10.000 դրամ՝ ձայնի դիմաց. Նախընտրական առուծախը թափ է հավաքում

Տեսան՝ ապահովագրությամբ ու հետվճարով թոշակառուներին չեն կարողանում խաբել, որոշել են թոշակի բարձրացմամբ կաշառել։ Մինչև վերջերս Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ թոշակները բարձրացնենք, որ ի՞նչ անեն, միևնույն է՝ ծախսել չգիտեն, ընտրություններից 2 ամիս առաջ որոշել է թոշակ բարձրացնել։

Հիմա սա նախընտրական կաշա՞ռք է, թե՞ ոչ։

Իհարկե, լավ է, որ թոշակառուներին վերջապես հիշել են, ՔՊ-ականները կասեն՝ տատիկ-պապիկների մասին ենք մտածում, բա հարցնող լինի՝ ինչո՞ւ դա նախկինում չէիք անում, միայն ընտրություններից առաջ հիշեցիք թոշակառուներին։ Թե՞ թոշակառուներն արդեն սովորել են՝ ինչպես ծախսել իրենց չնչին թոշակները։

Սա բացահայտ քաղաքական կաշառք է, որով ընտրություններից առաջ քաղաքական իշխանությունն ուզում է իրենով անել թոշակառուների ձայները։ Ընտրական օրենսգրքով արգելել են ընտրությունների նշանակումից հետո անգամ բարեգործական խոստումներ տալը, իսկ իրենք պատրաստվում են բացահայտ կաշառք բաժանել։ Տակն էլ այնպիսի հիմնավորում են դրել, որ «եփած հավի ծիծաղը կգա»։

Կարդացեք նաև

«Ես ուզում եմ նաև պարզաբանել, թե ինչո՞ւ է որոշում կայացվում հիմա և ինչի՞ հետ է կապված՝ հենց հիմա որոշում կայացվում։ Առաջինը՝ դուք գիտեք, որ Հայաստանում տնտեսական աճը 2025թ. եղել է կանխատեսվածից ավելի բարձր, ընդ որում, ավելի բարձր կանխատեսվածից՝ նաև միջազգային կազմակերպությունների կողմից։ Սա մեզ համար լրացուցիչ հնարավորություն է ստեղծում, և Հայաստանի քաղաքացիներն այդ տնտեսական աճի արդյունքը պետք է տեսնեն նաև իրենց կյանքում»,- ընտրություններից անմիջապես առաջ թոշակների բարձրացումը փորձում է այսպես հիմնավորել Նիկոլ Փաշինյանը՝ չհասկանալով, որ դրանով հաստատում է, որ թոշակների սպասվող բարձրացումն ուղիղ կապ ունի ընտրությունների ու բացարձակ կապ չունի տնտեսական աճի հետ։

Առաջին անգամ չէ, որ Հայաստանում կանխատեսվածից բարձր տնտեսական աճեր են արձանագրվում։ Այդպես է առնվազն վերջին մի քանի տարիներին կամ ռուս-ուկրաինական հակամարտությունից հետո։ Այդ տարիներին Հայաստանում նույնիսկ ավելի բարձր տնտեսական աճեր են գրանցվել, քան անցած տարի։ Բայց չգիտես ինչու, այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանը չէր մտածում այն մասին, որ շարքային քաղաքացիներն ու հատկապես թոշակառուներն էլ պետք է տեսնեն տնտեսական աճի արդյունքը։

Ակնհայտ է, չէ՞, թե ինչո՞ւ այն ժամանակ թոշակները չէին բարձրացնում, իսկ ինչո՞ւ հիմա որոշեցին բարձրացնել, երբ դեմն ընտրություններն են։ Առավել ևս, որ նախորդ տարիներին շատ ավելի բարձր տնտեսական աճեր էլ են եղել։

Մյուս հարցն էլ այն է, թե որտեղի՞ց են բերելու այն գումարները, որոնց հաշվին պիտի բարձրացնեն թոշակները։ Չէ՞ որ, նման գումարներ պետական բյուջեում չեն դրել, ու դա նշանակում է, որ միտք էլ չեն ունեցել թոշակ բարձրացնել։ Եթե հիմա որոշել են բարձրացնել, ինչ-որ տեղից այդ գումարները կտրելու են, բերեն թոշակ բարձրացնեն։ Մյուս տեղում է ճեղք առաջանալու, մյուս տեղում նախատեսված ծրագրերը չեն կատարվելու։

Այսքանից հետո, պարզ է, որ թոշակների բարձրացումն այն բանի համար չէ, որ թոշակառուներն էլ տեսնեն տնտեսական աճի արդյունքները։ Սա թոշակառուներին տրվող նախընտրական կաշառք է ու անցած տարվա վերջին իրենց տված բարձր  պարգևավճարներն արդարացնելու փորձ։

Մի քանի հազար դրամով կբարձրացնեն թոշակներն ու կասեն՝ թոշակառուներն էլ անմասն չեն մնացել տնտեսական աճի արդյունքներից։ Դրա քողի տակ ուզում են մոռացության տալ իրենց միլիոնների պարգևավճարները։ Հատկապես որ, պատրաստվում են առաջիկայում էլ պաշտոնյաներին պարգևավճարներ բաժանել ու այժմվանից հիմքեր են ստեղծում այն հիմնավորելու համար։ Չնայած մի քանի հազար դրամով թոշակի բարձրացումով երբեք էլ նման հիմքեր չեն կարողանալու ստեղծել՝ իրենց միլիոնների պարգևավճարներն արդարացնելու համար։

Հայտարարելով ապրիլի 1-ից թոշակները բարձրացնելու մասին, Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չհստակեցրեց, թե դա ինչպե՞ս է արվելու, ով ինչպե՞ս է զգալու դա իր թոշակի վրա։

«Ապրիլի 1-ից կենսաթոշակները Հայաստանի Հանրապետությունում կբարձրանան։

Ընդ որում, համեմատաբար ցածր թոշակները կբարձրանան 10 հազար դրամով, համեմատաբար բարձր թոշակները կբարձրանան ավելի քիչ»,- թոշակառուներին նախընտրական աչքալուսանք տվեց Նիկոլ Փաշինյանը։

ՔՊ-ականներն անմիջապես սկսեցին տիրաժավորել իրենց ղեկավարի ակնհայտ նախընտրական հայտարարությունն ու, ինչպես միշտ, սկսեցին մանիպուլացնել հասարակությանը՝ տպավորություն ստեղծելով, թե ապրիլի 1-ից բոլորի թոշակները Հայաստանում 10 հազար դրամով բարձրանում են։ Այնինչ՝ 10 հազար դրամ բարձրացումը, ըստ Նիկոլ Փաշինյանի, վերաբերելու է միայն ցածր կենսաթոշակներին։ «Բարձր կենսաթոշակներն» ավելի քիչ են բարձրանալու, 10 հազար դրամով չեն բարձրանալու։ Բայց ՔՊ-ականները ձեն ձենի տված՝ բոլորի կենսաթոշակները 10 հազար դրամով բարձրացնելուց են խոսում։ Եթե այդպես լիներ, դժվար է պատկերացնել, որ Նիկոլ Փաշինյանն իրեն կզրկեր այդ մասին հայտնելու գայթակղությունից։

Սրա տակ ինչ-որ բան կա թաքնված, որի ձայնը հետո կլսենք։

Այն, որ ինչպես նվազագույն, այնպես էլ միջին թոշակը Հայաստանում շատ ցածր է ու վաղուց պետք է բարձրանար, միանշանակ է։ Այնպես չէ, որ համեմատաբար բարձր թոշակ ստացող թոշակառուները կարողանում են յոլա գնալ այդ գումարով։ Բարձր ասված թոշակն էլ Հայաստանում շատ ցածր է ու հեռու նվազագույն սպառողական զամբյուղի պարունակությունից։

Թոշակների խոստացվող մի քանի հազար դրամ բարձրացումն էլ թոշակառուներին մեծ բան չի տալու, առավել ևս՝ այս համատարած թանկացումների, գնաճի ու հատկապես սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների գների տարեսկզբին արձանագրվող ակտիվ բարձրացումների պայմաններում։ Դեռ չհաշված, որ վերջին տարիներին Հայաստանում բազային կենսաթոշակը չի բարձրացել, չնայած արձանագրված գնաճին։ Ու այն, ինչ ընտրություններից առաջ քաղաքական իշխանությունը քաղաքական կաշառքի տեսքով պատրաստվում է առաջարկել թոշակառուներին, չի փակելու անգամ նախորդ տարիների գնաճի ազդեցությունը, էլ ուր մնաց, թե այս տարվանը փակի։

Այնպես որ, նույնիսկ նախընտրական այս կաշառքը թոշակառուներին չի փրկելու աղքատանալուց։ Նրանք շարունակելու են ավելի վատ ապրել, քան ապրում էին նախկինում։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս