Ադրբեջանը փորձում է մեզանից խլել Ուրարտուն` Արարատի թագավորությունը. պլանավորված գործընթաց է. Միքայել Բադալյան
Վերջին օրերին համացանցում, հատկապես՝ ադրբեջանական տարբեր մեդիա հարթակների կողմից տարածվում է այն լուրը, որ Նախիջևանի Օձասար լեռան վրա գտել կամ վերագտել են ուրարտական Իշպուինի և Մենուայի համատեղ գահակալությանը վերաբերող սեպագիր արձանագրություն: Ի՞նչ նպատակ է հետապնդում ադրբեջանական այս քարոզչությունը:
Զրուցել ենք պատմական գիտությունների թեկնածու, հնագետ, ուրարտագետ, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի նախկին տնօրեն Միքայել Բադալյանի հետ:
– Պարոն Բադալյան, վերջին օրերին համացանցում, հատկապես՝ ադրբեջանական տարբեր մեդիա հարթակների կողմից տարածվում է այն լուրը, որ Նախիջևանի Օձասար լեռան վրա գտել կամ վերագտել են ուրարտական Իշպուինի և Մենուայի համատեղ գահակալությանը վերաբերող սեպագիր արձանագրություն: Այդ նորությունը նաև տարածվում է Հայաստանում: Որպես ուրարտագետ` ի՞նչ կարող եք ասել այդ մասին:
– Իրականում Օձասարի ուրարտական արձանագրությունը հայտնաբերվել է 1988 թվականին՝ Հայաստանի Հանրապետության Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության սեյսմոքիմիայի և անալիտիկ կենտրոնի տնօրեն, երկրաբանական գիտությունների թեկնածու Վ. Իգումնովի կողմից: 1996 թվականի Վ. Իգումնովի, Հ. Կարագյոզյանի և Ս. Հմայակյանի կողմից «Պատմաբանասիրական հանդեսում» տպագրվել է հոդված Օձասարի արձանագրության և դրա ընթերցման վերաբերյալ: Հետագայում նշանավոր ուրարտագետներ Ն. Հարությունյանը և Մ. Սալվինին ևս հրատարակել են այդ արձանագրության վերաբերյալ հոդվածներ՝ որոշակի ճշտումներ մտցնելով դրա ընթերցման համար: Վերջին տարիներին Օձասարի արձանագրությանը անդրադարձել է նաև հայտնի ուրարտագետ Ռ. Դանը, իսկ դրա տեքստում հիշատակվող պաշտամունքային ասպեկտներին՝ նաև տողերիս հեղինակը:
Արձանագրությունում նշվում է Իշպուինիի և Մենուայի կողմից Արծինի և Անիանի քաղաքների երկրները նվաճելու, Խալդի աստծո պատվին կոթող կանգնեցնելու, ինչպես նաև՝ Խալդիին և Խալդիի կնոջը կենդանական զոհաբերություններ մատուցելու մասին:
Օձասարը գտնվում է պատմական Հայաստանի Խոշակունիք բնակավայրի մոտ:

– Իսկ Ձեր կարծիքով՝ ի՞նչ նպատակ ունի այժմ Օձասարի արձանագրության տարածումը: Արդյո՞ք դա ունի զուտ գիտական նպատակ, թե՞ կարող է ունենալ նաև քաղաքական ենթատեքստ:
– Ինչո՞ւ հենց այս ժամանակաշրջանում ադրբեջանցիները սկսեցին տարածել Օձասարի արձանագրությունը գտնելու լուրերը: Բացի այդ, նրանք արդեն խոսում են, որ արձանագրությունը փաստում է Նախիջևանում ուրարտական տերության ներկայության մասին և նաև նշում են, որ եղել է նաև frontier:
Մինչև վերջերս ադրբեջանցիները պաշտոնական մակարդակով արգելում էին նշել, գրել, որ Նախիջևանում եղել է ուրարտական տերության ներկայություն: Նույնիսկ Օղլան կալայից գտնված սեպագիր արձանագրությամբ մատնանշված տիպիկ ուրարտական կարասի բեկորը համարում էին տեղական գրի դրսևորում: Նրանք նույնիսկ Նախիջևանում աշխատող օտարերկրացի գիտնականներին էին փորձում ստիպել, որ իրենց աշխատանքներում նշեն, որ Նախիջևանում ուրարտական ներկայության հետքեր չկան:
Դրա վառ ապացույցներից մեկն է ամերիկացի նշանավոր հնագետ, Բրեդլի Փարքերի “Azeri Nationalism and the Silencing of the Past”-ը, որն իր զեկուցման տեքստն է, որտեղ հայտնի գիտնականը դրել է իր և ադրբեջանցիներից իրեն ուղղված նամակի հաղորդագրությունը, որտեղ վերջինս Փարքերին փորձում է համոզել, որ Նախիջևանի ամրոցներն ուրարտական չեն:
Սակայն, այժմ մեկ էլ տեսնում ենք, որ Նախիջևանում վերագտել են Օձասարի արձանագրությունը: Հարց է առաջանում. եթե նրանք շատ ուզենային, կարող էին ավելի վաղ գտնել այդ արձանագրությունը: Մյուս հարցն է առաջանում, իսկ ինչո՞ւ են հենց հիմա սկսել ներկայացնել այդ արձանագրության մասին, խոսել Նախիջևանում ուրարտական ժառանգության մասին: Շատ հետաքրքիր է, որ Հայոց պատմության 7-րդ դասարանի սխալաշատ, խայտառակ դասագրքի Ուրարտուի խայտառակ քարտեզում, որն այդպես էլ չփոխվեց, ներկայիս Հայաստանի Հանրապետությունը չկա, Էրեբունին չկա, այսինքն` Ուրարտուի քարտեզում ներկայիս Հայաստանի Հանրապետությունը ներառված չէ: Բայց այ, Նախիջևանը ներառված է: Հիշեցնեմ, որ նույն դասագրքի հայերի ծագմանը վերաբերող առաջին տեսություն է ներկայացվում, որ համաձայն բալկանյան վարկածի՝ հայերի նախնիները Բալկաններից գաղթած փռյուգիացի գաղութարարներ են: Ոչ մի խոսք Էրեբունի-Երևան կապի մասին, Տիգրան Մեծի քարտեզում դա Ադրբեջանն է, և այդպես շարունակ…

Ներկայումս ադրբեջանցիները սկսել են քարոզել, որ հայերն Ուրարտուի հետ որևէ կապ չունեն: Իմ անձնական կարծիքով, այս հանգամանքները կարող են վկայել այն մասին, որ սկսվել է մի գործընթաց, ընդ որում, պլանավորված գործընթաց, երբ մեզնից փորձ են անում խլել Ուրարտուն: Ընդ որում, եթե առաջ Ուրարտուին՝ Արարատի թագավորությանը հավակնում էր Թուրքիան, հիմա հայտ է ներկայացնում նաև Ադրբեջանը:

