Աշոտ Փաշինյանը, պատերազմի ժամանակ նրա հրամանատարը, Ալփաշա բարձունքից նահանջն ու Տիրան Խաչատրյանի գործը

2025 թվականի հունվարի 5-ին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որտեղ մանրամասնել էր ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին առաջադրված 2020 թվականի 44-օրյա պատերազմին առնչվող մեղադրանքին (18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով` անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ:

«ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի որոշմամբ հայտարարված ռազմական դրության ընթացքում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի մարտական կարգադրության համաձայն՝ նշանակված լինելով որպես Զորքերի հարավային խմբավորման հրամանատար՝ 2020 թվականի հոկտեմբերի 7-17-ն ընկած ժամանակահատվածում, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք, այն է՝ չի ստեղծել հարավային խմբավորման կառավարման կետ՝ իր բոլոր տարրերով, մարտական գործողությունների վարման ընթացքում լիարժեք չի կատարել կառավարմանը բնորոշ մի շարք միջոցառումներ, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։

Մասնավորապես, վերջինիս գործողությունները հանգեցրել են ԶՈւ բանակային բնագծի պաշտպանության ձախողմանը, խարխլել զորքերի կառավարման համակարգը, խափանվել է առաջադրված մարտական խնդրի կատարումը, արդյունքում հակառակորդն օգտվել է ստեղծված իրավիճակից և անխոչընդոտ տիրացել ռազմավարական բարձունքի, ճեղքել է առկա բնագիծը, մեկ այլ դեպքում շրջանցել է յուրային ստորաբաժանումներին և զարգացնելով գրոհը՝ տիրապետության տակ է վերցրել խմբավորման պաշտպանությանը հանձնված տարածքները»,- նշվում է ՔԿ հաղորդագրության մեջ:

Իսկ փետրվարի 18-ին արդեն Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ Գորիսում, տեղի էր ունեցել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի՝ 44-օրյա պատերազմին առնչվող քրեական գործով դատական առաջին նիստը՝ դռնբաց, ինչին 168.am-ը մանրամասն անդրադարձել էր։ Այսօր կանդրադառնանք այդ գործի կարևոր հանգամանքներից մեկին: Եվ այսպես:

Կարդացեք նաև

Փետրվարի 18-ին կայացած առաջին դատական նիստի ժամանակ մեղադրող դատախազը նախ ներկայացրել է, որ ռազմական դրության պայմաններում ստեղծվել է Զորքերի հարավային խմբավորում (ղեկավար Տիրան Խաչատրյան), որի մեջ մտել են «Բուդաղյան», «Փիլոյան», «Կենտրոն» խմբավորումները՝ ՀՀ ԶՈՒ 4-րդ, 5-րդ, 1-ին բանակային կորպուսների հենքի վրա:

Մեղադրող կողմը հայտնել է, որ հոկտեմբերի 7-10-ն ընկած ժամանակահատվածում Ալփաշա բարձունքում պահպանության է անցել N ուժերը կամ խումբը, բայց, ըստ դատախազի, հաշվի առնելով բարձունքի կարևորությունը և բնագծի 4-5 կմ երկարությունը, և այն գործնականում փոքրաթիվ ուժերով պաշտպանելու անհնարինությունը, Տիրան Խաչատրյանը հոկտեմբերի 10-ին որոշում է կայացրել վերը նշված ուժերը փոխարինել նոր կազմավորված N հրաձգային բրիգադի ուժերով, և նույն օրն Ալփաշա բարձունքում պաշտպանությանն են անցել տվյալ բրիգադի ուժերը՝ մի քանի տասնյակ զինծառայող:

«2020-ի հոկտեմբերի 11-ին հակառակորդի կողմից սկսված ակտիվ հրետակոծության պայմաններում, երբ տեղի են ունեցել մարդկային կորուստներ, տեղի անձնակազմը չի կարողացել կասեցնել հակառակորդի հրթիռահրետանային հարվածները, որի արդյունքում անձնակազմի մի մասը նահանջել է Ալփաշա բարձունքում զբաղեցրած դիրքից: Ստեղծված իրադրությունում նշված հրաձգային բրիգադի հրամանատար Արտյոմ Ամբատյանը Տիրան Խաչատրյանին զեկուցել է բնագծերի հետագա պաշտպանության անհնարինության մասին, և նրանից ստանալով բարձունքից դուրս գալու թույլտվություն, հոկտեմբերի 11-ի լույս 12-ի գիշերը ժամը 2։00-ի սահմաններում մնացած անձնակազմի հետ դուրս է եկել»,- փետրվարի 18-ին կայացած դատական նիստի ժամանակ մանրամասնել էր մեղադրող կողմը՝ նշելով, որ Ալփաշայի բարձունքը մնացել է անպաշտպան և առաջացել է շուրջ 4 կմ խզվածք:

Քանի որ խոսքն, ըստ էության, պատերազմի ժամանակ Աշոտ Փաշինյանի հրամանատարի մասին է, մի քանի կարևոր փաստ հիշեցնենք:

Բայց նախ նշենք, որ 2023 թվականի հունիսին 168.am-ը՝ «Ո՞վ է եղել պատերազմի ժամանակ Աշոտ Փաշինյանի հրամանատարը, որտե՞ղ է եղել, ե՞րբ է վերադարձել» վերտառությամբ հոդվածում գրել էր, որ 44-օրյայի ժամանակ  Աշոտ Փաշինյանը կամավոր ներկայացել է ՊՆ Զ և ԶՀԾ Երևանի թիվ 4 տարածքային ստորաբաժանում (զինկոմիսարիատ) ու «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն զորակոչվել զորահավաքային զինվորական ծառայության՝ նշանակվելով ռազմական դրության ժամանակ ձևավորված N զորամասի (հրամանատար՝ գնդապետ Ա. Սմբատյան) 1-ին հգմ-ի 1-ին վաշտի 1-ին դասակում՝ ջոկի հրամանատարի պաշտոնում:

ՀՀ պաշտպանության նախարարությունից մեզ հայտնել էին, որ «նշված զորամասն իր ողջ կազմով մասնակցել է մարտական գործողություններին՝ Ջրականի և Կուբաթլուի ուղղություններում», իսկ 2020թ. նոյեմբերի 9-ից հետո ընդգրկված է եղել մարտական հերթապահության Ներքին Խնձորեսկի տարածքում:

Պաշտպանական գերատեսչությունից ասել էին նաև, Աշոտ Փաշինյանը 2020թ. սեպտեմբերի 27-ից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողների և այլ անձանց անվանացուցակներով չի անցնում:

Ի դեպ,  2020թ. 44-օրյա ռազմական գործողությունների մասնակցության ընթացքում տվյալ զորամասի զինծառայողներից զոհվել է 21 անձ:

Ավելի ուշ 168.am-ը մեկ այլ գրավոր հարցման միջոցով փորձել էր պարզել՝  երբվանի՞ց կամ ո՞ր օրվանից է Աշոտ Փաշինյանը եղել Ջրականում, որքա՞ն է մնացել այնտեղ և մասնակցել մարտական գործողություններին, ե՞րբ է այնտեղից դուրս եկել:

Հետաքրքրվել էինք նաև, թե ե՞րբ է նա եղել Կուբաթլուի՝ Որոտանի ուղղությունում, որքա՞ն ժամանակ է մնացել այնտեղ: ՀՀ պաշտպանության նախարարությունն այս հարցադրումներին ի պատասխան՝ տեղեկություններ չէր հայտնել: Սակայն ՊՆ-ն տեղեկացրել էր. «Աշոտ Փաշինյանը կամավոր ներկայացել է ՊՆ Զ և ԶՀԾ Երևանի թիվ 4 տարածքային ստորաբաժանում (զինկոմիսարիատ) 2020 թվականի հոկտեմբերի 7-ին»:

Հիշեցնենք, որ 2020-ի հոկտեմբերի 5-ին Նիկոլ Փաշինյանը դիմել էր վերջին մեկ տարում զորացրվածներին և խնդրել ներկայանալ Կենտրոնական հավաքակայան, չնայած որ, ըստ նրա, «մեր օրենսդրությամբ վերջին մեկ տարվա ընթացքում ծառայությունն ավարտածները, այսինքն՝ նրանք, ովքեր վերջին մեկ տարում են զորացրվել, ենթակա չեն զորակոչի»:

2020 թվականի հուլիսին զորացրված Աշոտ Փաշինյանն էլ անմիջապես հետևել էր հոր կոչին և նույն օրը՝ հոկտեմբերի 5-ին, հավաքակայանից լուսանկար հրապարակել։

Ավելին, հոկտեմբերի 7-ին Աննա Հակոբյանը «Երեք փխրուն աղջիկները» վերտառությամբ լուսանկար էր հրապարակել՝ թվագրված և նշված 5.10.2020թ., Ստեփանակերտորտեղ երևում է նաև Աշոտ Փաշինյանը:

Իսկ 2020-ի հոկտեմբերի 8-ին տարածվել էր «Զինուժի» ռեպորտաժը Աշոտ Փաշինյանի՝ կամավոր պատերազմ մեկնելու մասին:

Ըստ էության, «Զինուժի» տեսանյութն ավելի վաղ էր պատրաստվել, պարզապես այդ օրը շրջանառեցին այն:

Իսկ 2020-ի հոկտեմբերի 12-ին համացանցը և մեդիադաշտը բուռն քննարկել էր իմքայլական նախկին պատգամավոր Վարազդատ Կարապետյանի գրառումը, թե իբր կամավորական բժշկից նամակ է ստացել, որում ասվում էր.

«Ես հիմա Գորիսի հիվանդանոցում եմ, Ջաբրայիլից զինվոր են բերել ազդրի հրազենային կոտրվածքով: Ասի հերոս ջան, ասեց հերոսը Փաշինյանի տղեն ա, Գրադը խփեց, սաղ փախան, մի քանի հոգի մնացին ու Աշոտը»:

Նույնատիպ տեքստով գրառումներ ֆեյսբուքյան իրենց էջերին անմիջապես տեղադրեցին նաև իմքայլական այլ պատգամավորներ, օրինակ, ԲՏԱ նախկին նախարար Հակոբ Արշակյանը:

Հավելենք, որ և՛ «Զինուժի» ռեպորտաժում, և՛ Աշոտ Փաշինյանի պատերազմական հրապարակված լուսանկարներում երևում է փոխգնդապետ Աշոտ Չոբանյանը, ով զոհվել է 44-օրյա պատերազում՝ 2020 թվականի հոկտեմբերի 13-ին:

Մամուլում շրջանառվել է հոկտեմբերի 14, 15, սակայն ընտանիքը հայտնել էր, որ հրամանատար Աշոտ Չոբանյանի զոհվելու օրը հոկտեմբերի 13-ն է: Ենթադրելի է, որ նա ռազմական դրության ժամանակ ձևավորված N զորամասի շրջանակում, այսպես ասած, որևէ դիրք է զբաղեցրել:

Վերադառնանք Տիրան Խաչատրյանի՝ փետրվարի 18-ի դատական նիստին և դրա բովանդակությանը:

Գեներալի պաշտպաններից Արմեն Անդրիկյանը նշել էր, որ 2020-ի հոկտեմբերի 11 լույս 12-ին, երբ ադրբեջանական զորքերը բարձունք են գրավում, հետագայում մեկ օր Տիրան Խաչատրյանը հնարավորություն ուներ այլ ուժերի կիրառման պայմաններում կոնկրետ ստորաբաժանմանը հանձնարարություն տալու, սակայն նշվում է, որ Տիրան Խաչատրյանը համապատասխան միջոցներ չի ձեռնարկել, ստորաբաժանմանը չի խնդրավորել, որ մեկ օրվա բացը լրացնելու պայմաններում մեր յուրային ուժերը նորից ամրապնդվեն այդ դիրքում:

Ըստ պաշտպանի, այս մեղադրանքն իրականությանը չի համապատասխանում, որովհետև Տիրան Խաչատրյանը միջոցներ ձեռնարկել է, որ մեղադրանքում նշված զորախումբը հայտնվի այդ վայրում, որտեղ ադրբեջանական զորքերը դեռ չէին ամրացել, սակայն դրա հնարավորությունը չի ունեցել, որովհետև փորձ է կատարվել կապ հաստատելու ստորաբաժանման ղեկավարի և շտաբի պետի հետ, չի հաջողվել, և միայն հաջորդ օրը կապի միջոցով տեղեկացվել է, որ այդ ստորաբաժանման ղեկավարն ու շտաբի պետը զոհվել են։

168.amգրել էր, որ խոսքը հատուկ նշանակության ուժերի մասին է:

Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային հերոս, գնդապետ Վահագն Ասատրյանը զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 12-ին, փոխգնդապետ, հետախույզ Վահագն Թումասյանը ևս այդ օրն է զոհվել:

Իսկ վերևում նշված 2020-ի հոկտեմբերի 11-ի լույս 12-ի գիշերն Ալփաշա բարձունքից նահանջին և հրամանատար Արմեն Սմբատյանի զեկույցին, նշենք, որ 44-օրյայից հետո Աշոտ Փաշինյանը՝ freenews.am-ին տված հարցազրույցում նահանջի մասին ակնարկ էր արել։

«Մահը պատերազմի բոլոր պարագաներում կա, մնացած ամեն ինչը բոլոր պարագաներում կա, բայց միակ բանը, որը ոչ միշտ է լինում, դա հայրենիքի կորուստն է՝ կամ կկորցնես, կամ՝ չէ: Ամեն մի նահանջը քո համար մի նոր հարված է, որը կարող էր ուրիշ ձև լինել»,- ասել էր Փաշինյանի տղան՝ Աշոտ Փաշինյանը:

Կարո՞ղ ենք ենթադրել, որ Աշոտ Փաշինյանը հենց Ալփաշա բարձունքից նահանջի մասին էր ակնարկել…

Հավելենք, որ պատերազմից հետո մի քանի անգամ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իր որդին եղել է առաջնագծում, որտեղ ամենամեծ թվով զոհերն են եղել:

«Իմ որդու հետ կողք կողքի, իրար մարմիններով կպած մարդ է եղել, զոհվել է: Որևէ մեկը չէր կարող որոշել, որ պետք է զոհվողը լինի ինքը, ոչ թե …: Այդ մարդու անուն-ազգանունը կա, դա ստուգելի փաստ է:  Նույն խրամաբջիջի մեջ, ականանետի պայթյունից, կողք կողքի իրար կպած են եղել, այդ տղան զոհվել է, իմ որդին՝ ոչ: Ո՞վ է որոշել դա»,- 2021 թվականի մայիսի 3-ին ԱԺ-ում հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը:

Նախախնամության հարց է, թերևս, որ Աշոտ Փաշինյանը նման պայմաններում նույնիսկ վիրավորում չի ստացել, ինչի համար ուրախ ենք: Բայց այն, որ 44-օրյա պատերազմին իր կամավոր մասնակցության մասին Աշոտ Փաշինյանը հարցերի պիտի պատասխանի, դա անվիճելի է։ Օրինակ, նա պետք է պատասխանի հարցին՝ արդյո՞ք պատերազմի մասնակցելով հրամանատար Արմեն Սմբատյանի ղեկավարած ստորաբաժանման կազմում՝ եղել է Ալփաշա բարձունքից նահանջողների թվում:

Տեսանյութեր

Լրահոս