ԱՆԻՖ. ԱՃԻ ՇԱՐԺԻՉԻՑ ՄԻՆՉԵՎ ՄԻԼԻՈՆԱՎՈՐ ԴՈԼԱՐՆԵՐԻ ԲԵՌ՝ ՀՊԱՐՏ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՎՐԱ

2024 թ. մայիսի 23-ին ՀՀ գործող կառավարությունը որոշեց փակել իր իսկ հիմնած Հայաստանի ազգային հետաքրքրությունների հիմնադրամը՝ ԱՆԻՖ-ը: ԱՆԻՖ-ի մահից 1 տարի անց անգամ դիահերձումը չօգնեց պարզելու դրա մահվան հանգամանքները։ Սա է պատճառը, որ խորհրդարանական ընդդիմությունը պահանջեց ԱՆԻՖ-ի արտաշիրմում։

Ի՞նչն էր հեղափոխական կառավարության՝ ռազմավարական հռչակված նախաձեռնության ձախողման պատճառը՝ «ազգային հետաքրքրությունների» բացակայությո՞ւնը, թե՞ դրա հեղինակների անգործունակությունն ու հանցավոր անպատասխանատվությունը։

ԱՆԻՖ-ի ծնունդը

Կարդացեք նաև

Որպես պետական-մասնավոր գործընկերության մոդել՝ ԱՆԻՖ-ը հիմնադրվել է Փաշինյանի կառավարության կողմից 2019թ. մայիսին։ Գրանցման պահին դրա կանոնադրական կապիտալը կազմել է խորհրդանշական 100 հազար դրամ, սակայն շուտով պետությունը համալրել է հիմնադրամի կապիտալը գրեթե 20 միլիոն դոլարով։ Կառավարությունն ԱՆԻՖ-ի առաքելություն էր հռչակել արտասահմանյան ուղղակի ներդրումներ ներգրավելու և ռազմավարական նախագծերի համատեղ ֆինանսավորման միջոցով ՀՀ տնտեսության «կայուն երկարաժամկետ աճի ապահովումը»։ Հիմնադրամը հանրությանը հրամցվեց որպես տնտեսության «իներցիան հաղթահարելու» և դրան նոր որակ հաղորդելուն ծառայող զարգացման «յուրօրինակ մոդել»։ Այդ նպատակով հաջողվեց գայթակղել նույնիսկ Ֆրանսիայի նախկին վարչապետ Դոմինիկ դը Վիլպենին՝ ներքաշելով միամիտ ֆրանսիացուն հիմնադրամի տնօրենների խորհրդի մեջ։

Առաջին 1 տարվա ընթացքում ձևավորվեց աշխատանքային թիմ, մշակվեց ռազմավարություն և հաստատվեցին միջազգային կապեր։

2020թ. գարնանը՝ COVID-19 համավարակի գագաթնակետին, հիմնադրամը ստեղծեց «Ձեռնարկատեր + Պետություն. հակաճգնաժամային ներդրումներ» (ՁՊՀՆ) դուստր ձեռնարկություն՝ փոքր և միջին բիզնեսին աջակցելու համար, որը 2020-23թթ․ պետական ​​միջոցներից մի քանի մասնավոր ընկերություններում ներդրեց մոտ 17 միլիոն դոլար։

2021-ից հիմնադրամը սկսեց իրականացնել խոշոր նախագծեր արտասահմանյան մասնակցությամբ։

  • 2021թ. գարնանն ԱՆԻՖ-ն Air Arabia (ԱՄԷ) ընկերության հետ համաձայնագիր կնքեց Fly Arna ազգային ավիափոխադրող ստեղծելու նպատակով և ներդրողներ փնտրելու նպատակով ներկայացուցչություններ բացեց Փարիզում, Մոսկվայում և Աբու Դաբիում։
  • 2021թ. վերջին ԱՆԻՖ-ը պայմանագիր կնքեց Masdar (ԱՄԷ) ընկերության հետ՝ 200 ՄՎտ հզորությամբ «Այգ-1» արևային էլեկտրակայանի (ԱրԷԿ) կառուցման համար։ Ներդրումների ծավալը գնահատվել էր 174 մլն դոլար (Masdar-ի մասնաբաժինը 85%, ԱՆԻՖ-ինը` 15%):
  • 2022թ. ԱՆԻՖ-ը ԵՄ-ի և Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկի աջակցությամբ ստեղծեց ԵՄ-Հայաստան ՓՄՁ օժանդակության հիմնադրամ՝ 50 միլիոն դոլար ծավալով, որում ԱՆԻՖ-ի ՁՊՀՆ դուստր ձեռնարկությունը ներդրեց մոտ 4 մլն դոլար։ «Ձեռնարկատեր + Պետություն» ծրագրի շրջանակներում 2021-22թթ. մոտ 2 միլիոն դոլար ներդրվեց Տավուշի մարզի Ենոքավան գյուղում ճոպանուղու ատրակցիոնի կառուցման («Apaga Projects» ընկերություն), ռեստորանային ցանցի ընդլայնման («Yeremyan Projects» ընկերություն), գյուղատնտեսական հոլդինգի զարգացման («Tavros» ընկերություն), ՏՏ ստարտափների և այլնի համար: Մինչև 2022թ. 6 ընկերություններում ներդրվեց գրեթե 10 միլիոն դոլար՝ ընդամենը 170 աշխատատեղ ստեղծելու համար:
  • 2022թ. սկզբին Փաշինյանի կառավարությունն ԱՆԻՖ-ին փոխանցեց ՀՀ խոշորագույն հանքարդյունաբերական ընկերության՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) պետական​ բաժնետոմսի կառավարումը, որը նոր ռուսական սեփականատերը նվիրաբերել էր (!!!) ՀՀ կառավարությանը 2021թ. սեպտեմբերին։ Արդյո՞ք սա մասնավոր սեփականության ազգայնացում էր, թե՞ բռնագրավում, մինչ օրս մնում է առեղծված։

(Ոչ)մանկական հիվանդություններ

2023 թվականին սկսեցին լուրեր շրջանառվել ԱՆԻՖ-ի գործունեության մեջ առկա խնդիրների մասին։ Մայիսին Արժույթի միջազգային հիմնադրամի պահանջով կառավարությունը կասեցրեց ԱՆԻՖ-ի ներդրումները հյուրանոցային, ռեստորանային, շինարարության և զվարճանքների ոլորտներում։ Չնայած ձեռնարկված միջոցառումներին, ԱՆԻՖ-ի վիճակը շարունակեց վատթարանալ։ 2024թ. սկզբին իրավիճակն այնքան սրվեց, որ Փաշինյանը հիմնադրամի գործունեությունը որակեց «ձախողում, ամոթ», սակայն կատարվածն անվանեց ընդամենը «վստահության անընդունելի խախտում»։

ԱՆԻՖ-ի որոշ ձախողումները

Թռիչքներ երազում և արթմնի։ Վերը հիշատակված Fly Arna-ն կոչված էր դառնալու ազգային քաղաքացիական ավիացիայի վերածննդի խորհրդանիշ։ Սակայն ընդամենը 2 տարի անց նախագիծը ձախողվեց։ 2024թ. հունվարին Հայաստանում այլևս չէր մնացել Fly Arna ընկերության ոչ մի ինքնաթիռ, ինչի պատճառով կառավարությունը չեղյալ հայտարարեց ավիաընկերության արտոնագիրը։ CivilNet-ի տվյալներով՝ թեև Fly Arna-ին պետբյուջեից հատկացվել էր մոտ 11 միլիոն դոլար, սակայն այդ հսկայական գումարը չփրկեց ընկերությանը սնանկացումից։ Ռազմավարական հռչակված Fly Arna նախագիծն ավարտվեց պետական միջոցների փոշիացմամբ և որոշակի անձանց հարստացմամբ։

Անգամ արևը սրանց չօգնեց։ ՀՀ տնտեսության ամենից «կանաչ» նախագիծը՝ Այգ-1 ԱրԷԿ-ի կառուցումը, նույնպես չխուսափեց լուրջ խնդիրներից։ Չնայած շինարարությունը նախատեսված էր ավարտել 2023-ին, 2024թ. ամռան դրությամբ դա չէր էլ մեկնարկել։ ԱՆԻՖ-ի լուծարումից հետո կառավարությունը ստիպված է վերսկսել բանակցությունները Masdar-ի հետ՝ 174 միլիոն դոլարի ներդրումային նախագիծը վերակենդանացնելու համար։

Ի դեպ, Masdar-ն աշխատում է նաև Ադրբեջանում՝ ներդնելով ավելի քան 1 մլրդ դոլար։ 230 ՄՎտ հզորությամբ ԱրԷԿ-ի կառուցման 1-ին համաձայնագիրը ստորագրվել է 2020թ., և այն շահագործման հանձնվեց 2023-ին (տարեկան արտադրում է 0.5 ՏՎտ/ժ էլեկտրաէներգիա, որը բավարարում է ավելի քան 110 հազար տնային տնտեսությունների կարիքները՝ կրճատելով CO արտանետումները 200 հազար տոննայով)։ Նախագծի հաջող իրականացումը՝ ոգեշնչեց Masdar-ին ձեռնամուխ լինելու 1 ԳՎտ ընդհանուր հզորությամբ նոր էներգետիկ կլաստերի շինարարարությանը, որի շահագործումը նախատեսված է 2027-ին։

Կա՞ արդյոք ապագա։ ԱՆԻՖ-ի հակաճգնաժամային առաջին ներդրումային ծրագրերից էր 2 միլիոն դոլար պետական մասնակցությամբ ճոպանուղու կառուցումը Տավուշի մարզի Ենոքավան գյուղում («Ապագա Պրոջեկտս» ընկերություն)։ Ցավոք, նույնիսկ այն հանգամանքը, որ նախագիծն իրականացվում էր Նիկոլ Փաշինյանի ծննդավայրում, չփրկեց այն ձախողումից։

Ա՜խ, այդ օֆշորային ընկերությունները։ 2023թ. ԱՆԻՖ-ի շուրջ բռնկվեց նեպոտիզմի և կոռուպցիայի ակնհայտ հատկանիշներով նոր սկանդալ։ «Հետք»-ը պարզել էր, որ 2023թ. մայիսին ԱՆԻՖ-ի ստեղծած ՁՊՆՀ-ն մոտ 3.8 միլիոն դոլար է ներդրել նորաստեղծ CFW ՓԲԸ-ում։ Առավել ուշագրավ է, որ այն գրանցվել էր ԱՄՆ օֆշորային գոտում (Դելավեր նահանգ) գործարքից ընդամենը 8 օր առաջ և կապված է ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանի մտերիմ շրջապատի հետ։

Ներկայացուցչական համեղ ծախսեր։ Հետաքննող լրագրողների ուշադրության կենտրոնում վաղուց էր հայտնվել նաև ԱՆԻՖ-ի արտասահմանյան ներկայացուցչությունների կասկածահարույց գործունեությունը։ Ըստ հրապարակումների, օրինակ, Մոսկվայի գրասենյակը, ծախսելով պետական միջոցներից մոտ 7 միլիոն դոլար, չի ապահովել շոշափելի արդյունք։

 ԱՆԻՖ-ի վաղաժամ մահը

Մի շարք սկանդալներից և հիասթափեցնող եզրակացություններից հետո Փաշինյանի կառավարությունը ստիպված եղավ 2024թ. մայիսի 23-ին փակել ԱՆԻՖ-ը։ Հայտարարված հավակնոտ նպատակներին հակառակ, կառավարության ռազմավարական նախաձեռնությունն ունեցավ անփառունակ ավարտ՝ բացահայտելով կառավարման համակարգային տկարությունը։ Պետական և մասնավոր գործընկերության «եզակի մոդելի» փոխարեն՝ հասարակությունը ստացավ մի կառույց, որը հիշեցնում է հետհեղափոխական Ռուսաստանի «Եղջյուրներ և սմբակներ» գրասենյակը, որը գունեղ նկարագրված է Իլֆի և Պետրովի «Ոսկե հորթը» երգիծական վեպում։

ԱՆԻՖ-ի մահախոսականը

Թեև ՀՀ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել հնարավոր չարաշահումների վերաբերյալ, սակայն մինչ օրս չի առաջադրվել որևէ մեղադրանք և չեն ներգրավվել կասկածյալներ, ուստի, շնորհիվ խորհրդարանական ընդդիմության, հանրության ուշադրությունն այժմ կենտրոնացել է ԱՆԻՖ-ի ձախողման պատասխանատուներին բացահայտելու և պատժելու վրա։

ԱՆԻՖ-ն ի հայտ բերեց մեզանում հանրային և կորպորատիվ կառավարման խնդիրների լրջությունը։

ԱՆԻՖ-ի ձախողումը, նախևառաջ, բացահայտեց պետական ​​աջակցության համար առաջնահերթ ոլորտները որոշելու և միջազգային ներդրումային նախագծերին մասնակցելու ներկա կառավարության անզորությունը։

ԱՆԻՖ-ի կարճատև կյանքը՝ հավակնոտ մեկնարկից մինչև անփառունակ լուծարում, ցույց տվեց, թե ինչպես է ինստիտուցիոնալ և կազմակերպական հիմքի բացակայության պայմաններում պետական և մասնավոր գործընկերությունը զարգացման գործիքից վերածվում կառավարիչների կերակրատաշտի։

Թափանցիկության և հաշվետվողականության բացակայությունը, մասնագիտական ​​անգործունակությունը և նեպոտիզմը ոչ միայն բացառեցին ներդրումային նախագծերի արդյունավետ մոդելավորումը և կառավարումը, այլև խորապես խաթարեցին պետության՝ որպես պատասխանատու գործընկերոջ, հեղինակությունը։ Բացահայտ անպատժելիությամբ զուգորդված տնտեսական համակարգային արատների պատճառով Փաշինյանի կառավարության ցանկացած տնտեսական մասնակցություն արժանանալու է ԱՆԻՖ-ի ամոթալի ճակատագրին։

ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ՀՀ ԳԽ (1990-95թթ.) և ԱԺ պատգամավոր (1995-99թթ.)

ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

Տեսանյութեր

Լրահոս