որ միջազգային հանրությունը ավելի լավ ըմբռնի Ղարաբաղի հակամարտությունը, հայաստանյան որոշ ներքաղաքական զարգացումներ կարող են հակառակ էֆեկտն ունենալ»,- նշված էր «Հայկական ժամանակի» վերը հիշատակված հոդվածում:
Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթի անանուն հեղինակը «Երեք Ադրբեջան, մեկ Վրաստան՝ Հարավային Կովկասում» խորագրի ներքո հոդվածում Արցախին և ՀՀ-ին նմանեցնում է Ադրբեջանին՝ նկատելով, որ հատկապես Արցախում ժողովրդավարության մակարդակի իջեցում եղավ Սահմանադրության փոփոխության և խորհրդարանական քվեարկությամբ գործող նախագահ Բակո Սահակյանի ժամկետի երկարացման և հետագայում նրա առաջադրման հնարավորության համատեքստում:
«Ժամանակին ԼՂ հարցի կարգավորման իմաստով մեզ համար դրական գործոն էր համարվում Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի համեմատությունը որպես ժողովրդավարական երկրներ։ Հայաստանի ներկայացուցիչները մինչև վերջերս հնարավորություն ունեին պնդելու, որ ժողովրդավարության մակարդակով Հայաստանն ու Ղարաբաղը՝ մի կողմից, Ադրբեջանը՝ մյուս կողմից, անհամեմատելի մակարդակների վրա են, և անկարելի է ժողովրդավարական Ղարաբաղը պատկերացնել բռնատիրական Ադրբեջանի կազմում, որտեղ իշխանությունը պատկանում է մի ընտանիքի, և որտեղ Ալիևը խանի կարգավիճակ ունի։
Իրականում՝ Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի խորքային քաղաքական բովանդակությունը շատ չէր տարբերվում, բայց որոշ ֆորմալ տարբերությունների պատճառով մենք՝ հայերս, կարող էինք այս գործոնը ի ցույց դնել։ Բայց այն, ինչ տեղի ունեցավ Ղարաբաղում, այն է՝ Սահմանադրության փոփոխություն և խորհրդարանական քվեարկությամբ գործող նախագահ Բակո Սահակյանի ժամկետի երկարացում՝ հետագայում նրա առաջադրման հնարավորությամբ, և այն, ինչ սպասվում է Հայաստանում՝ Սերժ Սարգսյանի նշանակում վարչապետի պաշտոնում, դեռ ավելին՝ հետագայում վերանշանակման որևէ սահմանափակման բացակայությամբ, հայկական կողմի ձեռքից խլում է վերը նշված կռվանը։
Կարծես թե 2003 թվականի նախագահական ընտրությունների ետընտրական կամ նախընտրական հանրահավաքներից մեկի ընթացքում էր, որ այն ժամանակ ընդդիմադիր ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը ելույթներից մեկում հետաքրքիր զուգահեռ տարավ։ Ասաց, որ ԽՍՀՄ տարիներին Անդրկովկասում կար մի Ադրբեջան, մի Հայաստան, մի Վրաստան, ապա ավելացրեց՝ Հայաստանում Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալուց հետո արդեն Անդրկովկասում կա երկու Ադրբեջան, մեկ Վրաստան։
Նկատի ունենք՝ հիմա ամեն ինչ ընթանում է այնպես, որ Հարավային Կովկասում լինի երեք Ադրբեջան, մեկ Վրաստան»,- նշված էր «Հայկական ժամանակի» խմբագրականում:
Եթե վերցնենք հոդվածի հեղինակի միտքը, թե հայաստանյան որոշ ներքաղաքական զարգացումներ կարող են բացասաբար ազդել միջազգային հանրության՝ Ղարաբաղի հակամարտության ճիշտ և լավ ընկալման վրա, որ ԼՂ հարցը ոչ միայն ազգերի ինքնորոշման իրավունքի, այլև ուղղակի Ղարաբաղի ժողովրդի, հայ ժողովրդի փրկության, ֆիզիկական գոյության հարց է, և հենց սրանով է Ղարաբաղի հակամարտությունը տարբերվում ազգամիջյան այլ հակամարտություններից, ապա ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, երբ Հայաստանը նրա բնորոշմամբ, ժողովրդավարության բաստիոն է հիշեցնում, ապա պետք է, որ Արցախի անկախության միջազգային ճանաչման, ղարաբաղյան հակամարտության ընկալման հետ կապված խնդիրներ չունենայինք: Իրականությունը, սակայն, այլ է:
Մասնավորապես, վերջերս Հայաստան կատարած այցի ժամանակ Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեն անդրադառնալով Ֆրանսիայի կողմից Արցախի անկախությունը ճանաչելու վերաբերյալ հարցին, նշել էր.
«Ֆրանսիան չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը, և սա համապատասխան է միջազգային իրավունքին, որին մենք ենթարկվում ենք»:
Ֆրանսիայի ԱԺ նախագահը նաև տեղին չէր համարել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը:
«Կարծում ենք` այսօր այլ ճանապարհներ կիրառելը տեղին չէ, քանի դեռ հնարավոր խաղաղության ճանապարհը ամբողջովին սպառված չէ, քանի դեռ ամեն ինչ չենք փորձել այս առումով»,- շեշտել էր Յաել Բրաուն-Պիվեն:
Ի դեպ, 2020-ի նոյեմբերի վերջին Ֆրանսիայի Սենատն ընդունել էր Արցախի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության վերաբերյալ բանաձև՝ 305 կողմ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ:
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին» վերնագրված բանաձևով կոչ էր արվում Ֆրանսիայի կառավարությանը ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը՝ տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատելու համար:
2022-ի նոյեմբերին էլ Ֆրանսիայի խորհրդարանի Վերին պալատը՝ Սենատը, ձայների՝ 295 կողմ, 1 դեմ հարաբերակցությամբ ընդունել էր բանաձև՝ կոչ անելով Ֆրանսիայի կառավարությանը պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ:
Ավելի ուշ Ֆրանսիայի ԱԳՆ պաշոնական կայքում բանաձևի հետ կապված իշխանության պաշտոնական դիրքորոշումն արտահայտող հաղորդագրություն էր տեղադրվել, որում նշվում էր, որ այդ տեքստը խորհրդարանական նախաձեռնություն է և չի արտացոլում Ֆրանսիայի կառավարության դիրքորոշումը։
Հիշեցնենք նաև, որ 2008-ի փետրվարի 17-ին, երբ Կոսովոյի խորհրդարանը հաստատեց Անկախության և Կոսովոյի պետականության խորհրդանիշների մասին հռչակագիրը, դրանից մեկ օր հետո՝ փետրվարի 18-ին, Ֆրանսիան ճանաչեց Կոսովոյի անկախությունը: Նույնը Կոսովոյի անկախությունը ճանաչել էին Թուրքիան, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան:
Այս համատեքստում հարկ է հիշեցնել, որ Նիկոլ Փաշինյանն ինքն է մի քանի անգամ ընդունել, որ Հայաստանը չունի բարեկամներ, կամ նրանցից Արցախի հարցում, պատերազմական իրավիճակում չի ստացել աջակցություն, և, որ «միջազգային հանրությունը Լեռնային Ղարաբաղը համարում է Ադրբեջանի մաս»: Այսինքն, ժողովրդավարության բաստիոն լինելը ակնհայտորեն չի օգնել:
Մյուս կողմից, եթե ընդունենք 2016-ին Ալիևի արած հայտարարությունը՝ «փակ դռների հետևում մեզ վրա ճնշում են գործադրում` նպատակ ունենալով հանգեցնել Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչմանը», ստացվում է, որ միջազգային հանրությունը կամ որոշակի հատված մեզնից այս հարցում երե՞ս է թեքել Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ինչը բնավ զարմանալի չէ, եթե հաշվի առնենք, թե քանի անգամ է Նիկոլ Փաշինյանը դիրքորոշում փոխել Արցախի կարգավիճակի հետ կապված:
Եվ այսպես՝
2018, մայիս 9, Նիկոլ Փաշինյան
«Փոխզիջումների մասին կարող է խոսք լինել միայն այն պարագայում, երբ մենք Ադրբեջանից ստանանք հստակ ուղերձ, որ Բաքուն պատրաստ է ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»:
2019, մարտ, Արցախ, Նիկոլ Փաշինյան-ԱՀ նախագահ Բակո Սահակյան հանդիպում
«Այս տարիների ընթացքում եղել է, անփոփոխ են մնացել նաև այդ ազգային օրակարգում դասակարգված մեր առաջադրանքները: Եվ կարծում եմ՝ բոլորդ համամիտ կլինեք, որ եղել է, կա և վաղն էլ կմնա մեր հայրենիքի համար իբրև առաջնահերթ խնդիր Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը»:
2020, մայիս, Շուշի, Նիկոլ Փաշինյան
«Ինչպես 1988 թվականին մեկնարկած և հաղթած հեղափոխությունը բերեց Արցախի ազատագրման, այնպես էլ ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունն անխուսափելիորեն և հրամայաբար պիտի՛ բերի Արցախի փաստացի ինքնորոշման միջազգային` դե յուրե ճանաչմանը:
Եվ ուրեմն, իմ կոչն ու աղերսն է, եկեք մեր ազգային էներգիան և ուժը որևէ կերպ, որևէ հարթակում, որևէ պատճառով չօգտագործենք ինքներս մեզ այս նպատակից շեղելու, այս ճանապարհին հոգնեցնելու, ուժասպառ անելու, հուսահատ դարձնելու համար»:
2020 թվականի 44-օրյա պատերազմի օրերին Նիկոլ Փաշինյանն օտարերկրյա տարբեր լրատվամիջոցների հետ հարցազրույցներում սկսեց առաջ քաշել՝ «Ճանաչում հանուն փրկության» և «Անջատում հանուն փրկության» բանաձևերը:
2020, հոկտեմբերի 16, ֆեյսբուքյան գրառում, Նիկոլ Փաշինյան
««Անջատում հանուն փրկության» սկզբունքը, որը ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի ժամանակակից դրսևորումն է, իրավունք է տալիս առանձին խմբերին, ժողովուրդներին ինչպես անջատվել որևէ պետությունից, երբ առկա է խտրականության, մարդու իրավունքների լայնածավալ խախտումների կամ ցեղասպանության ռիսկ, այնպես էլ բացառում է միացումը մի պետության հետ, եթե միավորումը բերելու է վերը նշված նույն հետևանքներին: Հատկապես սա պիտի դրվի Ղարաբաղի հարցի կարգավորման մեր հայեցակարգի հիմքում…»:
2020, հոկտեմբերի 16, Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը ֆրանսիական Libération թերթին.
«Սա ուղղակի քաղաքական պատերազմ չէ: Սա հայ ժողովրդի ցեղասպանության փորձ է: Եվ հայ ժողովուրդը պետք է ինքն իրեն պաշտպանի, ինչպես և ցեղասպանության սպառնալիքի ներքո գտնվող ցանկացած ժողովուրդ: Հիմա՝ առավել ևս այս իրավիճակում, մենք տեսնում ենք, որ Ղարաբաղի հարցն ունի մեկ լուծում՝ ճանաչում հանուն փրկության: Այն, ինչ անվանվում է remedial secession: Որովհետև ուրիշ տարբերակ չկա: Հակառակ դեպքում հայերին սպառնում է ցեղասպանություն, ֆիզիկական ոչնչացում և էթնիկ զտում այն տարածքներում, որը կլինի Ադրբեջանի հսկողության ներքո»:
2020, հոկտեմբերի 19, Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը «ТАСС» լրատվական գործակալությանը.
«Հայաստանի՝ փաստացի բոլոր ժամանակների պաշտոնական դիրքորոշումն է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, մեզ համար ռազմավարական դեր ունի: Դուք ահա հիշատակեցիք մի տարբերակ: Ես գիտեմ, որ Հայաստանը մոտավորապես նմանատիպ մի լուծման պատրաստ է եղել մի քանի տարի առաջ: Այդտեղ, սակայն, մեկ նյուանս է եղել՝ իսկ ի՞նչ է լինելու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետ: Բայց ցանկանում եմ ասել, որ այնքան էլ խելամիտ և պրագմատիկ չեմ համարում գնալ լուծման՝ կենտրոնանալով որոշ կարևոր կետերի վրա և ուշադրությունից դուրս թողնելով մյուս կարևոր կետերը: Պետք է հասկանալ, թե ինչպես է միևնույն կամ նմանատիպ հարցին պատասխանում Ադրբեջանը. իսկ պատրա՞ստ են արդյոք նրանք ճանաչել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:
Մենք պատրաստ ենք փոխզիջման: Մենք միշտ ենք դա ասել: Եվ մեզ համար փոխզիջման մեկնարկային կետը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է: Եթե Ադրբեջանը համաձայնվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում փոխզիջմանը, ապա կարելի է ասել, որ փոխզիջման համար նախադրյալներ կան»:
2021, ապրիլ, Նիկոլ Փաշինյան
«Ես ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ մենք պետք է խոսենք ապագայի մասին: Ապագայի մասին այդ խոսակցության ամենակարևոր մասը Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումն է: Ես ուզում եմ ընդգծել, որ մենք որպես քաղաքական հարց, բանակցային հարց պետք է դնենք Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքի դեօկուպացիայի խնդիրը: Բայց էլի եմ ասում՝ մենք սա պիտի ձևակերպենք ոչ թե որպես ռազմական հարց, այլ որպես բանակցային քաղաքական հարց: Դուք տեսաք, թե երեկ կամ նախօրեին ինչ իրադարձություններ տեղի ունեցան Ադրբեջանում, դա ուղղակի աներևակայելի մի բան է, և կարծում եմ, որ մենք բոլոր ամբիոններից, բոլոր հնարավոր տեղերից պետք է հրավիրենք բոլորի ուշադրությունը, որ կարող է պատերազմի տառապանքների և զոհերի թանգարան բացվել մի երկրում, ինչը հայատյացության, ատելության ամենամեծ դրսևորումն է: Եվ սա ամենամեծ հիմքն է, որ մենք միջազգային հանրությանը ի ցույց դնենք Լեռնային Ղարաբաղի համար «անջատում հանուն փրկության» սկզբունքի կիրառելիությունը, որը մեր հետագա բանակցային գործընթացի առանցքը պիտի կազմի»:
2021, հունիս, Նիկոլ Փաշինյան, նախընտրական քարոզարշավ
«Հարցի կարգավորման մեր պատկերացումը շարունակում է մնալ նույնը․ մեր համոզմամբ 44-օրյա պատերազմը, ԼՂ-ի հայության ինքնորոշման համատեքստը ավելի է ուժեղացել «անջատում հանուն փրկության» տրամաբանության ներքո, որովհետև ակնհայտ է, որ հայատյացությունը Ադրբեջանում ոչ միայն մնում է պետական քաղաքականություն, այլև ավելի է ընդգծվում, մասնավորապես, այնպիսի օրինակներով, ինչպիսիք Բաքվում բացված ավարի խայտառակ պուրակն է։ Միջազգային հանրության ուշադրությունը պետք է հետևողականորեն բևեռենք այս և այսօրինակ փաստերի վրա՝ ընդգծելով, որ «անջատում հանուն փրկության»-ը հարցի օբյեկտիվ և իրական կարգավորման միակ հնարավորությունն է»։
2021, հունվար, «44-օրյա պատերազմի ծագումը» Նիկոլ Փաշինյանի հոդվածը հրապարակված կառավարության պաշտոնական կայքում:
«2011-ին Հայաստանը պատրաստ էր հանձնել 7 շրջանները, իսկ Ադրբեջանը ուզում է ավելի՞ն: Իսկ ի՞նչը կարող է լինել ավելին: Կազանյան փաստաթղթի չստորագրումով Իլհամ Ալիևը տվել է այդ հարցի պատասխանը. նախևառաջ Ղարաբաղի կարգավիճակը, այսինքն՝ Ադրբեջանի կազմից դուրս Ղարաբաղի կարգավիճակի բացառումը: Սա դեռ 2011 թվականին: Դրանից հետո Ադրբեջանի ախորժակը ավելի է բացվել և սրա վկայությունն է դառնում այն, որ 2013 թվականից իրավիճակը շփման գծի երկայնքով և հայ-ադրբեջանական սահմանին աննախադեպ կերպով սրվում է: 2013-ին ծնվում և 2015-ին վերջնականորեն ձևակերպվում են հիմա արդեն հանրահայտ ռուսական առաջարկները, որոնք նախատեսում են 7 տարածքների վերադարձը Ադրբեջանին՝ 5+2 բանաձևով, փախստականների վերադարձ, ռուս խաղաղապահների տեղակայում: Առաջարկությունների փաթեթը որևէ կերպ չէր անդրադառնում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցին, շրջանցում էր այդ հարցը: Իսկ ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը արդեն տեղավորվել է այն տրամաբանության մեջ, որ այդ հարցը քննարկելի է այնքանով, որքանով քննարկելի է Ադրբեջանի համար»:
2021, դեկտեմբեր 24, Նիկոլ Փաշինյան, առցանց ասուլիս
«Տեղի է ունեցել շատ կարևոր մի բան. 2016-ին համանախագահների կողմից ներկայացվել է առաջարկությունների երեք փաթեթ, որտեղ 2011-ից ի վեր առաջին անգամ չի ներառվել նախադասություն այն մասին, որ ԼՂ-ն ստանում է միջանկյալ կարգավիճակ:
Այդ փաթեթներում նշվել է, որը հայկական կողմից շատ լայնորեն քարոզվում ու գովազդվում է, որ ԼՂ-ն ունի օրենսդիր մարմին, որ ԼՂ-ն ունի դատական իշխանություն և այլն, բայց ոչ մեկը չի ասում, որ ԼՂ կարգավիճակը ճշգրտելու հարցը ըստ այդ բանակցային բովանդակության տեղափոխվել է ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ:
Բանակցային ողջ գործընթացում հայկական կողմի դիրքորոշումը եղել է այն, որ ամեն ինչ անել, որ հարցի վերջնական լուծումը լինի Մինսկի խմբի տիրույթում: 2016-ին, ըստ էության, հարցի լուծման պարամետրերը տեղափոխվում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ: Կանխատեսելի՞ է արդյոք, թե ինչ որոշում է կայացնելու այս հարցում ՄԱԿ-ը:
Այստեղ լուծվելու է մի հարց, որ մինչև ԼՂ վերջնական կարգավիճակը լինելը, ի վերջո, թեկուզ միջանկյալ կարգավիճակով, Ղարաբաղը, ի վերջո, որ երկրի մաս է կազմելու: Երբ սա ՄԱԿ-ի ԱԽ-ում է, սա շատ կանխատեսելի է դառնում, որովհետև ՄԱԿ-ի ԱԽ-ն դեռ 1993-ին ընդունել է բանաձև, որտեղ ասվում է.
ա) «Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան».
բ) ասել է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը: Այս աղետն է տեղի ունեցել 2016-ին:
Սա կարևոր է նրանով, որ եթե ԼՂ-ի այդ կարգավիճակն արձանագրվում է, նշանակում է՝ նրա վերջնական կարգավիճակի ճշգրտումը պետք է տեղի ունենա Ադրբեջանի Սահմանադրության համաձայն»:
2021, դեկտեմբեր, Նիկոլ Փաշինյան
«Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակն անպայմանորեն չի նշանակում նրա անկախություն: Վերջնական կարգավիճակ նշանակում է որոշակի վերջնական կարգավիճակ»։
2022, ապրիլ, Նիկոլ Փաշինյանի ելույթը ՀՀ Խորհրդարանում
«Ղարաբաղի հարցը ոչ թե տարածքի, այլ իրավունքի հարց է: Եվ հետևաբար, մենք արձանագրել ենք, որ Հայաստանի համար սկզբունքային նշանակություն ունեն Ղարաբաղի հայության անվտանգության երաշխիքները, նրանց իրավունքների և ազատությունների ապահովումը և Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցումը:
Եվ հետևաբար, օրակարգի այս լրացումով, Հայաստանը պատրաստ է խաղաղության բանակցությունների մեկնարկին, և այս դիրքորոշումն արձանագրվել է Բրյուսելում վերջին հանդիպման ընթացքում։
Ի՞նչն է կարևոր արձանագրել այս իրավիճակում։ Մի շատ կարևոր նրբություն. եթե նախկինում մենք հիմքում դնում էինք Ղարաբաղի կարգավիճակը՝ դրանից բխեցնելով անվտանգության երաշխիքներն ու իրավունքները, այժմ հիմքում դնում ենք անվտանգության երաշխիքներն ու իրավունքները՝ դրանից բխեցնելով կարգավիճակը։ Այլ կերպ ասած, մենք արձանագրում ենք, որ կարգավիճակը տվյալ իրադրության մեջ ոչ թե նպատակ է, այլ միջոց ապահովելու ԼՂ հայության անվտանգությունն ու իրավունքները»:
2022, ապրիլ, Նիկոլ Փաշինյանի հերթական ելույթը ՀՀ ԱԺ-ում
«Այսօր միջազգային հանրությունը մեզ ասում է՝ մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը ու միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովեք Հայաստանի ու Արցախի շուրջ, հակառակ դեպքում, ասում է միջազգային հնարությունը՝ մեր վրա հույս չդնեք ոչ թե այն պատճառով, որ չենք ուզում ձեզ օգնել, այլ այն պատճառով, որ մենք չենք կարող ձեզ օգնել»:
2023, հունվարի 10, Նիկոլ Փաշինյանի հանդիպումը լրատվամիջոցների հետ
«ԼՂ հարցում մեր քաղաքականությունները, մեր խոսույթը, մեր ռազմավարությունները մեկը մյուսին հակասել են, և սա նույնպես իր հետ բերել է որոշակի հետևանքներ: Այն, որ մենք մեր Անկախության հռչակագրում հղում ենք արել ԼՂԻՄ-ի և ՀՀ-ի վերամիավորման մասին ԳԽ և ԱԽ համատեղ որոշմանը և դրանից մեկ տարի անց տեղի է ունեցել հանրաքվե՝ ԼՂ անկախության հռչակման մասին, և մենք բանակցել ենք այս տրամաբանությամբ, իսկ 2007թ. մադրիդյան սկզբունքներով մենք ընդունել ենք, որ ԼՂ կարգավիճակը պետք է ճշգրտվի կողմերի միջև համաձայնեցված ժամկետներում ապագայում տեղի ունենալիք հանրաքվեով, ինչով մենք փաստորեն հերքել ենք 1991թ. դեկտեմբերի հանրաքվեն ԼՂ-ում, այդ ամենը նաև դրա արտահայտությունն է: Եթե մենք արդեն 2007թ. ընդունում ենք, որ այն հանրաքվեն, որը տեղի է ունեցել, չի որոշել ոչ մի կարգավիճակ, հետևաբար, որտե՞ղ է ԼՂ-ն՝ մեր ընկալմամբ, մեր պետական քաղաքականության տրամաբանության մեջ:
Մենք աշխարհից կտրված չենք, այդ համատեքստում ենք ապրում և այդ համատեքստը պետք է հաշվի առնենք: Մենք ուզում ենք աջակցենք, որ այսօր ԼՂ-ի հայությունը շարունակի ապրել ԼՂ-ում, շարունակի մնալ հայ, իրեն համարի հայ, ղարաբաղցի, արցախցի և հնարավորություն ունենա ապրել անվտանգ միջավայրում: Մեծ հաշվով, դեռևս 2018թ. մեր դիրքորոշումը եղել է այն, որ ՀՀ կառավարությունը չէ, որ պետք է որոշի ԼՂ ճակատագիրը և ԼՂ հարաբերությունները, այլ ԼՂ ժողովուրդն ինքը պետք է որոշի, և ԼՂ ժողովուրդն է, որ պետք է հաղորդակցության մեջ լինի, այդ թվում՝ Ադրբեջանի իշխանությունների հետ: Եվ այս համատեքստում պետք է որոշվի հարցը»:
Այս շարքը՝ հատկապես լրագրող ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի տարբեր ժամանակներում հեղինակած հոդվածների ու ելույթների մեջբերումները կարելի է շարունակել: 168.am-ը գրել էր՝ Արցախը անվտանգության երաշխավոր չուներ արդեն Մյունխենում, որտեղ Փաշինյանը հայտարարել էր, որ Արցախի խնդիրը լուծելու համար մեզ անհրաժեշտ է ունենալ միկրոհեղափոխություններ:
Ալիևի հետ մյունխենյան հանդիպումից օրեր անց Նիկոլ Փաշինյանը նույն քննարկման տրամաբանության մեջ ֆեյսբուքյան գրառմամբ ներկայացրել էր հինգ կետ:
«1. Լեռնային Ղարաբաղը անկախություն է ստացել այնպես, ինչպես Ադրբեջանը:
2. Լեռնային Ղարաբաղը կոնֆլիկտի և բանակցային կողմ է, առանց որի հետ բանակցելու՝ հնարավոր չէ լուծել կոնֆլիկտը:
3. Չկան տարածքներ, կա անվտանգություն. Լեռնային Ղարաբաղը չի կարող զիջել իր անվտանգությունը:
4. Հնարավոր չէ կոնֆլիկտը լուծել մեկ կամ երկու գործողությամբ. բանակցային գործընթացում անհրաժեշտ են «միկրո հեղափոխություններ», ապա՝ «մինի հեղափոխություններ», ապա՝ ճեղքում:
5. Հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ղարաբաղի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար, և Հայաստանն ու Ղարաբաղը պատրաստ են լրջագույն ջանքեր գործադրել նման լուծում գտնելու համար: Այսպիսի պատրաստակամություն պիտի ցուցաբերի նաև Ադրբեջանը»:
Նիկոլ Փաշինյանի բանակցային գործընթացում հեղափոխական այս բանաձևի հետ հաշվի նստեց Արցախի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ երկրորդելով Արցախի կարգավիճակի հարցը անվտանգության ապահովմանը, մինչդեռ Արցախի հստակ կարգավիճակն է, որ Արցախի անվտանգությունն էր ապահովելու, այդ թվում՝ իրավական և միջազգային հարթակներում:
44-օրյա պատերազմից մոտ 20 օր առաջ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր.
«Մենք այսօր չենք քննարկում որևէ տարբերակ, որը կարող է թուլացնել Արցախի անվտանգության աստիճանը: Մենք ունենք մեր հստակ դիրքորոշումը՝ ՀՀ իշխանությունների հետ: Ես նշել եմ, որ դրանք նույնական են, որևէ խնդիր չկա: Նախկինում շատ ավելի խոսում էինք ինքնորոշման իրավունքի ճանաչման, հետո՝ անվտանգության մասին, հիմա՝ ոչ, գլխավորն անվտանգությունն է: Եթե անվտանգության մի փոքր թուլացում լինի, դա նշանակելու է Արցախի վերջը, մենք գիտենք՝ ով է մեր թշնամին»:
Այդ ժամանակ նույն պնդումն արել էր նաև Արցախի արտաքին գերատեսչության ղեկավար Մասիս Մայիլյանը:
«Իհարկե, անկախությունը, ինչպես նշված է նաև ծրագրում, բացառիկ արժեք է, և շատ կարևոր է, առաջնահերթություն է անվտանգության ապահովումը, նաև մենք դիտարկում ենք անկախության ճանաչումը, միջազգային ճանաչումը՝ որպես քաղաքական և դիվանագիտական լրացուցիչ լծակ` զսպելու Ադրբեջանին: Այսինքն` այս երկու հարցերն իրար հետ փոխկապակցված են, բայց, իհարկե, անվտանգությունն առաջին տեղում է»:
44-օրյա պատերազմի հետևանքով և դրանից հետո ՀՀ իշխանությունը գլխավորող Փաշինյանի վարած արտաքին քաղաքականության արդյունքում Արցախն անվտանգ չէ անգամ իր վերահսկողության տակ մնացած փոքր տարածքում, վտանգված է նաև Արցախի անկախ կարգավիճակի ապագան:
Այսինքն, Փաշինյանի մյունխենյան թեզը՝ «չկան տարածքներ, կա անվտանգություն», կարելի է վերաձևակերպել՝ չկան տարածքներ, չկա անվտանգություն, կա վտանգված Արցախի անկախ կարգավիճակ:
Ի դեպ, 2016 թվականին ընդդիմադիր քաղաքական գործիչ Նիկոլ Փաշինյանը քաղաքական գործչին բնութագրելու իր «լակմուսի թուղթն» էր գտել՝ որ երկրի շահն է ներկայացնում:
«Իմ ընկալմամբ ռուսամետ կամ արևմտամետ նշանակում է այն, երբ օրինակ Հայաստանում քաղաքական գործիչը գործում է էնպես, կարծես ինքը Ռուսաստանի քաղաքական գործիչ լինի գործուղված Հայաստանի Հանրապետություն՝ այստեղ պաշտպանելու Ռուսաստանի, Եվրոպայի կամ Միացյալ Նահանգների շահը։ Այս գործելակերպը մենք ժխտում ենք, և ինքս համարում եմ վնասակար այդ գործելակերպը և բացառում եմ, որ որևէ մասնակցություն կունենամ էդպիսի գործելակերպին»:
Հետաքրքիր կլիներ այսօր տեսնել լրագրող, ընդդիմադիր գործիչ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի «լակմուսի թուղթը»: