ԿԱՄ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿՕԳՏԱԳՈՐԾԻ ԱՌԻԹԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ, ԿԱՄ ԿԼԻՆԻ ԱԼԻԵՎԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏԸ

1988 թվականի փետրվարյան իրադարձությունները կանխորոշեցին ժամանակակից Հայաստանի պատմական ընթացքի մի մեծ հատվածի բովանդակությունը։ Իսկ այսօր Արցախի հարցում «մեզ հասած արդյունքը մեր անգործության հետևանքն է»։ Այսպիսի կարծիք հայտնեց 168 TV«Ռեվյու» հաղորդաշարի եթերում Արցախի Հանրապետության նախկին արտգործնախարար, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Մելիքյանը՝ խոսելով Արցախյան շարժման պատմական նշանակության և Սումգայիթի հայերի ջարդերի տարելիցի մասին։

«Զանգվածային մեր շարժումն ուներ մեծ ոգևորություն և սպասումներ, Սումգայիթում փետրվարյան կոտորածներն էլ հավաստեցին, որ մեզ սպասվող ճանապարհը լինելու է բարդ, դաժան և արյունահեղությամբ լի, և այդ առումով, իհարկե, ճանապարհի սկզբում որևէ մեկը չէր պատկերացնում, որ մենք այսօր կհասնենք այս կետին, թեև այն ժամանակ մենք դեռևս ճանապարհի սկզբում էինք, և Հայաստանը, Արցախը, կարծես թե, անելանելի վիճակում էին»,- հիշում է Արման Մելիքյանը։

Դիվանագետի խոսքով՝ Ադրբեջանի համար Հայաստանի խնդիրներն ավարտված չեն, և Բաքվի ռեժիմը շարունակելու է իր գործողությունները Հայաստանի դեմ։

Կարդացեք նաև

Արման Մելիքյանը կարծում է, որ Ադրբեջանը կարող է որոշակի դերակատարում ունենալ նաև Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան գործողություններում, կարող է այնպես ստացվել, որ Ադրբեջանը ստիպված լինի ներքաշվել հակամարտության մեջ։

«Իհարկե, Ադրբեջանի համար Հայաստանի խնդիրներն ավարտված չեն, բայց նաև կան տարածաշրջանային խնդիրներ, որոնց Ադրբեջանը կարող է մասնակից դարձվել մինչ այժմ իրեն օգնած դաշնակիցների ջանքերով։ Դա առաջին հերթին Իրանն է, և այդ առումով մտքում պահելով Հայաստանը՝ Ադրբեջանը կարող է արդարանալ, որ սպառազինվում է Իրանից պաշտպանվելու նպատակով և իր կարևորագույն դաշնակիցների դրդմամբ։ Նրանց թվին է պատկանում այսօր նաև պաշտոնական Վաշինգտոնը, Մոսկվան ևս, և բոլորովին վերջերս՝ մեկ-երկու օր առաջ էր, կարծեմ, որ բարձրաստիճան ռուս զինվորականների պատվիրակություն էր եկել Բաքու, բարձր մակարդակի հանդիպումներ էր ունեցել, մասնակցել էր ինչ-որ ուսումնական գործընթացների։

Բոլոր դեպքերում, տարածաշրջանում ուժային գործողություններ են սպասվում, որոնց մասնակից դառնալը՝ որպես խնդիր, կարող է դրվել Ադրբեջանի առջև, բայց այս ամբողջ համատեքստում մենք պետք է զգոն լինենք, շատ ուշադիր լինենք, որովհետև այդ իրադարձությունները կարող են օգտագործվել Հայաստանի դեմ նոր գործողություններ նախաձեռնելու նպատակով։ Կարծում եմ, որ ուժային սցենարը երևի թե անխուսափելի է։ Միևնույն ժամանակ, ես չեմ կարծում, որ Իսրայելը և Միացյալ Նահանգները լայնածավալ ցամաքային ներխուժում կկազմակերպեն դեպի Իրան»,- կարծում է դիվանագետը։

Արման Մելիքյանի կարծիքով՝ Միացյալ Նահանգները հարված կհասցնի Իրանին՝ մարդկանց ներքին դժգոհությունը բորբոքելու համար. հակակառավարական ցույցերի նոր ալիք կխթանի, որն արդեն ուժային տարրեր է պարունակելու և ուղեկցվելու է զինված բախումներով, որոնց վերջնանպատակն ամերիկացիների ու իսրայելցիների կողմից Իրանում կրոնապետության տապալումը և աշխարհիկ իշխանության հաստատումն է, իսկ դա կարող է խթանել անջատողական տրամադրություններ բազմազգ Իրանում։

Արման Մելիքյանի խոսքով՝ «եթե իրադարձություններն ընթանան Իրանի տրոհման ճանապարհով, և Իրանի հյուսիսային՝ թյուրքաբնակ հատվածն առանձնանա ու պետականություն ձևավորի, դա կարող է դառնալ Ալիևի իշխանության ավարտը», քանի որ այդ դեպքում ոչ թե իրանական Ատրպատականը կմիանա Ադրբեջանական Հանրապետություն կոչված տարածքին՝ Բաքվի հովանու ներքո, այլ ընդհակառակը՝ Ադրբեջանի Հանրապետության տարածքը կարող է դառնալ «թյուրքաբնակ նոր պետական կազմավորման հետաքրքրության առարկան և այնտեղ այդ կազմավորման քաղաքական ազդեցության աճի տեղը բացվի, իսկ այդ աճը հնարավոր կլինի Ալիևին վերացնելու դեպքում միայն»։

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս