44-օրյա պատերազմը կանգնեցնելու հոկտեմբերի 7-ի առաջարկը, կամ՝ հումանիտար հրադադարների հետքերով

Սեպտեմբերի 24-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հարցազրույցում անդրադարձել է 44-օրյա պատերազմի ժամանակ՝ 2020թ. հոկտեմբերի 19-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ պատերազմը կանգնեցնելու առաջարկին, որը ՀՀ իշխանությունները մերժել են: Այստեղ Ռուբինյանն, ի պատասխան հարցի, հիշեցրել է 44-օրյա պատերազմի ժամանակ հայտարարված հրադադարների մասին:

«Վարչապետ Փաշինյանը 3 անգամ համաձայնություն է ձեռք բերել հրադադարի վերաբերյալ: Առաջին անգամ հրադադարի վերաբերյալ համաձայնությունը ձեռք է բերվել Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ, երկրորդ անգամ՝ Էմանուել Մակրոնի, երրորդ անգամ՝ ամերիկյան կողմի: Սուտ է այդ պնդումը, երեք անգամ հայկական կողմը համաձայնվել է հրադադարի, և երեք անգամ այդ հրադադարը խախտվել է: Հետևաբար, սա իրենց համար միջոց է մեղքը բարդելու հայկական կողմի վրա»,- ասել է նա:

Ներկայացնենք, ի՞նչ պայմաններում և ինչի՞ համար են հայտարարվել այդ հրադադարները, ի՞նչ իրադարձություններ են նախորդել և հաջորդել դրանց, դրվագ առ դրվագ կանդրադառնանք փաստերով:

Դրվագ առաջին

Կարդացեք նաև

Պատերազմի 4-րդ օրը՝ 2020թ. սեպտեմբերի 30-ին, Անվտանգության խորհրդի նիստում այդ ժամանակ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն առաջարկել էր «երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում այս ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն և յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ»:

Ավելին, գեներալը 2020թ. նոյեմբերի 17-ի իր ուղերձում հայտնել էր, որ «նմանատիպ գնահատականներ ես բազմաթիվ անգամ ներկայացրել եմ նաև վարչապետի հետ շուրջօրյա աշխատանքի ընթացքում, ինչպես նաև անվտանգության խորհրդի նիստերում»:

Օնիկ Գասպարյանի այս առաջարկը չի՛ ընդունվել:

Ընդ որում, այն, որ նման առաջարկ եղել է, Փաշինյանը, ըստ էության, հաստատել էր կամ առնվազն չէր հերքել 2020թ. դեկտեմբերին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում: Արդեն իր հրաժարականի պահանջով Գլխավոր շտաբի 2021թ. փետրվարի 25-ի հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը հետ էր կանգնել իր խոսքից, հատկապես այն ժամանակ, երբ ակտիվացել էր նաև Անվտանգության խորհրդի (ԱԽ) քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ հայտարարելով, թե Օնիկ Գասպարյանը ստում է, առաջին անգամ պատերազմը կանգնեցնելու առաջարկ արվել է 2020-ի հոկտեմբերի 19-ին:

Ի դեպ, 2020թ. նոյեմբերի 10-ին «Զրույց քաղաքացու հետ. իմ մեղքը» վերտառությամբ ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ Փաշինյանն անդրադառնալով իր մեղքերին և սխալներին պատերազմը կանխելու տրամաբանության մեջ, մասնավորապես, նշել էր.

«…Հաջորդ հարցադրումը հետևյալն է, եթե այսպես էր, ինչո՞ւ, օրինակ, պատերազմի 3-րդ օրը, 4-րդ օրը, 5-րդ օրը, 6-րդ օրը չեն փորձել կանխել դրա հետագա զարգացումը: Նախ, սկզբնական շրջանում պատերազմը բավականին հաջող էր ընթանում հայկական կողմի համար, և երկրորդը՝ պատերազմը կանխելու պայմանը նույնն էր, ռազմաճակատից իրավիճակը չէր փոխվում: Այսինքն, եթե մենք մեծ հաջողություն չէինք ունենում, ռազմաճակատի իրադրությունից դա ամենևին չէր փոխվում: Այսինքն, պայմանը նույնն էր՝ 5 տարածքի վերադարձ՝ առանց ԼՂ կարգավիճակը ճշգրտելու և կարգավիճակի ճշգրտման հստակ մեխանիզմ չունենալու: Ինչո՞ւ չեմ եկել և դա չեմ ասել: Որովհետև ես հավատում էի, որ մենք կարող ենք պայքարել, և դրա համար փորձում էի անել ինձանից կախված առավելագույնը»:

Ի՞նչ է ստացվում՝ Փաշինյանն Օնիկ Գասպարյանից առաջ է գաղտնազերծել, որ պատերազմի 4-րդ, 5-րդ օրը մարտական գործողությունները կանգնեցնելու խոսակցություն եղել է:

Դրվագ երկրորդ

2023թ. հունիսի 20-ին Քննիչ հանձնաժողովում Փաշինյանը հայտարարել էր, որ պատերազմը կանգնեցնելու առաջին խոսակցությունը ՌԴ նախագահի հետ տեղի է ունեցել 2020թ. հոկտեմբերի 7-ին՝ Պուտինի ծննդյան օրը:

«…Մեր ըմբռնումն այն էր, որ կրակը պետք է դադարի առանց նախապայմանների, կողմերը պետք է մնան այդ պահին իրենց զբաղեցրած դիրքերում, որից հետո պիտի սկսվեն խորհրդակցություններ, թե որոնք են այն կոմպրոմիսները, որոնց պատրաստ են կողմերը: Ասացի, որ այդ տարբերակն ընդունելի է մեզ համար:

Նույն օրը երեկոյան տեղի ունեցավ իմ երկրորդ հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ, և նա ասաց, որ խոսել է Ադրբեջանի նախագահի հետ, սակայն վերջինս ասել է, որ ինքը պատրաստ չէ գնալ կրակի դադարեցման, այսինքն՝ համաձայն չէ հրադադար հաստատել: Հաջորդ օրը Ռուսաստանի նախագահն ինձ տեղեկացրեց, որ հրադադարի համար ադրբեջանական կողմը նախապայման ունի. ակնկալում է, որ առանց մարտի իրենց հանձնվի Ֆիզուլին և հայկական ուժերն Արաքսի երկայնքով նահանջեն մինչև Խոդաֆերինի ջրամբար՝ այնպես, որ ջրամբարը լինի Ադրբեջանի վերահսկողության տակ, և նրանք կարողանան այնտեղից ջուր վերցնել ոռոգման նպատակով:

Բացի դա, Ադրբեջանի ղեկավարությունն ակնկալում է ետ ստանալ Արցախում սպանության և մարդու առևանգման համար իրենց պատիժը կրող Գուլիևին ու Ասկերովին՝ հնարավոր համարելով իր հերթին՝ գերիներ վերադարձնել:

Ընդ որում, այս ամենի դիմաց ոչ թե ռազմական գործողությունների դադար է հայտարարվում, այլ ընդամենը հումանիտար հրադադար՝ զոհվածների հուղարկավորությունը կազմակերպելու համար»,- մանրամասնել էր Փաշինյանը և հավելել.

«Ասացի, որ նախապայմաններն ընդունելի չեն…, և նույնիսկ, եթե ես համաձայնվեմ զորքերի նահանջին՝ ոչ մի երաշխիք չկա, որ նահանջի ընթացքում Ադրբեջանը չի շարունակի հարձակումը: Այնուամենայնիվ, որոշակի ճկունություն ցուցաբերեցի՝ արձանագրելով, որ Խոդաֆերինի ջրամբարից ջրի համատեղ օգտագործումը հնարավոր է…»:

Թե ինչ ճկունության մասին է խոսքը, մինչ այս հայտնի չէ, ինչպես նաև այն, թե արդյո՞ք այս պահից են սկսել հարավային ուղղությամբ նահանջները:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Ազգային պաշտպանություն» ամսագրին տված հարցազրույցում  ևս անդրադարձել էր Պուտինի հետ 2020թ. հոկտեմբերի 7-ի իր զրույցին:

«Մենք նաև քննարկեցինք, թե ինչպես և ինչ անել պատերազմը դադարեցնելու համար»,- ասել էր Ալիևը՝ հավելելով, որ ունեցել է առաջարկներ, որոնց մասնակի իր հարցազրույցներից մեկում անդրադարձել է ՌԴ նախագահը, և, որ այդ առաջարկները պաշտպանել է ռուսական կողմը, սակայն հայկական կողմը մերժել է:

«Առնվազն երկու անգամ պատերազմական գործողությունների ընթացքում հայկական կողմը կորցրել է այդ պատմական հնարավորությունը»,- շեշտել էր Ալիևը:

Հավելենք, որ 2023թ. 168.am-ի հետ հարցազրույցում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը նշել էր, թե «պատերազմը կանգնեցնելու մասին ասվել է սեպտեմբերի 30-ին էլ, հոկտեմբերի 7-ին էլ»:

«Իսկ որ հարավային ուղղությամբ գործողությունների արդյունքում Ալիևը համաձայնել էր զինադադարի, իսկ սրանք չկնքեցին զինադադար, դրա մասին ինչի՞ չեն խոսում: Խոսքը հակառակորդին լուրջ վնասներ հասցնելու մասին է: Վերջին հաշվով, նաև այլ հարցեր կան, որ պիտի գնահատվեն: Բաներ կան, որ հիմա ես չեմ կարող ներկայացնել: Այդ ուղղությամբ տարբեր քննություններ են իրականացվում, չգիտեմ՝ այդ քննիչ հանձնաժողովը կա: Իսկ քանի որ այդ գործընթացները կան, մինչև դրանց ավարտը ես դրանք հանրայնացնելու իրավունքն էլ չունեմ, այլապես կդառնա գաղտնիք բացահայտել»,- շարունակել էր նա:

Իրականում 2020թ. հոկտեմբերի 7-ին առնչվող հետաքրքիր զարգացումներ են եղել, որոնք մինչև այս պահը հիմնականում աննկատ են մնացել: Իհարկե, հնարավոր է, որ ՀՀ ռազմական նախկին ղեկավարությունը Քննիչ հանձնաժողովում փակ հարցաքննության ժամանակ անդրադարձել է դրանց: Իսկ 2020թ. հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի միջնորդությամբ և մարդասիրական նպատակներով հայտարարվել էր հրադադար, որի համատեքստում միաժամանակ խոսվել էր առարկայական բանակցությունների անցնելու մասին, բայց Ադրբեջանը խախտել էր հրադադարը:

Դրվագ երրորդ

ԱԺ Քննիչ հանձնաժողովում Փաշինյանը հայտարարել էր մի բան, որը ևս աննկատ է մնացել:

«Առաջին անգամ 2020թ. հոկտեմբերի 13-ին էր, որ Ռուսաստանի Դաշնության նախագահին խնդրեցի պատասխանել հետևյալ ուղիղ և երկիմաստություններից զերծ հարցին. ի՞նչ պիտի անեմ, որ հրադադար հաստատվի, որ պատերազմը կանգնեցվի:

Նույն հարցադրման շուրջ Վլադիմիր Պուտինի հետ ավելի մանրամասն քննարկում ունեցա հոկտեմբերի 16-ին, և Ռուսաստանի նախագահը կարծիք հայտնեց, որ կարելի է փորձել 5 շրջանների վերադարձի դիմաց պատերազմը կանգնեցնելու մասին խոսել, իհարկե՝ առանց Ղարաբաղի կարգավիճակի որևէ հստակեցման, այսինքն՝ կարգավիճակի անորոշությամբ»,- ասել էր նա, իսկ հոկտեմբերի 18-ին արդեն Ֆրանսիայի նախագահ Մակրոնի միջնորդությամբ էր հրադադար հայտարարվել, որը դարձյալ խախտվել էր: 

Դրվագ չորրորդ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2020-ի նոյեմբերի 17-ին Россия-24-ի եթերում հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը սկզբում հրաժարվել է ընդունել հոկտեմբերի 19-20-ին հրադադարի մասին առաջարկը, երբ Ադրբեջանի բանակը գրավել էր Լեռնային Ղարաբաղի հարավում գտնվող մի փոքր հատված դեռևս:

«Ընդհանուր առմամբ ինձ հաջողվեց համոզել Ալիևին, որ կարելի է դադարեցնել ռազմական գործողությունները, բայց նրա կողմից պարտադիր պայման էր փախստականների վերադարձը, այդ թվում՝ Շուշի։ Ինձ համար անսպասելիորեն մեր հայ գործընկերների դիրքորոշումն այնպես ձևակերպվեց, որ դա նրանց համար անընդունելի է։ Եվ վարչապետ Փաշինյանն ինձ ուղղակի ասաց, որ դրանում վտանգ է տեսնում Հայաստանի և Ղարաբաղի շահերի համար։ Ինձ համար հիմա էլ այնքան էլ հասկանալի չէ, թե ո՞րն էր այդ սպառնալիքը: Ենթադրվում էր, որ խաղաղ բնակիչները կվերադառնան Շուշի, հայկական կողմը պահպանում էր վերահսկողությունը Ղարաբաղի տարածքի այդ մասի նկատմամբ, ներառյալ՝ Շուշին, և նկատի ունենալով մեր խաղաղապահների առկայությունը, իսկ մենք արդեն այդ ժամանակ պայմանավորվել էինք Հայաստանի և Ադրբեջանի հետ»,- ասել էր Վլադիմիր Պուտինը և ընդգծել՝ «Շուշի քաղաքի հանձնելու հարցը մինչև ղարաբաղյան այս պատերազմը երբեք չի դրվել»:

Քննիչ հանձնաժողովում Փաշինյանն անդրադարձել էր Պուտինի կողմից հոկտեմբերի 19-ին արված պատերազմը կանգնեցնելու առաջարկին:

«Հոկտեմբերի 19-ի առաջարկի համատեքստում պատերազմը կանգնեցնելու պայմանները հետևյալն էին.

1. Բոլոր 7 շրջաններն անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ: Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը թողնվում է անորոշ: ԼՂԻՄ այդ պահին արդեն կորսված տարածքները մնում են Ադրբեջանի վերահսկողության ներքո, իսկ այդ պահին ԼՂԻՄ էական տարածքներ արդեն Ադրբեջանի վերահսկողության ներքո էին:

2. Շուշին, վերը նկարագրված սցենարով, հանձնվում է Ադրբեջանին (փախստականների վերադարձ՝ հայկական հսկողությամբ):

3. Մեղրիում տեղակայվում են խաղաղապահներ և փաստացի ստեղծվում է միջանցք, այսինքն՝ մեր վերահսկողության ներքո չգտնվող շերտ՝ Ադրբեջանը Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը կապող:

Նման պայմաններին ես չէի կարող համաձայնվել, որքան էլ հասկանում էի իրադրության ծանրությունը»,- մանրամասնել էր նա: Հոկտեմբերի 26-ին արդեն ամերիկյան միջնորդությամբ է հայտարարվում հրադադար, որը դարձյալ ադրբեջանական կողմը խախտում է:

Իսկ նոյեմբերի 9-ին ստորագրվում է եռակողմ հայտարարությունը:

2020թ. նոյեմբերի 10-ին Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում Դավիթ Տոնոյանն ակնարկել էր, որ 2020թ. նոյեմբերին ստորագրված եռակողմ հայտարարությունը զինադադարի փաստաթուղթ էր:

«Այդ համաձայնագիրը, որն առավելագույնն էր, որ կարելի էր ունենալ ՌԴ խաղաղարար ուժերի տեղակայման առումով: Այսինքն, սա լավագույն տարբերակն էր, որը մշակվեց շատ կարճ ժամանակահատվածում: Խնդրում եմ ուշադրություն դարձնել, որ այդ փաստաթուղթը ավելի շատ խաղաղարար ուժերի տեղակայումն է որոշում: Այսինքն, դա ավելի շատ խաղաղապահներին է վերաբերում»,- ընդգծել էր նա:

Եթե հանրագումարի բերենք, ապա հարցեր կան պատասխանելու պատերազմի 4-րդ օրը մարտական գործողությունները կանգնեցնելու Օնիկ Գասպարյանի առաջարկի, հոկտեմբերի 7-ի Պուտին-Ալիև առաջարկների համատեքստում Փաշինյանի ցուցաբերած ճկունության հետ կապված, ինչո՞ւ չէ՝ հոկտեմբերի 19-ին կատարված իրադարձություններին, որոնց ամբողջությամբ այսօր չանդրադարձանք: Դա առանձին քննարկման թեմա է և բավականին ուշագրավ:

Տեսանյութեր

Լրահոս