Իրանը տվյալներ ունի, որ ԱՄՆ–ն պատրաստվում է վերսկսել ռազմական գործողությունները․ ԶԼՄ
Իրանի ռազմական հրամանատարությունը տեղեկություններ ունի, որ ԱՄՆ–ն պատրաստվում է տարածաշրջանի մի շարք երկրների աջակցությամբ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները։ Այս մասին հայտնում են իրանական պետական ԶԼՄ-ները։
Հայտարարության մեջ նշվում է, որ ԱՄՆ-ի կողմից ցանկացած հարձակում կհանգեցնի տարածաշրջանում ամերիկյան ռազմաբազաներին ու օբյեկտներին ուղղված պատասխան հարվածների։ Հրամանատարությունը նաև նախազգուշացնում է, որ Իրանի դեմ ամերիկյան ագրեսիային աջակցող տարածաշրջանի երկրները կդիտարկվեն որպես հակամարտության մասնակիցներ։
Իրանական ռազմական հրամանատարությունը նշում է, որ Հորմուզի նեղուցը դեռ փակ է, իսկ Իրանի իշխանությունները բանակցությունների չեն գնա, քանի դեռ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի ընդունել իրենց պայմանները` պատերազմի դադարեցումը, իրանական ակտիվների ապասառեցում և ծովային շրջափակման վերացում։
Սեպտեմբերի 20-ին «Fox News» հեռուստաալիքին տված հարցազրույցում Թրամփը հայտարարել է, որ մտածում է, թե ինչպես վարվի Իրանի հետ, և կարծում է, որ համեմատաբար մոտ ապագայում կարելի է սպասել իրադարձությունների նշանակալի զարգացման։

