ՊԲ կազմաքանդման հիմքը դրել է Արայիկ Հարությունյան-Նիկոլ Փաշինյան զույգը. Արցախի անվտանգությունը պատերազմից առաջ և հետո
Հունիսի 29-ին Արցախի ԱԺ-ում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը պատգամավորներին հայտնել է, որ Ադրբեջանը պայման է դրել՝ երկխոսության սեղանին նստելու համար առաջին կետը ՊԲ-ի լուծարումն է:
Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում քաղաքագետ, վերլուծաբան Ֆարհադ Մամեդովը նշել է, որ Ադրբեջանը մտադիր է հասնել «Ղարաբաղում ապրող հայերի ամբողջական զինաթափմանը»:
Ըստ նրա, ապառազմականացում լինելու է, և ՀՀ իշխանություններից է կախված՝ դա կլինի կառուցողակա՞ն ճանապարհով, թե՞ ոչ: Այսինքն, ադրբեջանցի քաղաքագետի պնդմամբ՝ «հայկական զինված ուժերը պետք է դուրս գան Ղարաբաղից»: Քաղաքագետը միաժամանակ հավելում է, որ արցախցիների զինաթափումը Ադրբեջանի ներքին գործն է: Այսինքն, Ադրբեջանը փորձում է վերջնականապես շրջել Արցախի ինքնորոշման իրավունքի և անկախ կարգավիճակի համար դիմադրության էջը: Ավելին, Ադրբեջանը պահանջում է, որ ՀՀ-ն դադարեցնի պետական բյուջեից Արցախի ֆինանսավորումը: Ընդ որում, ադրբեջանցի քաղաքագետը նոր էջը սկսելու համար նաև ժամկետ է նշում՝ օգոստոս:
Իրականում Ադրբեջանի ապառազմականացման և ՊԲ լուծարման պահանջը նորություն չէ: Եվ այն, որ ՀՀ-ն և Արցախը բախվելու են այս խնդրին, 44-օրյա պատերազմից հետո բազմիցս զգուշացրել է ընդդիմությունը, ռազմական փորձագետները, վերլուծաբանները:
Ավելին, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 4-րդ կետում հստակ նշված է ՝«Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ»:
Այսինքն, Արայիկ Հարությունյանը նախ պիտի պատասխանի՝ ինչու է համաձայնել եռակողմ հայտարարության մեջ նման ձևակերպմանը, եթե, իհարկե, Փաշինյանն իր հետ հաշվի է նստել, բացի բանավոր համաձայնություն կորզելուց՝ կապիտուլյացիայի մասին փաստաթղթով կանգնեցնել պատերազմը:
Ադրբեջանն այսօր օգտվում է նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարության մեջ Փաշինյանի համաձայնությամբ տեղ գտած հակահայ ձևակերպումներից, որին զուգահեռ՝ ոչինչ չկա նշված Արցախի ինքնապաշտպանության իրավունքի մասին, առնվազն նախքան կարգավիճակի վերաբերյալ հստակ որոշումը, որի մասին հայտարարությունում որևէ տող չկա:
ՀՀ իշխանությունները ոչ միայն միջազգային հանրությանն ընկալելի չեն դարձրել Արցախի ինքնապաշտպանության իրավունքը, այլև լռում են, որ թուրքական զինվորականությունը, այսպես ասած, ընդգրկված է Ադրբեջանի զինված ուժերում, որ գործ ունենք մի փաստի հետ, որ թուրք գեներալը, որը 44-օրյա պատերազմի ժամանակ ղեկավարում էր Ադրբեջանի ԳՇ-ն, Ադրբեջանի ՊՆ խորհրդական է նշանակվում, որ Աղդամում ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնը բոլորովին այլ նպատակի է ծառայում: Բայց Ադրբեջանի դեպքում դա դիտարկվում է պաշտպանական բարեփոխումների տրամաբանության մեջ, իսկ Արցախի դեպքում, որտեղ ՀՀ-ից ոչ մի զինվոր չի զորակոչվում, չկան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներ, ադրրբեջանական կողմը շարունակում է պնդել հակառակը, որովհետև Ադրբեջանի շահերից գործող Փաշինյանը միտումնավոր կամ դիվանագիտական ճկունությանը չտիրապետելու արդյունքում համաձայնել է «հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ» ձևակերպման հետ, որն ամրագրված է եռակողմ հայտարարության մեջ: Արդյո՞ք փաստաթուղթը ստորագրելուց առաջ Նիկոլ Փաշինյանը խորհրդակցել է ռազմական ղեկավարության և դիվանագիտական կորպուսի հետ: Բաց աղբյուրներում այս հանգամանքի մասին որևէ տեղեկություն չկա:
Մյուս կողմից, այս վտանգավոր քաղաքականության հիմքը ՀՀ-ի և Արցախի իշխանությունների թեթև ձեռքով դրվեց 44-օրյա պատերազմից մոտ 20 օր առաջ, երբ Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ «նախկինում շատ ավելի խոսում էինք ինքնորոշման իրավունքի ճանաչման, հետո՝ անվտանգության մասին, հիմա, ոչ, գլխավորն անվտանգությունն է, եթե անվտանգության մի փոքր թուլացում լինի, դա նշանակելու է Արցախի վերջը, մենք գիտենք՝ ով է մեր թշնամին»:
168.am–ն այդ ժամանակ գրել էր ԼՂ կարգավիճակի երկրորդացման ճանապարհով անվտանգության ապահովման թեզի առաջքաշման վտանգների մասին:
«Առաջին հայացքից ականջ շոյող և համարձակ թվացող անվտանգության թեզի շրջանառումը՝ առանց կարգավիճակի առաջնային կարևորության, հղի է վտանգներով, օրինակ, միջազգային հանրությունը կամ ԼՂ հարցով զբաղվողները շատ հանգիստ կարող են առաջ տանել խաղաղապահ ուժերի տեղակայման հարցը՝ վստահեցնելով, որ անվտանգությունն անհրաժեշտ մակարդակով պաշտպանված կլինի: Կամ կարող է, օրինակ, գտնեն, որ միայն Ստեփանակերտից, Ասկերանից հնարավոր կլինի Արցախի անվտանգությունն ապահովել: Այսինքն՝ անվտանգության ապահովման անվան տակ ամեն ինչ կարող են առաջարկել, պարտադրել»,- զգուշացրել էինք մենք:
Սրանից հետո 2020-ի սեպտեմբերի 7-ին 168.am-ի հետ զրույցում Արցախի նախագահն ի պատասխան մեր մտավախություններին և զգուշացումներին, մասնավորապես, շեշտել էր.
«Ինչ վերաբերում է, թե որն է Արցախի համար առաջնային՝ ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչո՞ւմը, թե՞ անվտանգությունը, ապա դա արհեստականորեն ձևավորված երկընտրանք է, քանի որ մեկը գլխավորապես միջոց է, մյուսը՝ նպատակ: Այսինքն, ինքնորոշման իրավունքի իրացման փաստի ու անկախության միջազգային ճանաչումը ինքնանպատակ չեն, դրանք պետք է ծառայեն Արցախի բնակչության երաշխավորված տևական անվտանգությանն ու արժանապատիվ կյանքին սեփական հայրենիքում:
Այդ արհեստական երկընտրանքի կողմնակիցները պետք է հետևյալ մտավարժանքով համոզվեն անվտանգության առաջնահերթության հարցում. եթե տեսականորեն ընտրելու լինեն երկու տարբերակի միջև՝ ա) զրո միջազգային ճանաչում փաստացի անկախության ու կայուն անվտանգության պայմաններում (օրինակ՝ Արցախի ներկա վիճակը), և բ) լրիվ միջազգային ճանաչում խիստ խոցելի ու անկայուն անվտանգային միջավայրով (օրինակ՝ մերօրյա Սիրիան կամ Ուկրաինան), ապա արդյո՞ք չէին ընտրի «Ա» տարբերակը:
Քանի որ մենք կարծում ենք, որ մեր անվտանգային միջավայրը կարող է բարելավվել, եթե սեփական անվտանգային երաշխիքներին ավելանան միջազգային ճանաչմամբ պայմանավորված երաշխիքները, գլխավորապես այդ պատճառով, այո, մեզ համար կարևոր է միջազգային ճանաչումը, սակայն ոչ երբեք՝ մեր սեփական անվտանգային երաշխիքների հաշվին:
Իսկ եթե առաջարկվում է մեր անվտանգության սեփական երաշխիքները փոխարինել միջազգային ճանաչումից բխող անորոշ երաշխիքներով, և Ադրբեջանն էլ անընդհատ անվտանգային իրական սպառնալիքներ է ներկայացնում՝ առանց միջազգային պատշաճ հակազդման, արդյո՞ք պարտավոր չենք ընդգծել մեր անվտանգության ապահովման առաջնահերթությունը բոլոր մնացած պայմանների հանդեպ»:
Իրականում Արայիկ Հարությունյանն ինքն է հակադրել Արցախի ինքնորոշումը և անվտանգությունը: Մինչդեռ միջազգային բոլոր սկզբունքներով երկրի՝ Արցախի ինքնորոշման իրավունքն առաջնահերթ է, այդպես է եղել միշտ. որը հնարավորություն է տվել և կտա ապահովելու երկրի անվտանգությունը՝ սեփական ինքնապաշտպանական ուժերի առկայության դեպքում: Այս պարզ ճշմարտությունը չգիտակցելը հանգեցրեց նրան, որ այսօր ունենք այն, ինչն Արցախի նախագահն իր նախապատերազմյան հարցազրույցում բացառում էր և վստահեցնում, որ իր կարծիքով նախընտրելի է «զրո միջազգային ճանաչում փաստացի անկախության ու կայուն անվտանգության պայմաններում»: Ի՞նչ ունենք այսօր՝ զրո միջազգային ճանաչում և ոչ կայուն անվտանգային պայմաններ:
Արայիկ Հարությունյանի՝ Արցախի առաջնահերթությունների այս նախապատերազմյան վերաձևումը կամ փոխատեղումը Փաշինյանի մյունխենյան «միկրոհեղափոխության» տրամաբանության մեջ էր:
Հիշեցնենք, որ 2020թ. փետրվարի 15-ին Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում մասնակցել էին «Թարմացում Լեռնային Ղարաբաղի հարցով» խորագրով քննարկմանը, որից առաջ տեղի էր ունեցել երկու ղեկավարների հանդիպումը https://www.youtube.com/watch?v=jBh7LbjOHjs ։
«Հնարավոր չէ 30 տարի տևած հակամարտությունը լուծել մեկ կամ երկու քայլով, և ես մտածեցի, որ այս խնդիրը լուծելու համար մեզ անհրաժեշտ է ունենալ հեղափոխություններ: Եվ ես սկսեցի գործընթացը միկրոհեղափոխությունների»,- քննարկմանը հայտարարել էր Փաշինյանը՝ խոստանալով հաջորդ անգամ խոսել միկրոհեղափոխությունների նշանակությունից ղարաբաղյան գործընթացում, որն ինքը նախաձեռնել է:
Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանն այս քննարկման տրամաբանության մեջ Ֆեյսբուքում ներկայացրել էր հինգ կետ:
1. Լեռնային Ղարաբաղը անկախություն է ստացել այնպես, ինչպես Ադրբեջանը:
2. Լեռնային Ղարաբաղը կոնֆլիկտի և բանակցային կողմ է, առանց որի հետ բանակցելու՝ հնարավոր չէ լուծել կոնֆլիկտը:
3. Չկան տարածքներ, կա անվտանգություն. Լեռնային Ղարաբաղը չի կարող զիջել իր անվտանգությունը:
4. Հնարավոր չէ կոնֆլիկտը լուծել մեկ կամ երկու գործողությամբ. բանակցային գործընթացում անհրաժեշտ են «միկրո հեղափոխություններ», ապա՝ «մինի հեղափոխություններ», ապա՝ ճեղքում:
5. Հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ղարաբաղի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար, և Հայաստանն ու Ղարաբաղը պատրաստ են լրջագույն ջանքեր գործադրել նման լուծում գտնելու համար: Այսպիսի պատրաստակամություն պիտի ցուցաբերի նաև Ադրբեջանը:
Սա, ըստ էության, Նիկոլ Փաշինյանի՝ բանակցային գործընթացում հեղափոխական բանաձևն էր, որով և առաջնորդվեց, և որի հետ հաշվի նստեց Արցախի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ երկրորդելով Արցախի կարգավիճակի հարցն անվտանգության ապահովմանը, մինչդեռ Արցախի հստակ կարգավիճակն է, որ Արցախի անվտանգությունն էր ապահովելու, այդ թվում՝ իրավական և միջազգային հարթակներում: Այսինքն, Արցախն անվտանգության երաշխավոր չուներ արդեն Մյունխենում: Այսինքն՝ տարածքներն էլ երկրորդ կարևոր գործոնն է անվտանգության ապահովման համար: Այստեղ, թերևս, հարկ է հիշել Աղդամի հետ կապված ՀՀ 3-րդ նախագահի մի ձևակերպում.
«Չեմ կարող տուրք տալ հասարակության մեջ տարածվող այն կարծիքներին, որ մենք Աղդամն ազատագրել ենք: Պետք չէ դիմացինին անլուրջ մարդու տեղ դնել: Այո, եղել են տարածքներ, որոնք մենք գրավել ենք: Եվ դրանից մենք երբեք չպետք է ամաչենք: Այդ տարածքները գրավել ենք, որպեսզի ապահովենք մեր հայրենիքի անվտանգությունը»: Այն, որ տարածքների առկայությունն ուղիղ կապ ունի անվտանգության հետ, բերեմ մեկ այլ օրինակ:
2015-ին tert.am-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ասել էր. «Իսկ ո՞վ է ասում, որ 1994թ. ստեղծված անվտանգության գոտին Ադրբեջանի ներկայիս սպառազինվածության պայմաններում բավարար է իր դերը կատարելու համար: Իսկ ո՞վ է ասում, որ ԼՂՀ–ի շուրջը ձևավորված անվտանգության գոտին մեզ համար բավարար է: Ո՞ւմ գնահատականն է։ Մեր գնահատականով՝ Ադրբեջանի այսօրվա սպառազինվածության պայմաններում այն արդեն իսկ բավարար չէ»:
Այն ժամանակ հասարակությունը և լրագրողական, փորձագիտական շրջանակները սա համարեցին բավականին համարձակ հայտարարություն, ինչպիսին ղեկավարությունից դեռ չէին լսել:
Իսկ թե ինչ նպատակ էր հետապնդում 2019-ի մարտին ԱՄՆ-ում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությունը, թե «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձևաչափը պետք է վերաձևակերպել «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» ձևաչափով, սրան մանրամասն ավելի վաղ անդրադարձել ենք:
Այսինքն, հնարավոր չէ ապահովել երկրի անվտանգությունը կամ դրա մասին բարձրաձայնելը, երբ հետին պլանում է ինքնորոշման իրավունքը, և երբ չկան տարածքներ: Այս երկու գործոնն է ապահովում երկրի անվտանգությունը, հակառակը հանգեցնում է նրան, ինչի ականատեսն ենք այսօր, երբ գերտերությունները խոստանում են Ադրբեջանի կազմում Արցախի ժողովրդի անվտանգության ապահովում, որը բացարձակ իրատեսական չէ:
Վերադառնանք Արցախին ՀՀ ռազմական օգնության խնդրին և դրա ընկալելի լինելուն միջազգային հանրության համար:
2016-ի ապրիլյան պատերազմի օրերին՝ 2016-ի ապրիլի 3-ին, ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպանությունների ռազմական կցորդների հետ հանդիպման ժամանակ Դավիթ Տոնոյանը հստակ հայտարարել էր. «Հայկական կողմը պատրաստ է ցանկացած զարգացման, անհրաժեշտության դեպքում՝ ընդհուպ մինչև ուղղակի ռազմական աջակցության ԼՂՀ պաշտպանության»:
Իսկ այն, ինչ այսօր տեսնում ենք ՀՀ-ի և Արցախի իշխանությունների կողմից, ոչ այլ ինչ է, քան պատասխանատվությունից խուսափում, ավելին, Արայիկ Հարությունյան-Նիկոլ Փաշինյան զույգն այսօր շարունակում է ներդաշնակ համագործակցել՝ ինչ-ինչ հանգամանքներից և ոչ պետական շահերից ելնելով, դրան զուգահեռ՝ նամակ են գրում «Ռուսաց թագավորին», որը կոնկրետ Արայիկ Հարությունյանի մոտ արդեն բնավորության գիծ է դարձել: Այո, ռուսական կողմն ունի իր պատասխանատվության չափը, բայց Արայիկ Հարությունյանը պետք է առաջին հերթին իրեն և Նիկոլ Փաշինյանին մեղադրի ՊԲ-ի կազմաքանդման և Արցախի ժողովրդին ինքնապաշտպանվելու իրավունքից և հնարավորությունից զրկելու համար: