
Ռուսաստանի ռազմավարական պարտությունը Հարավային Կովկասում ու Թուրքիայի ամրապնդումը, կվերադառնա՞ արդյոք ՌԴ-ն ռեգիոն. Արեշև
«Ռուսաստանը Հարավային Կովկասում այս փուլում շեշտը կդնի տնտեսական համագործակցության վրա, կորպորացիաները կփորձեն դիրքավորվել նոր ձևավորվող դասավորություններում»,- այս մասին 168TV-ի «Դիպլոմատ» հաղորդման ընթացքում ասաց ռուս վերլուծաբան Անդրեյ Արեշևը՝ անդրադառնալով Վաշինգտոնում Փաշինյան-Ալիև-Թրամփ հանդիպման արդյունքներին:
Նա նշեց, որ այդ հանդիպումը երկար ժամանակ նախապատրաստվում էր և ամեն ինչ գնում էր դրան: Ըստ նրա, հասկանալի էր, որ նոր իրավիճակում պաշտոնական Բաքվի քաղաքական-դիվանագիտական հաջողությունների պայմաններում մոտավորապես այս հունով պետք է ընթանային զարգացումները:
«Կարծում եմ, կարևոր էր ոչ այնքան մտադրությունների մասին հռչակագիրը, որքան խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը Բաքվի և Երևանի միջև, որտեղ կան կարևոր դրույթներ, բացակայում են նաև մի շարք դրույթներ, ինչը մտահոգում է հայաստանյան հասարակությանը: Պայմանավորվածությունը Թրամփի ուղու շուրջ՝ ուշագրավ էր, սակայն հարց է, թե ինչպես են այդ պայմանավորվածություններն իրագործվելու: Նոր գաղափարներ այս ամենում չկան, հին գաղափարներ են, և հիմա կարևորն այն է, թե ինչպես են իրականացվելու գործնականում: Մենք հիշում ենք, որ խոսվում էր Սյունիքի միջանցքի մասին, կար ժամանակ, երբ քննարկվում էր Գոբլի պլանը, ուստի որոշակի առումով այստեղ նորություն չկա, այլ հարց է գետնի վրա դրա իրագործման հնարավորությունը»,- ասաց նա:
Արեշևի կարծիքով, կարևոր միտումներից մեկը ոչ կառավարական խաղացողների աճող դերակատարությունն է, որոնք այս կամ այն կերպ ազդում են քաղաքական դասավորությունների վրա, ինչպիսիք խոշոր միջազգային կորպորացիաներն ու ռազմական ընկերություններն են:
«Ուզում եմ ուշադրություն հրավիրել SOCAR-ի և ExxonMobil-ի միջև կնքված հուշագրի վրա, և գուցե կան ոչ ֆորմալ պայմանավորվածություններ Թրամփի ճանապարհի հարցում՝ կազմակերպա-իրավական ձևաչափերի վերաբերյալ, որոնց շրջանակում այս ամենը տեղի է ունենալու»,- ասաց նա՝ շարունակելով, որ խոսքը միջազգային կոնսորցիումի մասին է:
Արեշևը կարծում է, որ ոչ միայն ամերիկացիների մասնակցությամբ է այն լինելու, այլև թուրքերի, որոնց գաղափարը միջանցքի կապն է՝ Ադրբեջան-Նախիջևան-Թուրքիա, ապա՝ դեպի Եվրոպա, որը բավականին երկար ժամանակ առաջ է նախագծվել, ուստի կտեսնենք, թե ինչպես կընթանան զարգացումները հետո: Նրա որակմամբ, խաղը դեռ ավարտված չէ:
«Կարծում եմ՝ կազմակերպիչների համար ևս այդ ճանապարհի հետ կապված կարգավորումները լիովին հասկանալի չեն: Ինչպե՞ս է արտատարածքային սկզբունքը, անխոչընդոտ անցումը համադրվելու ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հետ: Կարծում եմ՝ կոնսորցիումի գաղափարը պետք է անդրադառնա այս հարցերին: Որքանով սա կհաջողվի՝ դատելը բավականին բարդ է: Փորձագիտական լայն հանրությունը դեռ տեղյակ չէ պայմանավորվածությունների ողջ համալիրին և այն խորհրդակցություններին, որոնք տեղի են ունենում: Հռչակագրում խոսվում էր աշխատանքային խմբերի մասին, որոնք հավաքվելու են և քննարկելու հարցերը, նրանց գործունեության նկատմամբ հանրային մեծ ուշադրություն է լինելու»,- ասաց Արեշևը:
Խոսելով ՌԴ արձագանքից, ռուս վերլուծաբանն ասաց, որ ՌԴ-ն բավականին զուսպ արձագանքեց իրադարձություններին: Նրա դիտարկմամբ, բանակցությունները ամենայն հավանականությամբ գաղտնիք չէին Մոսկվայի համար:
«Օրինակ՝ Աբու Դաբին և Վաշինգտոնը հայտնի էին, հայտնի էր, որ այդ հանդիպումները պետք է տեղի ունենային Երևանի ու Բաքվի միջև: Այս գործընթացները գաղտնիք չեն եղել Մոսկվայի համար: Կարծում եմ՝ Ռուսաստանում ուշադրությամբ հետևելու են այս ամենին՝ փորձելով դիրքավորվել այս բարդ, փոփոխվող դասավորություններում»,- ասաց Արեշևը՝ շարունակելով, որ ռուս-ադրբեջանական, հայ-ռուսական հարաբերությունների բացասական կոնտեքստն էական նշանակություն է ունեցել:
«Ռուսաստանը և ռուսական խոշոր կորպորացիաները կգնահատեն ստեղծված իրավիճակը, գործելով դինամիկ փոխվող իրավիճակում, որը ոչ միշտ է բարենպաստ դրական կանխատեսումների համար: Մոսկվայի բացասական կոնտեքստը և՛ Երևանի, և՛ Բաքվի հետ շատ մեծ դեր ունի, կարիք չկա վարդագույն ակնոցներով լինել: Եռակողմ բոլոր համագործակցությունները, որոնք Մոսկվան առաջարկում էր, մոռացված են»,- ասաց նա՝ շարունակելով, որ այս փուլում շեշտը կդրվի տնտեսական համագործակցության վրա:
ՌԴ-ն, նրա խոսքով, պետք է դադար վերցնի և գնահատի իրավիճակը: