Բաժիններ՝

Ուկրաինա-ԱՄՆ-Ռուսաստան հաջորդ եռակողմ բանակցությունները կարող են տեղի ունենալ ԱՄԷ-ում. Զելենսկի

Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հաջորդ եռակողմ բանակցությունները տեղի կունենան մարտի սկզբին, ամենայն հավանականությամբ, Աբու Դաբիում։

Այդ մասին ասել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին իր երեկոյան տեսաուղերձում:

«Արդեն ավելի մեծ պատրաստակամություն կա հաջորդ եռակողմ ձևաչափին։ Ամենայն հավանականությամբ, հաջորդ հանդիպումը կկայանա Էմիրություններում, կլինի հենց Աբու Դաբիում։ Մենք ակնկալում ենք, որ այս ձևաչափը տեղի կունենա մարտի սկզբին», – ասված է նրա հայտարարության մեջ։

Զելենսկին ընդգծել է, որ անվտանգության իրական երաշխիքների համար հարկավոր է վերջնականապես ամփոփել այն ամենն, ինչին հնարավոր է եղել հասնել, ինչպես նաև նախապատրաստել երեք երկրների ղեկավարների հանդիպում, քանի որ հենց այդ ձևաչափը «կարող է շատ հարցեր լուծել» պատերազմի ավարտի շուրջ բանակցությունների համատեքստում։

Ուկրաինայի նախագահը նաև հայտարարել է, որ Ռուսաստանը խաղաղության պատրաստ չէ, որ չկա որևէ նշան, որ ՌԴ ղեկավարը «կանգնեցնում է իր ռազմական մեքենան»։ Նրա խոսքով՝ հարկավոր է շարունակել ճնշումը Մոսկվայի վրա։

«Թե՛ Ամերիկայի և թե՛ Եվրոպայի հետ մենք քննարկում ենք ճնշման ձևաչափերից յուրաքանչյուրը, դիվանագիտության ձևաչափերը, որոնք կարող են իրոք գործել։ Շատ կարևոր է, որ  գործընկերները հետագայում էլ մնան վճռական։ Ես այսօր խմբին ներկայացրեցի հաջորդ ցուցումները՝ այն, ինչին մենք պետք է հասնենք», – հայտարարել է  Զելենսկին։

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ Վաշինգտոնի, Կիևի և Մոսկվայի մասնակցությամբ եռակողմ խորհրդակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել հունվարի 23-24-ն Աբու Դաբիում: Փետրվարի 4 -5-ը կայացել է երկրորդ փուլը, կրկին ԱՄԷ մայրաքաղաքում:

Փետրվարի 26-ին Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովի գլխավորած պատվիրակությունը Ժնևում երկկողմ հանդիպում է անցկացրել ԱՄՆ նախագահի ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս