Ադրբեջանցիներն արդեն այնքան են «հաբռգել», որ եկել՝ Հայաստանում տեղերն են ցույց տալիս՝ ուր պիտի գան… երկիրը վերածվել է «պրոխոդնոյ դվոռ»-ի. Դանիելյան

Քաղաքացիներին մտահոգող հիմնական խնդիրները Հայաստանի անվտանգության խնդիրներն են, նաև վերջին տարիներին շատ են սրվել սոցիալ-տնտեսական խնդիրները։ Այս մասին 168 TV«Ռեվյու» հաղորդաշարի եթերում հայտնեց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ պատմելով «Հայաստան» խմբակցության մարզային հանդիպումների մասին։

Պատգամավորի խոսքով՝ օրվա իշխանությունները ձախողել են իրենց խոստումները մարդկանց սոցիալական բարեկեցության ապահովման, տնտեսվարողների պայմանների բարելավման, գյուղատնտեսության զարգացման վերաբերյալ, և բնակչության շրջանում օբյեկտիվ դժգոհություն է առաջացել այդ խնդիրների առնչությամբ։ Ավելին՝ այնպիսի պայմաններ են ստեղծում, որ քաղաքացին այլևս ի վիճակի չի լինում գործունեություն ծավալել՝ այդ բեռի տակ կքած։ Դա վերաբերում է, մասնավորապես, բանկային բարձր տոկոսադրույքներին, գյուղատնտեսության չզարգանալուն, անասնագլխաքանակի կտրուկ նվազմանը, ՓՄՁ-ների հարկերի ավելացմանը, գույքահարկի, կոմունալ վճարների բարձրացմանը, առաջին անհրաժեշտության տարբեր ապրանքատեսակների թանկացմանը, և այսպես շարունակ։

Գառնիկ Դանիելյանը շեշտում է՝ նաև անվտանգային լրջագույն խնդիրներ են առաջացել սահմանամերձ և սահմանապահ համայնքներում։ Նա հիշեցնում է Փաշինյանի թիմի բազմաթիվ խոստումներ ներդրումային մեծ հոսքի, հայկական հեռուստացույց, «Սեպուհ» ավտոմեքենաների, սառնարանի արտադրության մասին, որոնցից որևէ մեկն իրականություն չդարձավ։

Կարդացեք նաև

«Մեր քաղաքացիները դարձել են տուգանքի մատերիալ, բառի բուն իմաստով՝ տուգանքի, կեղեքման օբյեկտ են դարձել մեր հայրենակիցները։ Էն որ ասում էր՝ խաղաղության խաչմերուկ, տնտեսություն և այլն, ես ուզում եմ նաև հիշեցնել հայ-վրացական սահմանին, Լարսում տիրող իրավիճակի մասին։ Մեր տնտեսվարողներն անպաշտպան վիճակի մեջ են»,- հայտարարեց Գառնիկ Դանիելյանը։

Այս համատեքստում պատգամավորն անդրադառնում է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հայտարարություններին. «Եվ այսօր Գևորգ Պապոյանը կանգնում-ասում է. «Մենք չլինենք՝ խաղաղություն չի լինելու, արհեստական բանականություն չի լինելու», չգիտեմ՝ ինչ չի լինելու, ծնելիություն չի լինելու։ Ինչ ասես՝ իրենց վերագրում են, թե «մենք չլինենք՝ Հայաստանը՝ վերջ, էլ գոյություն չի ունենալո՞ւ»։ Էդ նախարարը, որը էկոնոմիկայի նախարար ա կոչվում, օրեր շարունակ Վրաստանի սահմանին կանգնած մեր տնտեսվարողները, որոնք ցրտին, բքին, ձյանը կանգնած և փորձում են կապ հաստատել էդ նախարարության հետ, որևէ մի արձագանք չի տալիս։ Տնտեսական ոլորտի պատասխանատուն զբաղվում է քաղաքական փուչ, սին հայտարարություններով՝ փորձելով ևս մեկ անգամ մոլորության մեջ գցել մեր հայրենակիցներին։ Այսինքն՝ որևէ մեկն իր տեղում չէ։ Տեսնում ենք՝ ինչ է կատարվում նաև իրավապահ համակարգում՝ ամեն օր «ռազբորկաներ», սպանություններ։ 50-ից ավելի մահվան ելքով սպանություն է տեղի ունեցել այս վերջին ընթացքում Հայաստանում։ Էդ բարեփոխումները չգիտեմ՝ որտեղ են իրականացրել, բայց էն, որ բարդակ է տիրում, էն, որ ամենուրեք թմրանյութերի «զակլադկաներ» են, խնդիրներ կան կրթական ոլորտում՝ թմրանյութերը մտել են նաև դպրոցներ և կրթական հաստատություններ, գողության դեպքերն են լայն տարածում գտել հատկապես Երևանում և մարզերում, դա փաստ է։ Որևէ մի գործ չի բացահայտվում։ Սայլը տեղից չի շարժվում։ Այսինքն՝ զենքզինամթերք, թմրանյութեր, խաղամոլություն. էս է մեր տխուր պատկերը»։

«Ռեվյու»-ի հարցին՝ նախորդ տարվա հայտնի դեպքերից հետո ի՞նչ կարգավիճակ ունի այժմ Հայաստանի սպառողներին էլեկտրաէներգիա մատակարարող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը՝ ՀԷՑ-ը, պատգամավորը պատասխանեց. «ՀԷՑը դարձել է ՔՊ նախընտրական շտաբ»։ Պատգամավորի խոսքով՝ ՀԷՑ-ն իր գործառույթները չի կատարում։

Գառնիկ Դանիելյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն ի վիճակի չէ խաղաղություն բերելու. «Էս մարդը բերել է աղետ, բերել է պատերազմ, բերել տարածքային կորուստներ, շարունակում են ՀՀ տարածքների հանձնումը, և ես կարծում եմ՝ եթե նա վերարտադրվեց, այդ պրոցեսը կշարունակվի։ Ի՞նչ է ստացել Հայաստանը։ Հայաստանն անընդհատ զիջել է. զիջել է Մինսկի խումբը, զիջել իր կենսական նշանակության շահերը, ՀՀ սուվերեն տարածքում ադրբեջանական զորքերն են նստած, և ամրաշինական աշխատանքներ են կատարվում ՀՀ սուվերեն տարածքում, և էս մարդը խոսում է խաղաղության մասին։ Էդքան մարդ տարել-դրել է «Եռաբլուր», էդքան պայծառ, լուսավոր երիտասարդների։ Էնքան շատ ստել, խաբել, որ հավատալ ևս մեկ անգամ, որ էս մարդը կարող է բերել խաղաղություն, աբսուրդ է»։

«Մեր հայրենակիցները լավ հասկանում են, որ իր վերարտադրությունից հետո, Աստված մի արասցե, ես կարծում եմ, որ դա չի լինի, բայց Սահմանադրության փոփոխություն անելու է։ Վերջերս նաև Ալիևը հերթական անգամ կրկնեց իր այդ պահանջը, և Ալիևը բազմիցս ասել է. «Ինչ որ մեզ պետք է՝ պիտի ստանանք»։ Եթե խաղաղությունը պատկերացնում են այդ կոնտեքստով, որ զինանշան փոխենք, մեր խորհրդանիշներից հրաժարվենք, մեր Սահմանադրությունը հարմարեցնենք Ադրբեջանին… և ադրբեջանցիներին այստեղ բնակեցման պահանջը. արդեն ID քարտերն են բաժանում, արդեն հայտարարություններ են հնչում, արդեն ադրբեջանցիներն այնքան են, ներեցեք այս արտահայտության համար, «հաբռգել», որ եկել են՝ Հայաստանում տեղերն են ցույց տալիս՝ որտեղ պիտի գան, բնակվեն, երաժշտություն են միացնում ադրբեջանական, գալիս են՝ Հանրապետության հրապարակում քեֆուրախություն են կազմակերպում։ Սիրելի՛ հայրենակիցներ ջան, Դուք պատրա՞ստ եք, որ այս նվաստացման գործընթացը շարունակվի, և ունենանք անդառնալի հետևանքներ։ Երկիրը վերածվել է «պրոխոդնոյ դվոռ»-ի, ով ոնց հասնում, ով ոնց ուզում՝ անում է»,- հավելեց Գառնիկ Դանիելյանը։

Դաշնակցական պատգամավորը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանին չի հաջողվի վերարտադրել իր իշխանությունը հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների արդյունքում։

«Ես պատասխանատու ասում եմ՝ մեր ժողովուրդն այդ մանդատը չի տալու իրեն։ Ես համոզված եմ, որ չի տալու։ Դրա համար ի՞նչ է պետք անել։ Դրա համար պետք չէ վախենալ, պետք չէ ընկրկել, պետք չէ էս սուտ խոստումներին հավատալ… Հենց այս վախերը, որ իրենք պարբերաբար վերջին շրջանում ասում են՝ «Գյումրի-2», «Գյումրի-2»… Ի՞նչ է «Գյումրի-2»-ը։ «Գյումրի-2»-ը սահմանադրությամբ տրված լիազորություն է, որից օգտվել է ընդդիմությունը, և անգամ այդ գործիքակազմից օգտվում է նաև իշխանությունը, և սահմանադրորեն տրված էդ լիազորությունն ընդդիմությունը հնարավորություն ունի օգտագործելու խորհրդարանում։ Էդ ինչի՞ց եք վախեցել, էդ ի՞նչ եք ընկել դռնեդուռ, էդ ի՞նչ եք տենց լարվել, ջղաձգվել։ Եթե վստահ եք ձեր հաղթանակին, պետք չի էդքան ջղաձգվել։ Ես համոզված եմ՝ իրենք վստահ են, որ պարտվելու են և էն գլխից փորձում են էնպիսի տպավորություն ստեղծել, որ ընդդիմությանը… էսպես են, չէ՞, ասում. «Մենք թույլ չենք տալու, որ «Գյումրի-2» լինի»։ Դուք ո՞վ եք, որ թույլ չտաք։ Մի հատ հարց՝ ո՞վ եք դուք, որ թույլ չտաք։ Թույլ տվող-չտվողը ժողովուրդն է։ Ժողովուրդն իր քվեով իշխանություն է ձևավորում, և սա բացառապես մեր ժողովրդի լիազորությունների շրջանակում է»,- հայտարարեց Գառնիկ Դանիելյանը։

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս