Ա՜յ անգրագետ, խնդրում էիր՝ բացահայտումներ չանեմ, հիմա դատի ես տալի՞ս․ դատարանում անուններ կտամ․ Գագիկ Համբարյան
ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանը ֆեյսբուքյան գրառման համար դատի է տվել քաղաքագետ Գագիկ Համբարյանին՝ պահանջելով ներողություն խնդրել, բացի այդ՝ նա պահանջում է նաև 3 միլիոն ՀՀ դրամի չափով փոխհատուցում։
168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում Գագիկ Համբարյանը նշեց, որ հայցը դեռ չի ստացել, լրագրողներից է իմացել, որ Դավոյանն իրեն դատի է տվել․ «Ես չհասկացա՝ ինքը որ գրառումից, որ բառերից է վիրավորվել։ Խնդիրն այն է, որ այս կինն անգրագետ է․ Գոշավանքը չի տարբերում Հաղարծինից։ Այդ անձը, ով եկեղեցին թիրախավորում է, վիրավորում է Կաթողիկոսին, մոռանում է, թե ինքն ով է։ Ես մարդկանց անձնականի մեջ չեմ մտնում, բայց երբ տեսնում եմ, որ իմ հարազատ եկեղեցուն և նրա առաջնորդին թիրախավորում է ինչ-որ մեկը, ցանկանում եմ իմանալ, թե այդ մարդու կյանքն ինչպիսին է»։
Համբարյանը նշեց, որ Դավոյանը ժամանակին ընդհանուր ծանոթների միջոցով իրեն խնդրել է մանրամասներ չբացահայտել իր շրջապատի որոշ ներկայացուցիչների մասին․ «Հիմա դատի ես տալի՞ս։ Ոչինչ, այդ մասին մանրակրկիտ մենք դատարանում կբացահայտենք։ Անունները կտամ՝ ում է խնդրել, ով է ինձ դիմել, հլա տեսնեմ՝ 3 միլիոն դրամի տակից ինչպե՞ս է դուրս գալու։ Եկեղեցու հասցեին վիրավորանքներ է գրում, ես էլ Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ եմ և վիրավորվում եմ իր վարքագծից»։
Նա նկատեց՝ հանրային դեմքերը որևէ բան հրապարակելուց առաջ պետք է գոնե ստուգեն․ «Դավոյանը գրել էր, որ ուրախ կլիներ, եթե Արագածոտնի թեմի եկեղեցիներից կամ թեմի առաջնորդարանից ոստիկանները կամ իրավապահները հանեին Կաթողիկոսի շորերը։ Մարդ ինչքա՞ն անմեղսունակ կարող է լինել, որ մտածի, թե Կաթողիկոսի շորերը կարող են լինել Արագածոտնի թեմի առաջնորդարանում։ Կաթողիկոսի շորերը, աղջիկ ջան, կարող են լինել միայն Վեհարանում, որովհետև կաթողիկոսն այդտեղ է ապրում։ Հասկանում եք, չէ՞՝ այսպիսի պրիմիտիվ, տգետ մտքեր է հայտնում, հետո վիրավորվում է, որ ասում ես՝ ինքը անգրագետ է, ու ինքը հանրային դեմք է և քաղաքական գործիչ»։
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում



