Ի՞նչ պատմական առաջընթաց են արձանագրում ԱՄՆ-ը ու ԵՄ-ն

Օրերս Կարսում Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խմբի հանդիպում տեղի ունեցավ: Ըստ ՀՀ ԱԳՆ հաղորդագրության՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն` ապրիլի 28-ին Կարսում տեղի է ունեցել Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և գործարկման` Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խմբի հանդիպումը:

«Տարածաշրջանի տրանսպորտային հաղորդակցությունների ընդլայնման համատեքստում կողմերն ընդգծել են Գյումրի-Կարս երկաթգծի շուտափույթ գործարկման կարևորությունը»,- նշված էր հաղորդագրությունում:

Ուշագրավ է հանգամանքը, որ իրադարձությունը ողջունեցին Հայաստանի արևմտյան գործընկերները՝ ԱՄՆ-ը ու ԵՄ-ն, այն որակելով՝ որպես էական, պատմական իրադարձություն: ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն տարածեց և ողջունեց Հայաստանի և Թուրքիայի միջև տասնամյակներ շարունակ փակված տնտեսական ու հասարակական կապերի վերաբացման ուղղությամբ այս կոնկրետ քայլերի ձեռնարկումը։

«Պատմական առաջընթաց` խաղաղ ու բարգավաճ Հարավային Կովկասի կերտման ճանապարհին։

Կարդացեք նաև

Կարսում տեղի ունեցավ հայ և թուրք պաշտոնյաների հանդիպումը՝ ձևավորելու Կարս-Գյումրի երկաթգծի վերակառուցման հարցերով համատեղ աշխատանքային խումբ։ Հայաստանի և Թուրքիայի միջև այս առանցքային օղակի վերականգնումը տարածաշրջանային կապուղիների բացման և տարածաշրջանային կայունության ապահովման կարևոր քայլ է։

Այսօրինակ շրջադարձային զարգացումների համար հիմքեր էին նախապատրաստվել օգոստոսի 8-ին նախագահ Թրամփի հյուրընկալած Վաշինգտոնի գագաթնաժողովում։

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև տասնամյակներ շարունակ փակված տնտեսական ու հասարակական կապերի վերաբացման ուղղությամբ այս կոնկրետ քայլերի ձեռնարկումը»,- ասված է հաղորդագրության մեջ։

ԵՄ-ն ևս ողջունել է Հայաստան-Թուրքիա երկկողմ աշխատանքային խմբի ապրիլի 28-ի հանդիպումը Կարսում, որը, պաշտոնական հաղորդագրությունների համաձայն, նպատակ ուներ առաջ մղել երկու երկրների միջև երկաթուղային կապերի վերականգնումը։

«Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի կայուն ընթացքն արտացոլում է տարածաշրջանում ձևավորվող ավելի լայն դրական դինամիկան, որը կարևոր է երկարատև խաղաղության և կայունության համար։ ԵՄ-ն խրախուսում է երկու երկրների միջև հարաբերությունների լիակատար կարգավորումը։

Գործարկումից հետո Կարս-Գյումրու երկաթուղային կապը կամրապնդի տարածաշրջանային հաղորդակցությունը և կապահովի կոնկրետ օգուտներ Հարավային Կովկասի ամբողջ բնակչության համար։ ԵՄ-ն հանձնառու է Հարավային Կովկասում հաղորդակցության զարգացմանը՝ համաձայն մեր միջտարածաշրջանային կապի օրակարգի, «Գլոբալ դարպաս» ռազմավարության և Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքի, որտեղ Հայաստանն ու Թուրքիան երկուսն էլ կարևոր դեր են խաղում»,- նշված էր ԵՄ հայտարարության մեջ։

Ռուս թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին 168.am-ի հետ զրույցում ասաց, որ դատելով հանդիպման փաստից և տարածված սուղ տեղեկատվությունից, այդ հանդիպման ընթացքում չի գրանցվել որևէ պատմական առաջընթաց: «Հասկանալի չէ, թե ինչի շուրջ են կողմերը համաձայնության եկել»,- ասաց նա:

Իսկ եթե գրանցվել է առաջընթաց, ապա, նրա խոսքով՝ այդ մասին պետք է հաղորդագրությունում ներառված որևէ տեղեկատվություն լիներ:

«Այս ամենն այս փուլում նման է առավելապես արհեստականորեն ուռճացվող արդյունքներով գործընթացի: Պատմական իրադարձություն կլիներ սահմանի բացումը կամ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը, սակայն աշխատանքային խմբերի հանդիպումը նման է հատուկ ներկայացուցիչների հանդիպման, ավելին՝ անհասկանալի է՝ ինչ հարցեր են քննարկվել, ինչ առաջընթաց կա և ինչ է հետևելու այս գործընթացին: Հայտնի չէ նաև, թե ինչ ընթացք ունեն հատուկ ներկայացուցիչների հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները: Կան հանդիպումներ, սակայն իրական առաջընթաց, պայմանավորվածությունների իրագործում չկա, քանի որ Հայաստանն ու Ադրբեջանը դեռ փաստաթուղթ չեն ստորագրել, որով էլ պայմանավորված է հայ-թուրքական իրական առաջընթացը»,- ասաց Վիկտոր Նադեին-Ռաևսկին:

Ըստ նրա, գործընթացով շահագրգռված կողմերը փորձում են տպավորություն թողնել, որ այն մեծ տեմպերով ու արդյունքներով առաջ է շարժվում:

«Իսկ ինչո՞ւ են սա անում, քանի որ իրական արդյունքներ չեն կարողանում, որպես խաղացող, ապահովել, իսկ արդյունք ցույց տալ ցանկանում են, որպեսզի լինի տպավորություն, որ ռեգիոնում խաղաղությունը ամրապնդվում է, խաղաղ գործընթացներ են ծավալվում»,- ասաց վերլուծաբանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930