Եվրոպական հետախուզության ղեկավարները զգուշացնում են՝ Մոսկվան ավելի վճռական գործողություններ է պլանավորում ՆԱՏՕ-ի դեմ․ The Guardian
Եվրոպական հետախուզության պաշտոնյաները բարձրացրել են Ռուսաստանի կողմից ՆԱՏՕ-ի «մոտալուտ փորձարկման» հարցը՝ նշելով, որ հնարավոր հարձակումը կարող է տեղի ունենալ «ոչ թե տարիների, այլ ամիսների» ընթացքում․ գրում է The Guardian-ը։
Այս նախազգուշացումները հնչել են այն բանից հետո, երբ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը խորհրդարանին հայտնել է, որ հետախուզական տվյալները վկայում են՝ Ռուսաստանը կարող է առաջիկա ամիսներին անօդաչու թռչող սարքերով կամ հրթիռներով հարձակում գործել ՆԱՏՕ-ի տարածքի վրա՝ փորձելով ապացուցել, որ «5-րդ հոդվածն ավելի շատ տեսական է, քան գործնական»։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Տուսկի նախազգուշացումները որակել է «հիմնավոր և փաստերով հաստատված»։
The Guardian-ի հետ զրույցում եվրոպական հետախուզական ծառայությունների ղեկավարները ներկայացրել են Մոսկվայի կողմից բխող հնարավոր սպառնալիքի վերաբերյալ իրենց տեսակետները։
Չեխիայի անվտանգության ծառայության (BIS) ղեկավար Միխալ Կոուդելկան նշել է, որ բացի անօդաչու թռչող սարքերի ակտիվության աճից՝ Կրեմլի ծրագրերի մաս կարող է լինել ՆԱՏՕ-ի՝ Ռուսաստանին սահմանակից տարածք ներխուժումը փոքր մասշտաբով։
Նա նշել է, որ այս սցենարը կարող է իրականանալ «ոչ թե տարիների, այլ ամիսների» ընթացքում, սակայն հավելել է, որ «շատ մարդիկ անում են հնարավոր ամեն բան դա թույլ չտալու համար»։
Ռուսաստանի տարածքին սահմանակից բալթյան երեք երկրների պաշտոնյաներն ավելի զգուշավոր են արտահայտվել ներխուժման կամ այլ լուրջ էսկալացիայի հեռանկարի վերաբերյալ՝ մատնանշելով Ուկրաինայում Մոսկվայի սպառվող ռեսուրսները։
«Դեռևս բաց հարց է՝ արդյոք նրանք ունե՞ն ուղղակի և կոնկրետ ծրագրեր, թե՞ սա ընդամենն արևմտյան հասարակության մեջ վախ և անորոշություն տարածելու նրանց ընդհանուր ջանքերի մի մասն է», – նշել են պաշտոնյաները։
Ինչպես նշում է The Guardian-ը, Բալթյան երկրների քաղաքական գործիչները, որոնք երկար տարիներ քննադատում էին Արևմտյան Եվրոպային Ռուսաստանի նկատմամբ մեղմ վերաբերմունքի համար, այժմ հայտնվել են տարօրինակ իրավիճակում՝ կոչ անելով որոշ արևմտյան առաջնորդների զսպվածություն ցուցաբերել հրապարակային հայտարարություններում։
Նրանք մտավախություն ունեն, որ հնարավոր ներխուժման մասին խոսակցությունները կարող են վնասակար ազդեցություն ունենալ իրենց հասարակությունների և տնտեսությունների վրա։

