Հայրենի հողը պետք է սիրել ոչ միայն խոսքով, այլև քրտինքով ու, եթե հարկ լինի, արյամբ. Ռուբեն Սրբազան

Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանն այցելել է Այգեզարդի կառուցվող Սուրբ Վարդան եկեղեցական համալիր, որտեղ հանդիպել է համայնքի պատանիների և «Կորիզ» մանկապատանեկան համույթի անդամների հետ։

Դիմելով պատանիներին՝ Սրբազան Հայրը շեշտել է, որ կրթությունը միայն գիտելիք ձեռք բերելու կամ մասնագիտություն սովորելու գործընթաց չէ. «Կրթությունը մարդկայնացման ճանապարհ է՝ մարդու ֆիզիկական, մտավոր և հոգևոր ձևավորման ուղի։ Կրթությունը առաքինի մարդ, օրինապահ քաղաքացի, քրիստոնյա և հավատարիմ ընկեր ձևավորելու արվեստ է»։

Սրբազան Հայրը պատանիներին խրախուսել է ճանաչել իրենց մեջ եղած աստվածատուր շնորհները, զարգացնել դրանք կրթության ու աշխատանքի միջոցով և հետագայում սեփական կարողությունները վերածել արժեքի՝ ծառայեցնելով մարդուն, համայնքին և հայրենիքին։

Այս միտքը բացատրելու համար Սրբազան Հայրը բերել է երկրաբանության օրինակը. «Բնության մեջ պատրաստի ոսկյա կամ ադամանդյա զարդ չես գտնի։ Նախ պետք է հայտնաբերել հանքաքարը, արդյունահանել այն, ապա երկարատև մշակման ու աշխատանքի միջոցով ստանալ այն արժեքը, որը կարող է դառնալ զարդ։ Նույնը վերաբերում է նաև մարդուն։ Մեր մեջ կան Աստծո կողմից տրված շնորհներ, սակայն դրանք պետք է հայտնաբերել, ճանաչել և կրթության միջոցով զարգացնել։ Ծնողը, ուսուցիչը և դաստիարակը օգնում են երեխային բացահայտել իր մեջ եղած այդ «հանքաքարը», իսկ կրթությունն ու աշխատանքն այն վերածում են արժեքի»։

Սրբազան Հայրն անդրադարձել է նաև համայնքի զորացմանն ու միասնականությանը՝ ընդգծելով, որ ուժեղ պետության հիմքում ուժեղ, համերաշխ և միմյանց զորակցող համայնքներն են։

«Ուժեղ պետություն ունենալու համար պետք է ուժեղ համայնքներ ունենանք։ Իսկ համայնքը զորանում է, երբ մարդիկ միմյանց կողքին են, ճանաչում են միմյանց, միասին են ապրում, աշխատում և պատասխանատվություն կրում միմյանց համար։ Եկեղեցին հենց այդպիսի համայնք է․ մենք այստեղ միասին աղոթում ենք, միասին սնվում ենք Քրիստոսի Մարմնով, միասին երգում ենք, միասին ուրախանում, խաղում ու ապրում ենք»։

Անդրադառնալով Հայաստանի Հանրապետության Անկախության տոնին՝ Ռուբեն Սրբազանը պատանիների հետ խոսել է հայրենի հողի, հավատքի և Աստծո նկատմամբ հավատարմության խորը կապի մասին՝ պարզ ու մատչելի կերպով անդրադառնալով Ավետյաց Երկրի աստվածաշնչյան օրինակին։

«Հայրենիքը միայն հողակտոր չէ, որի վրա մենք ապրում ենք։ Այն ժառանգություն է, պարգև՝ Աստծո կողմից, և ավանդ՝ մեր հայրերից։ Հողի հետ մեր հարաբերությունը հավատարմության հարաբերություն է։ Աստվածաշնչում Ավետյաց Երկիրը ոչ միայն տրված պարգև է, այլև պատասխանատվություն։ Աստծուն հավատարմությունը պետք է արտահայտվի մեր կյանքի մեջ՝ հասարակության ներսում արդարությամբ, միմյանց նկատմամբ ազնվությամբ, իսկ հայրենի հողի նկատմամբ՝ հոգատարությամբ, այն մշակելով, պահպանելով ու շենացնելով»։

Սրբազան Հայրը շեշտել է, որ հայրենիքը պահվում է ոչ միայն խոսքերով, այլև ամենօրյա աշխատանքով, նվիրումով և անհրաժեշտության դեպքում՝ զոհողությամբ։

«Հայրենի հողը պետք է սիրել ոչ միայն խոսքով, այլև քրտինքով ու, եթե հարկ լինի, արյամբ։ Հողը մեզ է վստահված, և մենք պարտավոր ենք այն մշակել, պահպանել ու հաջորդ սերնդին փոխանցել ավելի ամուր և բարեկարգ վիճակում՝ հեռանկարը ունենալով դրախտի պատկերը»։

Հանդիպման ավարտին Սրբազան Հայրը շնորհավորել է պատանիներին և «Կորիզ» մանկապատանեկան համույթի ղեկավար Արփինե Խաչատրյանին Անկախության տոնի առիթով՝ մաղթելով, որ նրանց կրթությունը, տաղանդները, հավատքը և աշխատանքը վերածվեն այն արժեքների, որոնցով կզորանան իրենց ընտանիքները, համայնքը, Եկեղեցին և հայրենի պետությունը։

Այգեզարդի Սուրբ Վարդան եկեղեցական համալիրը, ձևավորվող համայնքային կյանքի հետ միասին, կոչված է դառնալու ոչ միայն քրիստոնեական հավատի ու աղոթքի, այլև կրթության, մշակույթի, եղբայրության և սերունդների հանդիպման վայր։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930