Ի՞նչ են արել կենսաթոշակային ֆոնդերի փողերը
Հայաստանի կենսաթոշակային ֆոնդերում ահռելի գումարներ են կուտակվել։ Բանկային համակարգին չեն հասնում, բայց նաև փոքր գումարներ չեն։ Պետական բյուջեին կիսով չափ են զիջում։ Խոսքը գրեթե 1.5 տրիլիոն դրամի մասին է, որն այսօրվա փոխարժեքով համարժեք է ավելի քան 4 մլրդ դոլարի։
Մեր տնտեսության չափանիշներով սա հսկայական գումար է։ Ցանկացած իշխանություն կերազեր այդքան ազատ միջոցներ տնօրինելու հնարավորություն ունենալու ու տնտեսական, ինչպես նաև ենթակառուցվածքային ծրագրերի իրականացմանը ծառայեցնելու մասին։ Բայց ի՞նչ են անում Հայաստանի այսօրվա կառավարիչները. Կենսաթոշակային ֆոնդերը դարձրել են քսակ, որտեղից պարտքով փող են վերցնում բյուջեի համար։ Փոխարենը մտածեին այդ հնարավորությունը լուրջ տնտեսական ծրագրերի իրականացմանն ուղղելու մասին։
Ի դեմս կենսաթոշակային հիմնադրամների, ֆինանսական մեծ միջոցների հետ գործ ունենք, որոնք գրեթե չեն ծառայում տնտեսության զարգացումներին։ Այդ գումարները, եթե նույնիսկ տարբեր խողովակներով մտնում են տնտեսության մեջ, դրանց տնտեսական արդյունքը շատ ցածր է։ Գրեթե չկան անմիջական ներարկումներ տնտեսության մեջ։
Թե ինչո՞ւ է այդպես, պետք է հարցնել իշխանություններին, որոնք այդպես էլ չեն կարողանում նպաստավոր պայմաններ ստեղծել, որպեսզի քաղաքացիների գրպանի ու պետական բյուջեի հաշվին ձևավորվող այդ հսկայական գումարներն արդյունավետ ծառայեն տնտեսությանը։
Ժամանակին, երբ ներդրվում էր կուտակային կենսաթոշակային համակարգը, նպատակը հետագայում այդ գումարները երկրի զարգացմանը ծառայեցնելն էր, տնտեսական արդյունք ապահովելը։ Տարիներն անցնում են, գումարները բավական ակտիվ տեմպերով ավելանում են, սակայն դրանց տնտեսական արդյունքը նկատելի չէ։ Անցած տարի իրականացված օրենսդրական փոփոխություններից հետո թույլ տրվեցին ֆոնդերին գումարների 10 տոկոսը ներդնել իրական տնտեսության մեջ։ Այս ընթացքում ընդամենը այդպիսի մի ծրագիր է հայտնի։ Խոսքը բանկային համակարգի հետ, սինդիկացված վարկի միջոցով Հրազդանում արհեստական բանականության ու տվյալների մշակման գործարանի կառուցման ֆինանսական մասնակցության մասին է։
Տնտեսական ծրագրերի մեջ ուղղակի ներդրումների փոխարեն՝ կենսաթոշակային ֆոնդերի գումարների մեծ մասն ավանդ է դրվում բանկերում կամ պարտքով տրվում է կառավարությանը՝ բյուջեի դեֆիցիտը ֆինանսավորելու համար։
Որքան էլ Կենտրոնական բանկի նախագահը համարում է, որ ֆոնդերի գումարներն այսքանով արդյունավետ ու նպատային են ծախսվում, իրականում դրանց արդյունավետությունը տնտեսության համար չափազանց ցածր է։
«Հայաստանի կուտակային կենսաթոշակային ֆոնդերում 1 տրիլիոն դրամից ավելի միջոցներ կան, որոնց առնվազն 60 տոկոսը ներդրված է Հայաստանի տնտեսության մեջ։
Ես կարծում եմ, որ, այո՛, այդ միջոցները սպասարկում են տնտեսությունը»,- վերջերս Ազգային ժողովում հայտարարեց ԿԲ նախագահը։
Անուղղակիորեն այդ գումարները գուցե մտնում են տնտեսություն, բայց էապես թանկանալուց հետո։
Կենսաթոշակային ֆոնդերի միջոցների 25 տոկոսից ավելին բանկերում ավանդ են դրված, հիմնականում դրամային ավանդ։ Հայտնի է, որ դրամային ավանդների գինն այսօր հասնում է 9-10 տոկոսի։ Սա նշանակում է, որ տնտեսության մեջ մտնելուց առաջ այդ փողն էապես թանկանում է բանկային համակարգում։ Ու երբ վարկերի միջոցով մտնում է տնտեսություն, գինը երբեմն հասնում է 15-18 տոկոսի։ Հետո էլ զարմանում ենք, թե ինչու են վարկերը Հայաստանում այսքան թանկ։ Ֆոնդերն իրենց հերթին են փող աշխատում այդ փողի վրա, բանկերը՝ իրենց։
Բանկերում թանկ վարկեր դառնալու փոխարեն՝ այս գումարները կարող էին շատ ավելի էժան տեսքով հասնել տնտեսություն, եթե դրա համար լինեին անհրաժեշտ միջոցներ ու խողովակներ։ Բայց այդ միջոցներն ու ենթակառուցվածքները Հայաստանում շատ թույլ են կամ արդյունավետ չեն գործում։
Պատճառներից մեկն այն է, որ չկան հուսալի ծրագրեր։
«Մենք իրական լավ պրոյեկտների կարիք ունենք, որոնք հաճույքով կֆինանսավորվեն կենսաթոշակային ֆոնդերի կողմից»,- ասում է ԿԲ նախագահը։
Կենսաթոշակային ֆոնդերը գուցե հաճույքով կֆինանսավորեն այդպիսի պրոյեկտները, բայց մեր երկրում ո՞ւր են հեռանկարային, առավել ևս՝ խոշոր ծրագրեր, որպեսզի ներդրումներ արվեն։ Արհեստական բանականության գործարանի կառուցումն էլ, որը «երկնքից ընկավ», ավելի շատ քաղաքական, քան տնտեսական պրոյեկտ էր։
Թե ինչո՞ւ Հայաստանում «իրական լավ պրոյեկտներ» չկան, պետք է հարցնել իշխանություններին։ Այնպես են արել, որ գործող պրոյեկտներին մոտ չեն գալիս, ուր մնաց, թե նոր պրոյեկտներ իրականացնեն։ Ո՞վ պիտի ներդրումային պրոյեկտ իրականացնի մի երկրում, որտեղ ներդրումային անվտանգությունը գրեթե զրոյացված է։ Կարող են փայ մտնել ներդրողի հետ կամ ուղղակի խլել սեփականությունը։ Այսպիսի պայմաններում կենսաթոշակային ֆոնդերը չէ, ով ուզում է՝ լինի, ինչքան էլ ազատ միջոցներ ունենան, խելքը հացի հետ չեն կերել, տնտեսության մեջ ներդնելու համար։
Ու քանի որ այդպես է, կենսաթոշակային ֆոնդերի գումարները գնում են բանկ ու դառնում թանկ վարկային միջոց։ Մի մասն էլ պարտատոմսերի միջոցով պարտքով տալիս են կառավարությանը։ Որքան էլ աբսուրդային լինի, կառավարությունը մի կողմից՝ պետական բյուջեի գումարները տալիս է ֆոնդերին, մյուս կողմից՝ պարտատոմսերի միջոցով տոկոսով հետ է վերցնում, որպեսզի կարողանա այդ նույն բյուջեի դեֆիցիտը ֆինանսավորել։
Բյուջեի միջոցների նման անարդյունավետ ծախս դժվար է պատկերացնել։ Բայց սա այն է, ինչ կա։
Այնպես է ստացվել, որ կենսաթոշակային ֆոնդերի միջոցների գրեթե 42 տոկոսը հենց պարտատոմսերի մեջ է ներդրված։ Խոսքը գրեթե 1.7 մլրդ դոլարի մասին է։
Այդ գումարի հիմնական մասը՝ գրեթե 1.5 միլիարդը, ներդրված է հենց պետական պարտատոմսերի մեջ։ Այսինքն՝ պարտք է տրված կառավարությանը։
Կառավարության ներքին պարտքը, որը վերջին տարիներին մի քանի անգամով ավելացել է, ավելացել է նաև այս գումարների հաշվին։ Այս պահին կենսաթոշակային ֆոնդերին կառավարությունը 1.5 մլրդ դոլար է պարտք։
Ֆոնդերի գումարներից գրեթե 1.3 մլրդ դոլար էլ ներդրված է, այսպես կոչված՝ կոլեկտիվ ներդրումային գործիքի մեջ։ Իրական ու արդյունավետ ներդրումը հենց սա է։ Բայց այդ գումարները ներդրված են ոչ թե Հայաստանի, այլ ուրիշ երկրների տնտեսությունների մեջ։ Հայաստանում, եթե նույնիսկ կան այդպիսի ներդրումներ, չափազանց քիչ են։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

