44-օրյայում դրվեց Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան աշխարհաքաղաքական նախագծի սկիզբը. ինչ կամ ում շահն էր հետապնդում Պակիստանն Արցախում, ինչ սպասել այսօր

Հուլիսի 3-ին Աստանայում տեղի էր ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի և Պակիստանի վարչապետ Մուհամմադ Շահբազ Շարիֆի եռակողմ հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են պաշտպանական և ռազմական արդյունաբերության ոլորտում համագործակցության հարցեր։

Երեք երկրների ղեկավարներն ընդգծել են 2021 թվականին երեք երկրների հատուկ նշանակության ստորաբաժանումների մասնակցությամբ «Երեք եղբայրներ» կարգախոսով անցկացված զորավարժությունների կարևորությունը, և առաջարկվել է ապագայում էլ պարբերաբար համատեղ զորավարժություններ անցկացնել:

Խոսվել է ռազմական արդյունաբերության ոլորտում երեք երկրների համատեղ արտադրություն կազմակերպելու կարևորության մասին։

Հիշեցնենք, որ 2021 թվականին սեպտեմբերի 12-20-ը տեղի ունեցան Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի հատուկ նշանակության ուժերի առաջին համատեղ զորավարժությունները, որի նպատակը գործընկեր և բարեկամ երկրների հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումների փոխգործակցության կատարելագործումն էր մարտական գործողությունների ընթացքում, նախապատրաստումը գործողություններին խաղաղ և պատերազմական ժամանակ:

Կարդացեք նաև

Այս զորավարժություններից երկու ամիս հետո տեղի ունեցան նոյեմբերյան մարտերը, և ադրբեջանական ստորաբաժանումները ներխուժեցին Գեղարքունիքի և Սյունիքի մարզեր: Ադրբեջանական կողմը խոստովանել էր, որ Լաչինի միջանցքը վիզուալ վերահսկողության տակ պահելու համար դիմել է նաև ռազմական գործողությունների:

2021-ի նոյեմբերի 16-ի մարտական գործողությունների արդյունքում, ըստ ադրբեջանական լրատվամիջոցներում տեղադրված քարտեզների, թշնամու զինուժը կարողացել է դուրս գալ առանցքային և ռազմավարական կարևորություն ունեցող բարձունքներ՝ Արևելյան Սևանի լեռների կամ լեռնաշղթայի ուղղությամբ՝ դեպի Քարվաճառ, Քիլիսալի լեռան շրջակայքում մարտերի արդյունքում էլ գրավել են մի քանի հայկական դիրք: Այսինքն, Ադրբեջանը նպատակ է ունեցել իր վիզուալ վերահսկողության տակ պահել Լաչինի միջանցքը:

Չմոռանանք, որ Թուրքիայից և Իսրայելից բացի, Պակիստանը ևս իր ներդրումն ունի 44-օրյա պատերազմում Ադրբեջանի հաղթանակի հարցում, ինչն ադրբեջանական կողմը չի մոռանում:

2020 թվականի պատերազմի օրերին՝ հոկտեմբերի 27-ին, ռուսական «Կոմերսանտ» թերթը, հղում տալով իր իրազեկ աղբյուրներին, գրել էր, որ Պակիստանի Փեշավարից «մի քանի շաբաթ առաջ գրոհայինների առնվազն մեկ խմբավորում, զենքով և զինամթերքով, արդեն ուղարկվել է Ղարաբաղ»։

«Կոմերսանտից» առաջ Փաշինյանն ինքն է պատերազմի օրերին հաստատել, որ այսօրինակ տեղեկությունները համապատասխանում են իրականությանը: Մասնավորապես, 2020 թվականի հոկտեմբերի 25-ին հնդկական WION հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նա նշել էր.

«Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմում ներգրավված է ոչ միայն Ադրբեջանը, այլև Թուրքիան և Թուրքիայի կողմից ռազմական գործողությունների գոտի Սիրիայից բերված վարձկան ահաբեկիչներ: Դուք կարող եք պատկերացնել, թե ինչպիսի խառը և խառնաշփոթ իրավիճակի հետ գործ ունենք: Ի դեպ, մենք ունենք տեղեկություններ, որ նաև Պակիստանից են զինյալներ մասնակցում ընդդեմ Ղարաբաղի պատերազմին»:

Ի դեպ, պատերազմի օրերին «Կոմերսանտի» հետ զրույցում Աֆղանական քաղաքականության ուսումնասիրության կենտրոնի ղեկավար Անդրեյ Սերենկոն ասել էր, որ Պակիստանի բանակն ու հատուկ ծառայություններն Ադրբեջանին ռազմական առումով աջակցում են ոչ թե պաշտոնապես, այլ այնպես, ինչպես սովորել են Աֆղանստանի և Հնդկաստանի դեմ հիբրիդային պատերազմի երկար տարիների ընթացքում։ Այսինքն, նրանք գործի են դրել Պակիստանի միջգերատեսչական հետախուզության կողմից վերահսկվող ահաբեկչական կազմակերպությունների ցանցը։ Խոսքը «Ջամահաթ ի Իսլամի», «Ջաիշ է Մուհամեդ», «Ալ Բադր» կազմակերպությունների մասին է։

Ընդ որում, ռուսական պարբերականը գրել էր, որ «ղարաբաղյան խաղում» Իսլամաբադի մասնակցությունը պայմանավորված է թուրք-պակիստանյան հատուկ հարաբերություններով՝ Պակիստանի բանակի ղեկավարությունը միշտ թանկ է գնահատել Անկարայի հետ միությունը:

Ի դեպ, «Կոմերսանտի» Անդրեյ Սերենկոն դեռ 2020 թվականի պատերազմի օրերին կանխատեսել էր, որ Արցախի պատերազմում Թուրքիա-Պակիստան-Ադրբեջան ամուր գործընկերությունը հանգեցնելու է երկարաժամկետ աշխարհաքաղաքական միության՝ ի աջակցություն Անկարայի նեոօսմանյան հավակնությունների:

«Ղարաբաղում իրավիճակի սրումը միայն կատալիզատոր է՝ այդ սուպեր նախագծի թողարկման համար»,- ընդգծել էր նա:

Այսօր տեսնում ենք այն, ինչ 2020 թվականին կանխատեսվել էր, ավելին, ադրբեջանական կողմը չի էլ թաքցնում, որ Ադրբեջան-Թուրքիա-Պակիստան-Չինաստան աշխարհաքաղաքական դասավորությունը կարող է ուղղել ՀՀ-ի դեմ, կամ, որ Հայաստանը դրան դիմակայելու խնդիր կարող է ունենալ:

Այս համատեքստում նշենք, որ The News International-ի փոխանցմամբ, հուլիսի 12-13-ը նախատեսված է Ալիևի այցը Պակիստան:

Մինչ այդ հայտնի էր դարձել, որ Պակիստանի և Ադրբեջանի միջև կնքվել է 1,6 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ պայմանագիր՝ JF-17C Block-III կործանիչների մատակարարման համար: Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում տալով Պակիստանի լրատվամիջոցներին, հաղորդել էին, որ գործարքը ներառում է ինքնաթիռներ, զինամթերք և ուսուցում:

Մինչդեռ, ՀՀ իշխանությունները կարծես թե այս ամենը չեն նկատում, օրինակ, որ հանուն Թուրքիայի հետ ամուր հարաբերությունների, Պակիստանը կարող է ներգրավված լինել սահմանային ագրեսիաներում, և այս անգամ ՀՀ ինքնիշխան տարածքում, որն Ադրբեջանի վերահսկողության տակ է, և դրա նախապատրաստությունը կարող են անել համատեղ զորավարժությունների շրջանակում, հատկապես, երբ Պակիստանն այդպես էլ չի ճանաչել անկախ Հայաստանը, չկան դիվանագիտական հարաբերություններ:

Ի դեպ, «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը թուրք-ադրբեջանական օրակարգից դուրս չի եկել, և այն հենց թուրքական նախագիծ է:

Տեսանյութեր

Լրահոս