Ո՞վ է ԶՄՊԿ-ի բաժնետոմսերի հաջորդ սեփականատերը. Կառավարությունը նվերի վաճառքը չի բացառում

2020 թվականի սեպտեմբերի 30-ին ՀՀ կառավարությունը գրավոր քվեարկվող հարցերի նախագծերի շարքում ընդունեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 25 տոկոսը՝ 412 250,75 բաժնետոմս (ընդհանուր կապիտալի 15%-ը), նվիրատվությամբ ընդունելու մասին որոշումը։

Բաժնետոմսերի նվիրատվությունն իրականացնողը Ռուսաստանում գրանցված «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունն է, որը դարձել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 60 %-ի բաժնետերը։

168.amն այս գործարքի վերաբերյալ մանրամասներ պարզելու համար հարցում էր ուղարկել Կառավարություն։

Առաջին հարցով հետաքրքրվել էինք՝ Կառավարությունը՝ հանձին վարչապետի աշխատակազմի, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 60 % բաժնետոմսերի 25 %-ն ինչի՞ դիմաց է նվեր ստացել և ի՞նչ պարտավորություններ է ստանձնել բաժնետոմսերը նվիրած «Արդյունաբերական ընկերության» առջև։

30-օրյա ժամկետի սպառումից հետո Կառավարությունից մեր առաջին հարցին ի պատասխան՝ տեղեկացրել են՝ «նվիրատվությունը կատարվել է համապատասխան պայմանագրի հիման վրա, որի հիմնական տվյալներն արտացոլված են 2021 թ. Կառավարության սեպտեմբերի 30-ի թիվ 1613-Ա որոշման մեջ»։

Տեղեկացնենք, որ Կառավարության մատնանշած 1613-Ա որոշման մեջ գրված է ընդամենը, որ Կառավարությունն ընդունում է նշված քանակով բաժնետոմսերի նվիրատվությունը, և դրանց կառավարումն անցնում է վարչապետի աշխատակազմին, հետևապես՝ այս որոշմանը հղում անելն անիմաստ էր, որովհետև այն որևէ այլ հիմնական տվյալ այս գործարքի մասին չի պարունակում. առկա միակ տվյալի մասին մենք մեր հարցի մեջ արդեն գրել էինք։

Կառավարությունից նաև հայտնել են, որ գործընթացն իրավաչափ է, և այստեղ այլ իրավահարաբերություն չկա, որովհետև, ըստ այդ համապատասխան պայմանագրի, մի կողմը տրամադրում է, մյուսը՝ ընդունում։

Այսինքն, Կառավարության՝ «որևէ այլ իրավահարաբերություն չկա» ձևակերպումից կարելի է ենթադրել, որ որևէ պարտավորություն ՀՀ Կառավարությունը ԶՄՊԿ-ի առջև չի ստանձնել։

Երկրորդ հարցով հետաքրքրվել էինք՝ նվիրատվություն ստացված բաժնեմասը մնալու է պետական և կառավարվելու է վարչապետի աշխատակազմի կողմի՞ց, թե՞ մասնավորեցվելու է։

Եթե այդ բաժնեմասը մասնավորեցվելու է, ապա ի՞նչ կարգով, և ո՞ր ընկերության հետ են առկա բաժնետոմսերի գնման վերաբերյալ նախնական պայմանավորվածությունները: Հնարավո՞ր է՝ կառավարությունը բաժնետոմսերի կառավարումը փոխանցի մասնագիտացված պետական կառավարման մարմնին՝ Էկոնոմիկայի կամ որևէ այլ նախարարության:

Ի պատասխան՝ Կառավարությունից հայտնել են՝ ներկայումս Կառավարությունը քննարկում է բաժնետոմսերի կառավարման արդյունավետության ապահովման հնարավորությունները և ուղիները։

Այս պատասխանից էլ ենթադրվում է, որ Կառավարությունը բաժնետոմսերը վաճառելը չի բացառում՝ նույն արդյունավետությունից ելնելով, ուստի չի բացառվում նաև, որ մի օր էլ մեկ գործարքով դրանց սեփականատեր դառնա փաշինյանամերձ որևէ գործարար։

Նման զարգացման դեպքում՝ արդյո՞ք չի ստացվում բիզնեսի խլում և սեփականության վերաբաշխում, և ոչ թե՝ գույքի նվիրատվություն։

Երրորդ հարցին՝ պատրա՞ստ է արդյոք Կառավարությունն ընդունել բաժնետոմսերի նվիրատվություններ ՀՀ-ում գործող օտարերկրյա մեծածավալ ներդրումներով այլ խոշոր ընկերությունների կողմից, պատրա՞ստ է արդյոք ընդունել նվիրատվություն Ամուլսարի հանքը շահագործող ընկերության կողմից: Կա՞ն արդյոք նման առաջարկներ, եթե այո՝ ապա ո՞ր ընկերություններն են բաժնեմաս նվիրաբերելու առաջարկով դիմել: Գործադիրից մեր հարցին պատասխանել են, որ այլ ընկերությունների նվիրատվությունների և դրանց ընդունման պարագայում Կառավարությունը պատշաճորեն կիրազեկի հանրությանը։

Չորրորդ հարցին՝ պատրա՞ստ է արդյոք Կառավարությունն իր բաժնեմասի չափով՝ համամասնորեն կրել պատասխանատվություն և կատարել խոշոր ծախսեր, եթե ձեռնարկությանն անհրաժեշտ լինի կատարել լրացուցիչ մեծ ներդրումներ, կամ կրել վնասներ, եթե ձեռնարկությունը սկսի աշխատել վնասով, կամ սնանկանա։ Արդյո՞ք այդ ծախսերը ներառված են պետական բյուջեում։ Արդյոք վարչապետի աշխատակազմը նվիրատվություն ստացած բաժնետոմսերից ստացած եկամուտների, շահույթի հաշվին պատրա՞ստ է սոցիալական ծրագրեր իրականացնել: Եթե ոչ՝ ինչո՞ւ: Եթե այո, ապա ինչպիսի՞ ծրագրեր և ՀՀ ո՞ր մարզերում։

Մեր այս հարցին էլ պատասխանել են՝ նվիրատվություն ստացած բաժնետոմսերի շահույթը փոխանցվելու է պետբյուջե, իսկ ինչ վերաբերում է համամասնորեն պատասխանատվություն կրելուն, ապա այդ հարցի կապակցությամբ հարկ ենք համարում տեղեկացնել, որ ընկեության բաժնետերերի իրավահարաբերությունները կարգավորվում են «Բաժնետիրական ընկերությունների» մասին օրենքով։

Նշենք, որ սեպտեմբերի 30-ին կայացած գործարքից և մեր գրավոր հարցումից օրեր անց հայտնի դարձավ, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 12,5 տոկոսի սեփականատեր «Զանգեզուր մայնինգ» ՍՊԸ-ն դիմել է դատարան` ընդդեմ Զանգեզուր պղնձամոլիբդենային կոմբինատի, Ռուսաստանում գրանցված «Արդյունաբերական ընկերություն» ԲԸ-ի ու ՀՀ վարչապետի աշխատակազմի։

Datalex.am դատական տեղեկատվական հարթակից տեղեկանում ենք, որ ընկերությունը դատարանից պահանջում է անվավեր ճանաչել Զանգեզուրի կոմբինատի բաժնետոմսերի նվիրատվության մասին վարչապետի աշխատակազմի հետ կնքված գործարքը և կիրառել անվավերության հետևանքներ։ Մինչ այս հայցը, ի դեպ, «Զանգեզուր մայնինգն» արդեն դիմել էր դատարան, ընդ որում` մինչև գործարքի մասին հայտնի դառնալը` 2021թ. հուլիսի 7-ին։

Տեսանյութեր

Լրահոս