Բռնազավթված Արևմտյան ափին կալանքից ազատ է արձակվել ՀԱՄԱՍ-ի հիմնադիրներից մեկը. AFP
Բռնազավթված Արևմտյան ափին կալանքից ազատ է արձակվել ՀԱՄԱՍ-ի հիմնադիրներից մեկը. AFP
Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման հիմնադիրներից մեկը՝ Հասան Յուսեֆը, ազատ է արձակվել իսրայելական կալանքից բռնազավթված Հորդանան գետի արևմտյան ափին, հայտնում է Ֆրանսպրես գործակալությունը՝ հղում անելով նրա որդուն։
71-ամյա Յուսեֆը առանց դատի ու քննության կալանքի տակ էր 2023 թվականի հոկտեմբերից։ Նա ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան առաջնորդն է Արևմտյան ափին՝ դառնալով խմբավորման հիմնադիրներից մեկը 1980-ական թվականներին՝ շեյխ Ահմադ Յասինի և «Մահմեդական եղբայրներ» կազմակերպության պաղեստինցի այլ անդամների հետ միասին։
Վերջին տարիներին Իսրայելը մի քանի անգամ ձերբակալել է Յուսեֆին։ Վերջին անգամ նա ազատ էր արձակվել 2020 թվականի հուլիսին՝ 16 ամիս տևած վարչական կալանքից հետո։

