
Պակիստանի վարչապետը հաստատել է պնդումը՝ Ադրբեջան-Թուրքիա-Պակիստան հարաբերություններն «ամրացրել է» 44-օրյա պատերազմը

Մենք երեկ անդրադարձել ենք օկուպացված Լաչինի օդանավակայանի բացման փաստին, ինչպես նաև դրա ռազմավարական նշանակությանը, որ այն Ադրբեջան-Թուրքիա-Պակիստան համատեղ ուղերձ է տարածաշրջանին և հնարավորություն է տալիս Ադրբեջանին իր դաշնակիցների հետ վերահսկել Հայաստանի, Իրանի հյուսիսային սահմանները:
Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկն իր վերլուծականում ակնարկել էր, թե տարածաշրջանում, ըստ էության, Հնդկաստան-Իրան-Հայաստան եռյակը գործում է ընդդեմ Ադրբեջան-Թուրքիա-Պակիստան դաշինքի՝ նշելով, որ Հարավային Կովկասում տարանցիկ երթուղիների խնդիրը վաղուց դուրս է եկել տարածաշրջանային լոգիստիկ շրջանակից, որը վերածվել է գլխավոր խաղացողների աշխարհաքաղաքական մրցակցության հարթակի:
Ուստի, ըստ ադրբեջանական հոդվածագրի, Հնդկաստանի համար «Զանգեզուրի միջանցքի» ճակատագիրը հատուկ նշանակություն է ստանում՝ և՛ Չինաստանի հետ ռազմավարական մրցակցության համատեքստում, և՛ Պակիստան-Թուրքիա-Ադրբեջան առանցքի: Միաժամանակ, նշվում է, որ Թուրքիան և Ադրբեջանը, օգտագործելով Պակիստանի աջակցությունը, իրենց օրակարգն են առաջ մղում՝ ապավինելով ամուր դաշինքներին և ակտիվ ենթակառուցվածքային դիպլոմատիային:
Ավելի վաղ «The Central Asia-Caucasus Analyst»-ի վերլուծությունում էլ խոսվում էր, թե մեր տարածաշրջանում ձևավորվել է իրար հետ մրցակցող երկու բլոկ՝ «երեք եղբայր» կամ Ադրբեջան-Թուրքիա-Պակիստան և Հայաստան-Ֆրանսիա-Հնդկաստան:
Իսկ այսօր օկուպացված Լաչինում Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը, ըստ էության, հաստատել է մեր այն դիտարկումը, որ 44-օրյայում է դրվել Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան աշխարհաքաղաքական նախագծի սկիզբը՝ «մեր պատմական հարաբերություններն ամրապնդվեցին շնորհիվ նրա, որ մենք միմյանց աջակցեցինք Ղարաբաղի, Քաշմիրի և Հյուսիսային Կիպրոսի հետ կապված հարցերում»:
Իր հերթին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երախտագիտություն է հայտնել Պակիստանին և Թուրքիային 2020 թվականի 44-օրյա պատերազմի առաջին օրից իրենց «քաղաքական-բարոյական աջակցություն» ցուցաբերելու համար: Իսկ այն, որ Թուրքիայի և Պակիստանի աջակցությունն Ադրբեջանին չի եղել զուտ քաղաքական կամ բարոյական, այլ ռազմական և ուղիղ մասնակցության տեսքով, բազմիցս ենք ապացուցել հստակ փաստերով:
Իսկ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջան-Պակիստան հարաբերությունները ռազմավարական նշանակություն ստացան, և հատուկ շեշտադրվեց նաև ռազմական համագործակցությունը , ինչն ընդլայնելու պլաններ են գծվում այս օրերին:
Մասնավորապես, օկուպացված Լաչինում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Պակիստանի ցամաքային զորքերի հրամանատարի հետ պայմանավորվել է մեծացնել Ադրբեջան-Պակիստան համատեղ զորավարժությունների ինտենսիվությունը՝ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ:
Նույն ժամանակահատվածում արդեն Իսլամաբադում տեղի է ունեցել Ադրբեջան-Պակիստան ռազմական կառույցների աշխատանքային խմբերի հանդիպում, որտեղ քննարկման օրակարգում եղել է ռազմատեխնիկական համագործակցության զարգացման թեման:
Ավելին, օկուպացված Լաչինում Թուրքիայի նախագահ Էրդողանը խոսել է Ադրբեջան-Թուրքիա-Պակիստան ռազմարդյունաբերական ոլորտում համագործակցության խորացումից:
Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի իշխանությունը համահունչ արտաքին և անվտանգային քաղաքականություն է վարում, արդյո՞ք Հայաստանը կարող է խոսել որևէ ամուր և վստահելի դաշինքի մասին, որի աջակցությունը կարող է ունենալ, ենթադրությունները դժվար է ասել. իհարկե, Իրան-Հայաստան հարաբերություններին փորձ է արվում նոր որակ հաղորդել ամեն դեպքում:
Բայց այստեղ առաջին հերթին կարևոր է հասկանալ՝ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանն ուզում է թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ ամուր անվտանգային դաշինքի առկայություն, երբ սեփական բանակը չի դիտարկում անվտանգային առաջնային գործոն՝ չունենալով հզոր դիվանագիտություն:
Ի դեպ, ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելաուսովն այսօր արձանագրել է, որ Սյունիքի շուրջ լարվածությունը պահպանվում է: