
ՀԱՍԿԱՆՈ՞ՒՄ ԵՔ՝ ԻՆՉԻ ՀԵՏ ԵՔ ԽԱՂՈՒՄ. ԱԼԻԵՎԸ ՇԱՆՏԱԺԻ Է ԵՆԹԱՐԿՈՒՄ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ. ԱՅՍ ԹՂԹԻ ՏԱԿ 2 ՌՈՒՄԲ ԿԱ. ՎԱԽԵՆՈՒՄ ԵՄ՝ ՍՅՈՒՆԻՔԸ ԴԱՌՆԱ ԱՋԱՐԻԱ. ԳՐԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ
«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ արդարադատության նախարարի նախկին առաջին տեղակալ, ՍԴ նախագահի նախկին խորհրդական Գրիգոր Մուրադյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Վաշինգտոնյան հռչակագիրը քաղաքական փաստաթուղթ է՝ մտադրությունների մասին։ Դա դեռ միջազգային իրավունքի տեսանկյունից պարտադիր կատարման փաստաթուղթ չէ, բայց ԱՄՆ-ում դրա ստորագրումը ենթադրում է, որ ԱՄՆ-ը կերաշխավորի դրա իրագործումը։ Այստեղ գործ ունենք ոչ թե իրավական, այլ քաղաքական պարտադիրության հետ։
- Անխոչընդոտ հաղորդակցությունը ենթադրո՞ւմ է ՀՀ իրավազորություն, մաքսային, սանիտարական մարմինների ազատ գործունեություն, թե՞ ոչ։ Ադրբեջանն ասում է՝ մենք հայի երես չպետք է տեսնենք։ Սա արդյո՞ք ենթադրում է, որ այդ գործառույթները կպատվիրակվեն արտասահմանյան ընկերության։ Պետք է հստակ բացատրի՝ ինչ է անխոչընդոտ հաղորդակցությունը։ Եթե խոսքը սարքավորումների միջոցով, առանց ուղղակի շփումների հաղորդակցության մասին է, հասկանալի է, բայց եթե մենք պետք է պատվիրակենք մեր գործառույթները, ապա դա արդեն նշանակում է՝ արտատարածքային միջանցք։
- Սահմանադրական հանրաքվեն 640 000 ձայնի մասին է։ Ալիևը հույս ունի, որ այդ ձայներն ապահովվելո՞ւ են։ Իսկ եթե չապահովվե՞ն։ Դա շանտաժ է։ Սա այն դեպքը չէ, որ կառավարության ղեկավար կոչվածը կարող է միանձնյա որոշել։ Եթե կա փաստացի կախվածություն 640 000 ձայներից, ու եթե չստացվեց հանրաքվեն, ի՞նչ են անելու։ Իրավաբանորեն չկանոնակարգված պահանջ է դրված ոչ թե Փաշինյանի, այլ հայ ժողովրդի առջև։ Եթե չանես այն, ինչ ասում եմ, հայ ժողովուրդ, քեզ կպատժեմ։ Եթե դա այդպես է, ուրեմն Հայաստանի ժողովրդի հանդեպ սպառնալիքի միջոցով Սահմանադրության փոփոխությունն առոչինչ է։
- Անկախության հռչակագիրը մեր պետության հիմնադիր փաստաթղթերից է։ Սա այնպիսի կարևորության պատմական փաստաթուղթ է, որ այս հարցում որևէ կասկած նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության անկախացման գործընթացն առնվազն կասկածելի է։ Պատմական փաստաթղթերի նկատմամբ հետին թվով վերաբերմունքը որքանո՞վ է ապալեգիտիմացնում մեր ամբողջ սահմանադրական կարգը։ Հռչակագիրն է հիմք տվել, որ հետագայում անցկացվի 1995թ․ սահմանադրական հանրաքվեն և դրա 2005թ. և 2015թ․ փոփոխությունները։ Ես չեմ հասկանում՝ սրանք հասկանո՞ւմ են՝ ինչի մասին է խոսքը, հասկանո՞ւմ են՝ ինչի հետ են խաղում։ Եթե հույս ունեն, որ նոր Սահմանադրություն կընդունեն, Հռչակագրի ու Սահմանադրության միջև կապը կհաղթահարվի, չի ստացվելու։ Անկախության հռչակագիրը շարունակելու է գործել։
- Առաջին անգամ սահմանադրական կարգը սրանք տապալեցին 2020 թվականին, երբ Ազգային ժողովով փոխեցին Սահմանադրության անփոփոխելի հոդվածները՝ հիմք դնելով հետագա բոլոր ապօրինություններին։
- Նոր Սահմանադրությունն ընդունվելու է գործող Սահմանադրությամբ ընդունված կարգով։ Եթե գործող Սահմանադրությունն ունի լեգիտիմության դեֆիցիտ, ինչպես այս իշխանություններն են ասում, ապա նոր Սահմանադրությունը ևս ունենալու է լեգիտիմության դեֆիցիտ։ Սա մոտավորապես նույն անգրագիտությունն է, ինչ, երբ ասում էին՝ մենք չունենք կադաստրի թուղթ։ Սա խոսում է այն մասին, որ կառավարության ղեկավարի իրավական խորհրդատվությունը գտնվում է շրիշակի մակարդակի վրա։
- Հայ ժողովուրդը Սահմանադրություն փոխելու պարտավորություն չի ստանձնել։ Հայաստանն ունի միջազգայնորեն ճանաչված սահմաններ, եթե չունենար, չէր լինի պետություն ու ՄԱԿ-ի անդամ։ Հետևաբար՝ Ադրբեջանը չէ, որ պիտի ճանաչի Հայաստանի սահմանները։
- Մեր թանկագին հայրենակիցների մոտ թող պատրանքներ չառաջանա, որ արդեն խաղաղություն է հաստատվել։
Քանի դեռ այդ համաձայնագիրը կնքված, ստորագրված չէ, ոչ մի բանի մասին խոսել հնարավոր չէ։
Այս համաձայնագրի տակ երկու ռումբ է դրված․ մեկը՝ Սահմանադրության փոփոխությունը, որը որևէ պաշտոնատար անձ չի կարող երաշխավորել, եթե չդիմեն կեղծիքների, ինչն էլ այլ հարցեր է առաջացնելու։ Ինչպե՞ս կարելի էր թույլ տալ, որ Ադրբեջանը համաձայնագրով խառնվի մեր ներքին գործերին։
Մյուս ռումբն այն է, որ կա փաստացի անհամաձայնություն հաղորդակցության ուղիների ու Վաշինգտոնում ընդունված հռչակագրի միջև։ Այս հռչակագիրը որևէ աղերս չունի Նոյեմբերի 9-ի փաստաթղթի հետ, որի բոլոր կետերը, բացի 9-րդ կետից, դարձել են առարկայազուրկ։ Հետևաբար՝ ի՞նչ անխոչընդոտ հաղորդակցության մասին է խոսքը։
- Ռուսաստանն ու Իրանը, եթե տեսնեն, որ Հայաստանի Հանրապետությունն իրենց համար վտանգ է ստեղծում, սկսելու են հակազդել դրանց։ Այսինքն՝ անելու են այն, ինչ տեղի ունեցավ նախորդ՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթի հետ, որին հակազդեցին այլ աշխարհաքաղաքական կենտրոններ․ այն մնալու է թղթի վրա գրված։ Եթե ճանապարհի վերահսկողությունը կատարի ԱՄՆ հատուկ ծառայությունների ստեղծած ընկերությունը, ապա Իրանն ու Ռուսաստանը դա դիտարկելու են որպես սպառնալիք ու հակազդեն դրան։
- Մենք փաստացի համակերպվել ենք այն մտքի հետ, որ Սյունիքի այդ հատվածն Աբխազիայի կարգավիճակ ունի։ Առավել վտանգավոր է, որ Սյունիքին սպառնա աջարացում, այսինքն՝ Աջարիայի ճակատագրին արժանանա Սյունիքը։ Դա կարող է կանխվել միայն մի դեպքում, եթե ունենանք ազգային իշխանություն։
Հետևաբար, եթե հայ ժողովուրդն այս իշխանությանը 3-րդ անգամ մանդատ տալ՝ ուղիղ կազմաքանդում է իր իսկ պետությունը։
Ավելին, անգամ այս հրապարակված համաձայնագիրը, որքան էլ այն մեզ համար խնդրահարույց լինի, պետք է կենսագործվի նոր, գրագետ ու կամային իշխանությունների կողմից, որպեսզի թույլ չտա դրանից շեղում, որպեսզի մենք պահպանենք այն տարածքն առնվազն, որը մենք ունեինք ԽՍՀՄ-ից անկախացման դրությամբ։
- Պատերազմ լինում է այն ժամանակ, երբ դրա հնարավորությունը կա։ Որևէ թուղթ այդ դեպքում նշանակություն չի ունենում, անգամ կնքված ու վավերացված թղթերը, հատկապես, երբ չկա ՄԱԿ-ի անվտանգության բանաձև՝ որպես երաշխիք։
- Եթե մի քանի տարի հետո փոխվի ԱՄՆ նախագահը, Թրամփի կառավարման ժամկետն ավարտվի, այդ երթուղու անունը փոխելո՞ւ են։ Իսկ եթե ԱՄՆ-ում լինի լրիվ հակոտնյա իշխանություն, աջակցելո՞ւ է այդ համաձայնագրին։ Այդ ժամանակ ՀՀ իշխանությունն ո՞ւմ է զանգելու։
- Եթե պայմանագրում ուղիղ ամրագրված է, որ Հանրապետությունների միջև նախկին ԽՍՀՄ սահմանները դարձել են անկախ պետությունների սահմաններ, նշանակում է, որ անկախացման ժամանակի վերջին սահմանազատումն ի գիտություն պետք է ընդունվի Ադրբեջանի կողմից։ Հենց այս համաձայնագրով Գորիս-Կապանի 21 կմ հատվածը եղել է մերը։ Եթե 1991թ․ պետություններն անկախացել են ԽՍՀՄ սահմաններով, ինչո՞ւ ձեր այս համաձայնագրում այդ հիմքը չեք դրել, որը հետագայում կկանխորոշեր սահմանազատման հիմքը։ Եթե այդ հիմքը չկա, ապա սահմանազատման ժամանակ լինելու են վեճեր։ Հատկապես որ, ԱՄՆ-ը այդ վեճերով արբիտր չի լինելու։ Կարո՞ղ էինք, թե՞ ոչ մեզ համար շատ բարենպաստ այդ դրույթը ներառել այսօր սեղանին դրված փաստաթղթում։ Մենք գործ ունենք ոչ թե խաղաղության, այլ խաղաղության իմիտացիայի հետ։ Եթե մեր սահմաններն ընդունվում են ԽՍՀՄ փլուզման պահին եղած տեսքով, Ադրբեջանը համաձայնագիրը կնքելու հաջորդ օրը պետք է դուրս գար մեր տարածքներից։
- Այսօր ՀՀ-ում կան բիոլաբորատորիաներ։ Իրավաբանորեն դրանք մեր իրավազորության տակ են, բայց մենք հասանելիություն ունե՞նք դրանց։ Փաստացի՝ ոչ։ Հետևաբար, երբ Ադրբեջանն ասում է՝ որևէ հայ մեր ճանապարհին չպետք է տեսնենք, ի՞նչ իրավազորության մասին է խոսքը։
- Եթե մենք ունենայինք մի իշխանություն, որն աշխարհաքաղաքական խաղերի մեջ չէր մտնի ու կկենսագործեր Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, մենք հիմա այլ իրավիճակ կունենայինք։ Այս իշխանությունը լեգիտիմ չէ ու մանդատ չունի, որովհետև գործում է կառավարության ծրագրին հակառակ։ Հետևաբար՝ ոչ մի դեպքում չպետք է թույլ տալ, որ այս համաձայնագիրն իրագործի գործող իշխանությունը։
- Գործող Սահմանադրությունը սուպերվարչապետական համակարգ չի ենթադրում, որովհետև Ազգային ժողովն ունի լիակատար վերահսկողություն գործադիրի վրա։ Ազգային ժողովը հիմա դարձել է դեկորացիա, և դա է պատճառը, որ գործ ունենք փաստացի սուպերվարչապետության հետ։ Սահմանադրությունն այս պարագայում որևէ «մեղք» չունի:
- Միանշանակ խելամիտ չէ սպասել 2026-ի ընտրություններին, եթե կա իրավական թեկուզ փոքր շանս՝ օր առաջ իշխանություն փոխելու ու թույլ չտալու ստորագրել փաստաթղթեր, որոնք կվտանգեն մեր ապագան։ Մենք այլևս գոյաբանական խնդրի առաջ ենք կանգնած։ Ինձ համար ԱԺ «Հայաստան» խմբակցության որևէ պատճառաբանություն անհասկանալի է։ Եթե խնդիր կար, մտածում էին, որ հնարավոր չէ իմպիչմենտով իշխանություն փոխել, ապա ինչո՞ւ իրենք առաջադրեցին թեկնածու՝ ի դեմս Միքայել սրբազանի։ Իսկ եթե խնդիրը թեկնածուի մեջ է, ապա մոտեցումն ինձ համար անընդունելի է։ Մենք այն վիճակում չենք… Ես խիստ վտանգավոր եմ համարում ներքին մանր քաղաքական դրսևորումները՝ հաշվի առնելով, որ մենք գործ ունենք Հայաստանի առջև ծառացած գոյաբանական խնդիրների հետ։ Կամ եթե ասում եք՝ իմպիչմենտով իշխանափոխության շանս չկա, ապա ինչո՞ւ եք առաջադրում մեկին, ում համաձայնությունը չեք էլ ստացել։
- 2021թ․ ԱԺ ընտրությունները մեզ համար ավելի ճակատագրական եղան, քան անգամ պատերազմն ու դրա արդյունքները, որովհետև անուղղակի լեգիտիմացրեցին այն, ինչ տեղի ունեցավ։ 2026 թվականին չի կարելի կրկնել 2021 թվականը։ 2021թ․–ը կանխորոշեց մեր ողբերգությունները և դեռ կանխորոշում է։
- Մեր Սահմանադրությունն իր ամբողջ ծավալով չի գործել, որովհետև Արմեն Սարգսյանի կողմից երկրի նախագահի պաշտոնը ստանձնելուց կարճ ժամանակ հետո երկրում տեղի ունեցավ իշխանափոխություն։ Միշտ ամեն ինչում Սահմանադրությո՞ւնն է մեղավոր։ Փաշինյանին էլ, Ալիևին էլ, որոշ ընդդիմադիրների էլ խանգարում է Սահմանադրությունը։ Հետևաբար՝ այլընտրանքը ո՞րն է՝ կրկին կեղծ կիսանախագահական մոդելին անցնե՞լը։
2018թ․ապրիլի 23-ից սկսած՝ որևէ մեկ օր Հայաստանի Հանրապետությունը համաձայն մեր Սահմանադրության չի կառավարվել։
- Մի անգամ ես ԱՄՆ դեսպաններից մեկին ասացի՝ եթե Սերժ Սարգսյանն աշխարհաքաղաքական գիգանտ էր, ուրեմն կարող էր կառավարել անգամ իր ամառանոցից։ Եթե Սահմանադրությունը Սերժ Սարգսյանի համար էր կարված, կպահեր իշխանությունը։
- Ինչու չպետք է հույսը դնել ընտրությունների վրա: Եթե առկա է ներկայիս իշխանության ցածր վարկանիշ, օրինակ՝ 11%, և, ենթադրենք, ընդդիմադիր ուժերից մեկինն էլ՝ 8% է, գումարեք վարչական ռեսուրսը, դարձավ 20%, ինքը հաղթեց…
Երկրորդ տարբերակում կկիրառվի երևանյան սցենարը՝ կեղծ ընդդիմության ռեսուրսի օգտագործմամբ՝ վերարտադրություն։ Ցավոք, գործող իշխանությունների կատարածու լինելն արտահայտվում է նաև ընդդիմության մի հատվածի վրա։
- Այժմյան Եվրոպական միության արժեքային համակարգը՝ նավթը, բիրտ ուժն ու հակառուսականությունն է։ Արժեքաբանական ճգնաժամ է դրված Եվրոպական միության հիմքում, դեպի ուր մենք ձգտում ենք գնալ… Եթե նույնիսկ ընդունեն՝ մի 20 տարի հետո։
- Թուրքիայի հետ հարաբերությունների լավացման մի քանի սցենար կա։ Ես կողմ եմ, որ Հայաստանի Հանրապետությունը մնա սուբյեկտ։ Եթե Հայաստանը սուբյեկտ չէ, ինչի՞ է պետք բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ։ Եթե Հայաստանը սուբյեկտ չէ, ո՞ւմ է այն հետաքրքիր։
- Եթե քրեական հետապնդումը կանխորոշված է, կապ չունի՝ անձը հանցանք կատարե՞լ է, թե՞ ոչ, մենք գործ ունենք հակաիրավական արարքների հետ։ Գործադիր իշխանությունն իրավունք չունի միջամտել ո՛չ նախաքննությանը, ո՛չ դատախազական վերահսկողությանը, ո՛չէլ դատաքննությանը, ինչպես Սամվել Կարապետյանի դեպքում են անում։ Եթե մտավախություն կա, որ ձևավորվում է քաղաքական 3-րդ բևեռ, որը կապ ունի Ռուսաստանի հետ, պարզ է, չէ՞, որ այս իշխանությունը պետք է դեմն առներ։ Սամվել Կարապետյանը ՄԻԵԴ-ում ջախջախիչ հաղթանակ կտանի այս իշխանությունների նկատմամբ, եթե ռուսական գործոնը և աշխարհաքաղաքական վերադասավորումները դեր չխաղան։
- Չի կարելի անընդհատ հակաիրավական մեխանիզմներ արմատավորել ու մտածել, որ կմնաս անպատիժ։ Պինոչետին էլ, երբ ինքն այլևս պետք չեղավ, ոչ ոք չհետաքրքրվեց նրա ճակատագրով։
- Դատարկ ժողովրդավարություն կարող է լինել, բայց դատարկ դիկտատուրա չի լինում։ Այնպես որ, մեր էլիտաները մեր հասարակությանը մեղադրելուց առաջ պետք է գտնեն լուծումներ։ Ընդդիմադիր բոլոր բևեռները պետք է ներազդեն նաև մարդկանց ականջների վրա։ Խոսքը հաճոյանալու կամ սուտ խոսելու, պոպուլիզմի մասին չէ։ Պետք չէ նմանվել սրանց։ Պետք է ունենալ հստակ ծրագիր, մոտեցում, տեսլական, վերլուծական կենտրոններ։ Պետք է սուտ չխոսեն, չհավասարվեն սրանց։ Ու, ամենակարևորը, չպետք է հակադրվեն խաղաղության գործընթացին, այլ պետք է առաջարկեն դրա կենսագործման այլընտրանքը։
- Սամվել Կարապետյանը քաղբանտարկյալ է:
- Սամվել Կարապետյանը կարող է կալանավայրից էլ շարժում ղեկավարել, և որևէ մեկը չի կարող նրան խոչընդոտել:
- ՀԷՑ-ի ռեկետի, այն խլելու շանսերը սրանց համար շատ պատրանքային են։ Դա հնարավոր կլինի միայն Սահմանադրության 60-րդ հոդվածի շրջանակներում՝ ամբողջական նախնական համարժեք շուկայական արժեքի փոխհատուցմամբ։ Եթե մեր բյուջեն այդ հնարավորություններն ունի, թող փորձեն… Բայց հիմնավորման շատ լուրջ բեռ կա։ Միջազգային արբիտրաժի որոշումը վաղ թե ուշ կատարելու են, որովհետև դա ոչ միայն երկրի հեղինակության հարցն է, այլև մեր բյուջեի համար շատ մեծ խնդիրներ է առաջացնելու։