ՀԱՄԱԽՄԲՈՒՄ ՀՆԱՐԱՎՈՐ Է 4 ԻՐԱԿԱՆ ՈՒԺԱՅԻՆ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ. ԴԱՎԻԹ ԱՆԱՆՅԱՆ
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ներկայացուցիչ, «Դի-ԷՍ-ԷՅ Խորհրդատվական խումբ» ընկերության գլխավոր տնօրեն, ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին ղեկավար, տնտեսական գիտությունների թեկնածու Դավիթ Անանյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

- Իրանի հետ կապված ամենամեծ խնդիրն այն է, որ Իրան-Հայաստան սահմանը, որը մեզ համար և աշխարհաքաղաքական մեծ նշանակություն ունի, կարող է բառի բուն իմաստով հնարավոր պատերազմի ժամանակ ներքաշվել ռազմական գործողությունների մեջ։ Չպետք է մոռանանք, որ Իսրայել-Ադրբեջան որոշակի ռազմավարական կապ գոյություն ունի, և հարց է առաջանում՝արդյո՞ք այս խժդժությունների քողի ներքո Ադրբեջանը չի փորձի Սյունիքի մասով ակտիվ գործողությունների դիմել։
- Ինձ համար հասկանալի չեն Հայաստանի արտաքին քաղաքական դիրքավորումները, Եվրոպայից հովանավորչություն խնդրելը ներքաղաքական խնդիրները լուծելու համար։ Բայց մեզ համար տեսանելի չէ, որ, օրինակ, գոնե ТRIPP-ի տրամաբանության ներքո Հայաստանն ԱՄՆ վարչակազմի հետ ամենօրյա ռեժիմով աշխատի, որ վերջինս զսպի Ադրբեջանին։ ԱՄՆ-ը այստեղ, ուզենք թե ոչ, ունի որոշակի լծակներ, և պետք է այնպես անի, որ Հայաստանին կարողանա զսպել միջազգային գլոբալ հակամարտությունների թատերաբեմ դառնալուց։
- Իրանի հետ կապված ցանկացած տարածաշրջանային էսկալացիա վեր է հանում Սյունիքի հետ կապված բոլոր ռիսկերը։ Մեր շահերն ու մեծերի շահերը պետք է հավասարակշռել Սյունիքի ու Հայաստան-Իրան սահմանի շուրջ։ Այլապես, եթե մենք մենակ մնանք այդ ռիսկերի հետ, ես չգիտեմ՝ օրինակ, ինչպես ենք դիմագրավելու Սյունիքի հետ կապված Իսրայել-Ադրբեջան պայմանավորվածություններին։
- Այսօրվա իշխանությունն իրենց օրակարգերը կառուցում է իրենց վերարտադրության գերնպատակի շուրջ։ Այդ տրամաբանության մեջ իրենք կարող են գնալ ցանկացած քայլի։ Այստեղ իրենց շահն ու ազգային շահը հակառակ բևեռներում են։ Եթե կամք լինի սահմանը պահպանելու, պետք է գործող ռազմաքաղաքական ու միջպետական պայմանագրերի ներքո գործարկել բոլոր ռազմաքաղաքական դաշինքները։

- Որպես երկրի ղեկավար՝ ինքը գիտի, կարծում եմ, ինչ ռիսկեր կան մեզ հետ կապված, ու կարող է Դոնալդ Թրամփի հետ վոթսափով կապվել, բացատրել իրավիճակը։
- Նախկինում էլ, մինչև 2018 թվականը, միշտ ռիսկեր են եղել Իրանի հետ առևտրաշրջանառության վերաբերյալ ԱՄՆ արձագանքի հետ կապված, հենց որ ԱՄՆ-Իրան լարվածություն է եղել։ Բայց փառք ու պատիվ նախկին ղեկավարներին, ովքեր կարողացել են նստել բանակցությունների սեղանի շուրջ ու չեզոքացնել վտանգները։ Մենք կարողացել ենք մեր ամերիկյան գործընկերներին բացատրել, որ, օրինակ՝ տնտեսական պատժամիջոցների դեպքում, կապված մեր աշխարհագրական դիրքի հետ, Հայաստանի համար բացառություններ պետք է արվեն։ Նույնը հիմա պիտի անեն։ Եթե ռիսկ չունեն խոսելու Թրամփի հետ, պետք է հեռանան։ Եթե չունեն համապատասխան գործիքակազմ ու խոսույթ, պիտի հեռանան։
- Եկեղեցու դեմ հարձակումների շահառուների երկու բանակ կա. արտաքին շահառուներ՝ թուրքական աշխարհը կամ այլ խաղացողներ, որոնք պայքարում են մեր ազգային կառույցի դեմ, և ներքին խնդիր, իշխանության վերարտադրվելու համար պայքար՝ արտաքին պատվերի իրագործման ճանապարհով։ Եթե դու ունես սուր, վերարտադրման կենսական պահանջ, դու պետք է դիմես ամեն ինչի, ինչը և անում է այս իշխանությունը՝ ստեղծել քաոսային իրավիճակ, որի ավերակների վրա դու վերարտադրվելու հանրավորություն ունես։ Եթե նախկինում պառակտումը սև-սպիտակ տրամաբանության մեջ էր, հիմա՝ իրական և ոչ իրական հոգևորականների տրամաբանության։ Իմ կարծիքով՝ սա երկարատև գործընթաց է։ Երկու սցենար կա․ Հայոց հայրապետին հեռացնելու գործողությունները կլինեն կամ ընտրություններից անմիջապես առաջ, կամ անմիջապես հետո, եթե վերարտադրվի։
- Եթե պատերազմ հայտարարելու օբյեկտ չլիներ, Փաշինյանը կարող էր հրահրել ներընտանեկան կամ ներգերդաստանային պատերազմ։ Բայց ինքը գտել է եղանակը՝ պատերազմ հայտարարել ամենաազգային կառույցին։ Մենք տեսնում ենք, որ առանձնապես դրսից դատապարտող հայտարարություններ չկան։ Դրան համար ենք ասում՝ կա՛մ այստեղից է մատուցվել նպատակը, կա՛մ դրսից՝ օրակարգը։
- Հայ հոգևորականը, կամ, ինչպես թուրքերն են ասում, քեշիշ բաբան, թուրքական աշխարհի հեքիաթներում մշտապես ներկայացվել է որպես վատ կերպար։ Դարեր շարունակ բոլոր մակարդակներում հայ հոգևորականի կերպարն այս լույսի ներքո է ներկայացվել։ Այն, ինչ որ կատարվում է Հայաստանում, Հայ եկեղեցու ինքնամաքրման հետ ոչ մի աղերս չունի։ Սրանք դրսից Հայաստան մտցված օրակարգեր են, որն ինքն օգտագործում է նախընտրական նպատակով։ Մի բան կա, որ իրեն չի հետաքրքրում՝ Հայ եկեղեցու թուլացումը ու ինքնութենական հիմքերի խարխլումը։
- Չի բացառվում, որ կձերբակալի Վեհափառին, բայց դա փոքր հարց է, որովհետև որտեղ էլ լինի, միևնույն է, Վեհափառը մնալու է Վեհափառ։ Այստեղ ավելի շատ ժողովուրդը քննություն հանձնելու կարիք ունի, քան Եկեղեցին։ Հայ եկեղեցին արդեն 1700 տարի անսասան է մնացել օտար նվաճողների դեմ, կարծում եմ՝ սեփական իշխանության հարձակումներն էլ պատվով կհաղթահարի։

- Մեր ժողովուրդը շատ ավելի լավն է, քան պատկերացում ունեն շատ-շատերը։ Մեր ժողովուրդը չի այրվում Վեհափառի կուսակրոնության հետ կապված հարցերով։ Լինում է, որ դա էլ հարցնեն, բայց միայն հետաքրքրությունից ելնելով։ Մարդիկ երկրի ապագայի, անվտանգության, տնտեսության, իրենց երեխաների ապագայի հետ կապված հարցեր են տալիս մեզ մարզային հանդիպումների ժամանակ։ Շատերին խորհուրդ կտամ շփվել ժողովրդի հետ։ Մեր ժողովրդի նույնիսկ գեղջկական փիլիսոփայությունը շատ ավելի խորքային է, քան մեր սրճարանների զրույցը։ Մարզերում մտահոգությունները շատ ավելի անկեղծ ու ազնիվ են։ Մարզերում սոցիալական ու ժողովրդագրական մեծ խնդիրներ կան։ Երիտասարդները պակասում են, տարեցները՝ շատանում։ Դրա մասին է պետք մտածել։
- Ցանկացած պետական միջամտություն Եկեղեցու ներսում բերում է ազգային մեծ կոնֆրոնտացիայի։ Մարդիկ հիմա հոգևորական են տեսնում, անմիջապես մտածում են՝ սա ումոնցի՞ց է, տիրադավների՞ց, թե՞ ոչ։
- Թոշակը պետք է դիտարկել՝ որպես նվազագույն կենսամակարդակ պահպանելու միջոց։ Թոշակը ոչ քաղաքական ժեստ է, ոչ պարգևավճար, ոչ աշխատավարձ։ Եվ կենսաթոշակը դիտարկել ջեռուցման ու պատուհանի տրամաբանության մեջ, նոնսենս է։ Ինքն ասում է՝ ինչ էլ անենք, քո աղքատությունն անխուսափելի է, թոշակառո՛ւ, իսկ մեր պատասխանատվությունը՝ հարաբերական։ Սա իրենց անպատասխանատվության բանաձևն է։ Ինքը չի գիտակցում իր պատասխանատվության չափը, դրա համար էլ այդ խոսույթով է թեմային անդրադառնում։
- Առողջապահության ապահովագրություն են ասում, բայց չկա ապահովագրական հիմնադրամը, ապահովագրական ընկերություններն ու բուժհիմնարկները չգիտեն՝ ինչ են անելու, խոսում են քեշբեքերով թոշակ բարձրացնելու մասին, դա միֆ է։ Բժիշկներն անորոշության մեջ են, քաոս է լինելու, որովհետև բոլոր տարեցներն ուզելու են օգտվել այդ համակարգից, բայց համակարգը չի դիմանալու։
- Ձեր աշխատավարձից պահում է կատարվել, բայց դուք այդ մասին տեղյակ չեք. կամ 4800, կամ 10800 դրամ։ Հարցրե՛ք ձեր հաշվապահին։ Բազայինը նոյեմբերն է, նոյեմբերի թվերի հիման վրա, պահումներն արդեն դեկտեմբերից կատարվել են։ Երբ դեկտեմբերի եկամտային հարկի հաշվարկը կներկայացնեք, դուք հաջորդ օրը կստանաք պարտավորության մասին ծանուցում։
- Սոլովյովը երկար ժամանակ, կարծեմ, դիրքավորվել է՝ որպես Արցախի ու Հայաստանի բարեկամ։ Գիտեմ նաև, որ նրան Ադրբեջանում չեն ընդունում։ Եթե նրան տարիներ շարունակ իր խոսույթով չճանաչեինք, կարող էինք ասել, որ համագործակցված աշխատանք է գնում Հայաստանի իշխանությունների հետ, որովհետև Սոլովյովն իր օրեր առաջվա տխրահռչակ խոսույթով ամրապնդում է այս իշխանության «մտահոգությունները»՝ կապված ռուսական միջամտության հետ։ Պարոն Սոլովյովին մի բան կասեմ՝ իր հայտարարությունը չի փակում հայ-ռուսական հարաբերություններում առկա հարցերը, հակառակը, խորացնում է։ Նման վարքագիծը հայ-ռուսական հարաբերությունների առողջացմանը չի նպաստում։

- Քաղաքական ակտիվ դերակատարություն ունեցող բոլոր ուժերը գիտակցում են, որ մեկ քաղաքական ուժ միայնակ չի կարող «Քաղաքացիական պայմանագրին» հեռացնել իշխանությունից։ Դա նշանակում է, որ քաղաքական ուժերը պետք է պայմանավորվածություններ ձեռք բերեն։ Համախմբումը լինում է գաղափարական, նմանը՝ նմանի հետ։ Համընդհանուր համախմբում քաղաքականության մեջ չի լինում, որովհետև այն առաջին իսկ խոչընդոտի պարագայում փլվում է։ Հետևաբար, համախմբում հնարավոր է 4 իրական ուժային ընդդիմադիր կենտրոնների շուրջ։ Այստեղ է, որ այդ ուժերը պետք է հանդես գան միասնական օրակարգային կետերի շուրջ պայմանավորվածությամբ։
- «Միասնության թևերը», Արման Թաթոյանը որևէ անձնավորված հայտարարություն չենք արել, թեպետ մեզ հետո անձնավորված են հակադարձել։ Մենք խոսել ենք համակարգերի մասին։ Մենք ասել ենք՝ որպեսզի կտրենք Փաշինյանի սնունդը, ու նա չկարողանա վերարտադրվել նախկին-ներկա հակամարտության վրա, լավ կլինի, որ նախկին 3 նախագահների համակարգերը չվերարտադրվեն։
- Իրական ընդդիմադիր դաշտն ամեն ինչ պետք է անի, որ Հայաստանում մոլդովական սցենարը հանկարծ որևէ քաղաքական ուժի նկատմամբ չկրկնվի, անգամ այն ուժի, ում հետ դու համախմբվելու եզրեր չունես։
Մանրամասները՝ տեսանյութում։
