Փաշինյանի փախուստների և վախերի հետքերով

Գերմանիայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե իր քաղաքական կենսագրության ընթացքում ապացուցել է, որ փախչող չի, պատասխանատվությունից խուսափող չի, որ դա դավաճանության նման մի բան է:

«2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտնի իրադարձություններից հետո մարդիկ գնացել էին օդանավակայան, ներխուժում էին թռիչքուղիներ, իրենք իրենց ներշնչել էին կամ հույս ունեին, որ ես Հայաստանից պետք է փախչեմ, բայց իմ քաղաքական կենսագրության ընթացքում ապացուցել եմ, որ փախչող չեմ։ Ես ինձ վրա դրված պատասխանատվությունը կրելու եմ մինչև վերջ»,- հայտարարել է նա:

Այս համատեքստում հարկ ենք համարում հիշեցնել մի քանի փաստեր Նիկոլ Փաշինյանի ֆիզիկական փախուստներից, ինչպես նաև՝ պատասխանատվությունից խուսափելու դրվագներ:

Կարդացեք նաև

Փախուստ-1

Առաջին, 2008 թվականի մարտիմեկյան իրադարձություններից հետո, մարտի 2-ին Նիկոլ Փաշինյանը քաղաքական հետապնդումներից խուսափելու նպատակով անցավ ընդհատակ։ Ոստիկանությունը փնտրում էր նրան Հայաստանում ու Հայաստանից դուրս։

«Վիկիլիքսյան» գաղտնի փաստաթղթերի ուսումնասիրությունից «Ժողովուրդ»-ը պարզել էր, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը 2008-ին, երբ ներկայումս ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը գտնվել է ընդհատակում` իշխանությունների հետապնդումներից խուսափելու համար, նրան փնտրել է ԱՄՆ դեսպանատանը:

ՀՀ-ում 2008-ին ԱՄՆ գործերի նախկին ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնը Պետդեպարտամենտին ուղարկված փաստաթղթում տեղեկացրել է, որ 2008թ. մարտի 24-ին ԱԱԾ գնդապետներ Արմեն Ալոյանն ու Վահագն Վարդումյանը՝ ԱԱԾ պետի անունից, ցանկացել են ճշտել, թե արդյոք ԱՄՆ դեսպանատունը չի՞ թաքցնում Նիկոլ Փաշինյանին: Փենինգտոնը, բնականաբար, ԱԱԾ-ականներին պատասխանել է, որ իրենց հասած լուրերն իրականությանը չեն համապատասխանում, միևնույն ժամանակ հիշեցրել է, որ դեսպանատան շենքն ԱԱԾ-ի աշխատակիցներն են հսկում:

2017 թվականի ապրիլին այդ ժամանակ «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Քանաքեռ համայնքում քարոզարշավի ժամանակ կարևոր բացահայտում էր արել. Շամպայն գինիների գործարանի մոտակայքում գտնվող շենքերից մեկի բակում Փաշինյանը հայտարարել էր՝ 2008-2009 թվականին, երբ գտնվում էր ընդհատակում, չորս ամիս թաքնվել է հենց այդ շենքում։

«Այս շենքի բնակիչների համար ես կարևոր հայտարարություն ունեմ. 2009 թվականին ընդհատակում գտնվելու ընթացքում ես չորս ամիս ապրել եմ ձեր շենքում, և դուք չեք իմացել դրա մասին»,- շարունակել էր Նիկոլ Փաշինյանը։

Հավելենք, որ Նիկոլ Փաշինյանը ընդհատակում եղած ժամանակ 11 ամիս անցկացրել է Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի տանը, մնացած ամիսներին նա տեղից տեղ է տեղափոխվել, այդ թվում՝ իր խմբագիր գործընկերներից մեկի տանն է թաքնվել:

«Երկրի հակառակ կողմը» վերտառությամբ իր գրքում Փաշինյանը գրում է.

«Չնայած որպես իմ ճամփորդության պաշտոնական մեկնարկի օր նշեցի մարտի 3-ը, իրականում այն սկսվել է հենց մարտի 1-ի` լույս 2-ի գիշերը: Ես ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան հարակից տարածքը լքող վերջին խմբի մեջ էի: Մարտի 1-ի դեպքերի թատերաբեմը բոլոր կողմերից շրջափակված էր ոստիկանական, ԱԱԾ, բանակային և անհայտ ծագման այլ ուժերի կողմից, և ինչպես հասկանում եք, այդ տարածքը լքելը առանձնապես հեշտ չէր, մանավանդ որ ԱԱԾ մի քանի օպերատիվ խմբեր հենց սկզբից հետապնդում էին ինձ: Իսկ հետապնդումը կրնկակոխ էր, բառիս բուն իմաստով. պատկերացրեք, մի պահ ինձ և ԱԱԾ աշխատակցին իրարից բաժանում էր մետրուկեսից էլ պակաս մի տարածք: Հենց այդ պահին էլ ինձ համակեց զգացողությունը, թե իմ կյանքի առաջիկա ամիսները լի են լինելու հրաշքներով, որովհետև ԱԱԾ աշխատակիցը, որ, ինչպես նշեցի, ինձնից մետրուկես հեռավորության վրա էր, նայում էր ինձ ու չէր տեսնում: Քիչ էր մնում` ձեռքս տանեի գլխիս` ստուգելու համար, թե արդյո՞ք «անտեսանելի գլխարկ» չեմ կրում, բայց որևէ շարժում անելը այս վիճակում անպատեհ կլիներ, և ես շարունակեցի կանգնած մնալ` որպես հուշարձան: Բայց ի՞նչ թաքցնեմ, սիրտս բաբախում էր ոչ թե արձանի, այլ հենց նոր համաշխարհային ռեկորդ սահմանած արագավազորդի սրտի նման:

…Հետապնդումը սրանով, իհարկե, չավարտվեց և դեռ շարունակվելու էր, բայց ԱԱԾ-ական հայրենակիցներս նորից ինձ այդքան մոտ գտնվելու էին միայն մեկ անգամ. ի տարբերություն նախորդի, այս դեպքում մեր միջև անթափանցիկ պատնեշ կար, և ինձ կարող էին հայտնաբերել, եթե բացեին դուռը, ինչը տեղի չունեցավ, իսկ դա նշանակում էր, որ իմ անհավանական ճանապարհորդությունը դեռ շարունակվելու էր…»:

Գրքի վերջին հատվածներում Փաշինյանը խոսում է ոչ միայն իր փախուստների, այլև վախերի մասին:

Հիշեցնենք, որ 2008-ի հետընտրական իրադարձություններից հետո ընդդիմության ներկայացուցիչ Փաշինյանին զանգվածային անկարգություններ կազմակերպելու և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանք է առաջադրվել:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը երկրորդ մեղադրանքում նրան արդարացրել է, իսկ զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքում մեղավոր ճանաչել ու դատապարտել 7 տարվա ազատազրկման, հետագայում Փաշինյանի նկատմամբ համաներում է կիրառվել ու պատիժը կիսով չափ կրճատվել: Այսինքն, Նիկոլ Փաշինյանը ՀՀ Քրեական օրենսգրքի 225 հոդվածի առաջին մասով առաջադրված մեղադրանքում ճանաչվել էր անմեղ և արդարացվել:

Հետաքրքիրն այստեղ այն է, որ 2008թ. մարտի 2-ից ընդհատակ անցած Փաշինյանը վերադառնում է 2009թ. հուլիսի 1-ին, այն բանից հետո, երբ 2009թ. մարտի 18-ին ընդունվել էր ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններն ու լրացումները, այդ թվում՝ 225 հոդվածն էր փոփոխության ենթարկվել, որով մեղադրանք էր առաջադրվել Նիկոլ Փաշինյանին:

Փախուստ-2

Երկրորդ, 2020թ․ նոյեմբերի 9-ի կամ 10-ի Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ համաձայնագիրը Ադրբեջանը և Ռուսաստանը ստորագրել են տեսակոնֆերանսի միջոցով, Նիկոլ Փաշինյանը, սակայն, դա արել է կադրից դուրս: Ինչ է սա, եթե ոչ՝ փախուստ: Գրեթե 2 տարի տեղեկություններ էին շրջանառվում, որ Փաշինյանն այդ փաստաթուղթը ստորագրել է ՊՆ բունկերում, այլ տեղեկություններով՝ այդ ժամանակ նա եղել է օտար երկրի դիվանագիտական ներկայացուցչությունում:

2022թ. հոկտեմբերին ՔՊ համագումարի ժամանակ Փաշինյանն անդրադառնալով նոյեմբերի 9-ի հայտարարությանը՝ ասել էր.

«Մեր գործընկերներից շատերն այդ պահին ներկա են եղել իմ աշխատասենյակում, երբ ստորագրել եմ այդ թուղթը»:

Եթե նույնիսկ հավատանք, որ Փաշինյանը կապիտուլյացիայի փաստաթուղթը ստորագրել է աշխատասենյակում, միևնույն է՝ դա փախուստ է, որովհետև այն տեղի է ունեցել կադրից դուրս, իսկ պատերազմի ավարտից անմիջապես հետո ՊՆ նա գնացել է և մնացել որոշ ժամանակ: Նույնիսկ իր թիմակիցներն էին տարակուսած այդ օրերին նրա փախուստով: Այդ օրերին մենք տեղեկություն էինք հրապարակել, որ նրա թաքուն տեղաշարժը դեպի բունկեր ապահովվել է ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի անձնական ավտոմեքենայով:

Հիշեցնենք նաև, որ Փաշինյանը բազմաթիվ փախուստներ է ունեցել նաև ժողովրդից, օրինակ՝ 2020թ. Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարի դուրս եկած քաղաքացիներից, 2021թ. Սյունիքի մարզից՝ Գորիսից, Ագարակից, Քաջարանից, Կառավարության շենքի աշխատակազմից կամ կառավարական ամառանոցից բազմիցս փախուստի է դիմել տասնյակ անվտանգության աշխատակիցներով և դիպուկահարներով, երբ բողոքի տարբեր ակցիաների մասնակիցները նրան պահանջներ էին ներկայացնում…

Փախուստ-3

Երրորդ, մի՞թե փախուստ չէ, երբ լինելով գերագույն հրամանատար, պատերազմում պարտության ամբողջ մեղքը բանակի և զինվորականների վրա է բարդում, իսկ պատերազմը վարում է պետությունը, իսկ բանակը կռիվ է տալիս: Եթե մի պահ ընդունենք, որ Նիկոլ Փաշինյանը պատերազմում պարտության միայն թիվ մեկ պատասխանատուն է, բայց ոչ թիվ մեկ մեղավորը, ապա ինչո՞ւ գոնե որպես թիվ մեկ պատասխանատու՝ չի կրել և չի կրում պատասխանատվություն: Փախչող չէ՞… ինչպես փաստերով ներկայացրեցինք՝ որ ուզում է, հանուն սեփական անվտանգության՝ լավ էլ փախչող է, էլ չասենք, թե իր խոսքից քանի անգամ է «թռել»… Գիտե՞ք՝ հիմա ինչու չի փախչում, որովհետև իրեն իշխանության բերած աշխարհաքաղաքական կենտրոնների հետ կնքած գործարքը պետք է ավարտին հասցնի, հակառակ դեպքում նա լրջագույն անվտանգության խնդիր կունենա, և նրան որևէ երկիր ապաստան չի տա. նա իր անվտանգության համար է վախենում, հենց զգաց, որ փախուստը կփրկի, վստահաբար կրկին կփախչի… 

Տեսանյութեր

Լրահոս