Հայը չպե՛տք է ջրի խնդիր ունենա. Գոհար Մելոյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, սահմանադրագետ Գոհար Մելոյանը գրում է. «Հանրահայտ է, որ Հայաստանը խմելու և ոռոգման ջրով ինքնաբավ երկիր է:
Այդ դեպքում ինչո՞ւ է այդքան խիստ ձևով սահմանափակվում ջրամատակարարումը:
Երեկ՝ օրվա առաջին կեսին, ԶԼՄ-ներով լայնորեն տարածվում էր «Վեոլիա ջուր» ընկերության հայտարարությունը՝ մայիսից մինչև սեպտեմբեր ամիսներին ՀՀ բնակչության ջրամատակարարման գրաֆիկի կտրուկ սահմանափակման մասին, ինչի արդյունքում՝ տասնյակ հազարավոր բաժանորդների համար սահմանվելու էր ջրամատակարարման 17-ժամյա գրաֆիկ:
Դրան անմիջապես հետևեց հայ հասարակության արդարացի ցասումը:
Պատասխանը, ըստ էության, ակնհայտ է՝ առկա է ջրային ռեսուրսների խայտառակ կառավարման մակարդակ:
Ջրի կորուստը հասնում է 65 %-ի։ Համեմատության համար նշենք, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը օրինական սեփականատերերից խլելու պահին կորուստը կազմել է ընդամենը 6 %, ինչի շնորհիվ էլ կուտակվել էր 7 միլիարդ դրամը, որի հաշվին առաջարկում էինք իջեցնել մարդկանց հոսանքի գինը:
Հետևաբար, ակնհայտ է, որ ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում «Վեոլիա ջուր» ընկերությունը և պատկան մարմինները, ներառյալ՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը և ՀՀ կառավարությունը՝ ՏԱՊԱԼՎԵԼ են:
Իշխանությունները երեկոյան հայտարարեցին, որ «Կառավարության միջամտության արդյունքում ջրամատակարարման փոփոխություն չի լինի»:
Այստեղ հնարավոր է երկու տարբերակ՝
կա՛մ «Վեոլիա ջուր» ընկերությունը, ակնհայտ հնարավորություն ունենալով չսահմանափակել ջրամատակարարումը, այնուամենայնիվ՝ սահմանափակում է այն, ինչը կարելի է գնահատել որպես «դիվերսիա» Հայաստանի Հանրապետության դեմ,
կա՛մ ՀՀ կառավարությունը «հորդորել է» մասնավոր ընկերությանը հետ կանգնել սահմանափակումներից, ինչը միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքում միայն ավելի կխորացնի ջրամատակարարման խնդիրը, եթե ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում չիրականացվեն ակնհայտ համակարգային բարեփոխումներ։
Հետևաբար, խնդիրը դեռ կա եւ համապետական անվտանգային մակարդակի է»:



