Հովնան Սրբազանը դարձի չի՛ եկել․ լրտեսության համար է գնում Ավստրիա․ Հարութ Սասունյան
«Կալիֆոռնիա կուրիեր» թերթի գլխավոր խմբագիր, ամերիկահայ գործիչ Հարութ Սասունյանի համար զարմանալի չէ, որ թուրքական նարատիվներն ու Նիկոլ Փաշինյանի և նրա աջակիցների խոսույթը նույնական են։
Իր վերջին խմբագրականում Սասունյանն արձագանքել էր թուրք գիտնական Թեջիմերի հոդվածին, որտեղ Հայ Դատի կառույցներին և Սփյուռքին ուղղված թուրք գիտնականի քննադատությունը հիշեցնում էր Նիկոլ Փաշինյանի և նրա կողմնակիցների խոսույթը։
168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում Հարութ Սասունյանն ասաց, որ Ալիևի, Էրդողանի և Փաշինյանի բողոքները նույնն են․ «Փաշինյանն անընդհատ զիջումներ է անում, որոնք անվերջ են։ Որքան շատ զիջես դիկտատոր ղեկավարներ Ալիևին և Էրդողանին, նրանք երբեք չեն բավարարվելու, ասեն՝ այսքան զիջեցիք, գոհ ենք։ Տեսնելով, որ դիմացինը զիջող է, ամեն օր նոր պահանջներ են ներկայացնելու և նոր զիջումներ են պահանջելու»։
Ըստ նրա՝ Փաշինյանն ինչ խախտում էլ անի, Արևմուտքն անտեսելու է, քանի դեռ նա կատարում է այն, ինչ իրենք են ցանկանում․ «Նույն բանն ԱՄՆ-ը տասնամյակներ ի վեր անում է Թուրքիայի պարագայում․ Թուրքիան, որը խախտում է ժողովրդավարության գրեթե բոլոր սկզբունքները, կան հազարավոր բանտարկյալներ, այդ թվում՝ ժուռնալիստներ, կաշառակերություն և այլն, ԱՄՆ-ը վերջին 30-40 տարվա մեջ մեկ բողոք չի ներկայացրել, որովհետև ուզում են, որ Էրդողանը շարունակի մնալ և ծառայել ամերիկյան և եվրոպական շահերին․․․ Նույնը Փաշինյանի պարագայում է, նրանք անտեսում են Փաշինյանի արածները, քանի դեռ նա ծառայում է իրենց շահերին»։

Անդրադառնալով Եկեղեցու դեմ Փաշինյանի արշավին՝ նա նշեց, որ արևմտյան պետությունները, որոնք գոհ են Փաշինյանից, անտեսում են նրա այդ քայլերը․ «Բայց Փաշինյանն այս արշավում իր նպատակին չի հասել, որովհետև Վեհափառն իր աթոռի վրա է։ Մայիսից ամեն ինչ փորձում է անել՝ շանտաժով, սպառնալիքով, եկեղեցին ներսից երկուսի բաժանելով, կարգալույծ եղած հոգևորականների վերաբերյալ ասում է՝ կարգալույծ չեն․․․ Այս մարդն ամեն ինչ որոշում է ամբողջ Հայաստանի համար, երբ ինքն իրավունք չունի խառնվելու Եկեղեցու ներքին գործերին, ասում է՝ ոչ, կարգալույծ չէ, եթե առաջնորդին փոխել են, ասում է՝ Վեհափառն իրավունք չունի առաջնորդ փոխել, այսինքն՝ ինքը ոչ միայն փորձում է պետությունը ղեկավարել, մի բան, որը չի կարողանում ճիշտ անել, հիմա էլ փորձում է Եկեղեցին ղեկավարել․ մի բան, որը ոչ միայն իր գործը չէ, այլև հակասահմանադրական է»։
Անդրադառնալով ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան Սրբազանի շուրջ ստեղծված իրավիճակին՝ նա շեշտեց, որ Հովնան Սրբազանի քայլերը սխալ էին․ «Ես կապի մեջ եմ թե՛ համայնքի, թե՛ Արևմտյան թեմի հոգևորականների հետ, շատերն են բողոքում, բայց չեն ուզում իրենց անունը բացահայտել։ Նաև այս օրերին տեղի է ունենում ստորագրահավաք, որպեսզի Հովնան Սրբազանին իր պաշտոնից հանեն, նոր առաջնորդ ընտրեն։ Հովնան Սրբազանը խուսափում է մարդկանցից․ որևէ մեկը երբ իրեն մոտենում՝ հարց է տալիս, չի պատասխանում և շարունակում է քայլել։ Ինչ վերաբերում է նրա այն հայտարարությանը, թե մեկնելու է Ավստրիա՝ եպիսկոպոսաց ժողովին մասնակցելու, ապա դա ոչ թե Վեհափառին ի նպաստ քայլ է, այլ իմ կարծիքով՝ նա այնտեղ գնում է, որպեսզի տեսնի, թե ինչի մասին են խոսում, ինչ են որոշում, ով ինչ է ասում, և այդ ամենը տեղեկացնի Փաշինյանին, այսինքն՝ լրտեսության համար է գնում, ոչ թե դարձի է եկել և զղջում է»։
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում


