Ի՞նչ հարցերի պիտի պատասխանի ընտրությունների պատրաստվող Վաղարշակ Հարությունյանը
Փետրվարի 11-ին «Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բաբայանը հայտնել էր, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանին առաջարկել է գլխավորել կուսակցության նախընտրական ցուցակը։
Մեկ ամիս անց՝ մարտի 12-ին, Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդականը հայտարարել է, որ տվել է իր համաձայնությունը, և պատասխանել նաև իշխանական շրջանակներին ձեռնտու հարցերին, օրինակ՝ ով և երբ էր պատրաստ Մեղրին հանձնել:
Մինչդեռ ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած Վաղարշակ Հարությունյանը պետք է նաև մի շարք այլ հարցերի պատասխանի և լույս սփռի ինչ-ինչ դրվագների վրա, ինչո՞ւ չէ՝ պատասխանատվություն ստանձնի: Այս մասին՝ քիչ ուշ:
Իսկ մինչ այդ նշենք, որ նախքան ընտրական այս թեմաները Պաշտպանության նախկին նախարարին առաջարկել ենք հարցազրույց տալ և պատասխանել մեր հարցերին, Վաղարշակ Հարությունյանը պատասխանել էր, որ դեռ հարցազրույց չի տալիս, և խնդրել էր մի քիչ սպասել, երբ որոշի հարցազրույցներ տալ, առաջինը մեր հարցերին կպատասխանի:
Մենք հարգել ենք նրա որոշումը և անգամ, երբ հայտարարվել էր, որ նախկին նախարարը կարող է գլխավորել «Ռեֆորմիստներ»-ի ընտրական ցուցակը, մեկնաբանության համար չենք զանգահարել նրան:
Բայց երբ տեսանք, որ Հարությունյանը գնացել է Հանրային հեռուստաընկերություն, այսինքն՝ արդեն պատրաստ է հարցազրույցներ տալուն, մենք զանգահարեցինք նրան և առաջարկեցինք պատասխանել մեր հարցերին, ինչին ի պատասխան Պաշտպանության նախկին նախարարը նշեց՝ հարցազրույց հիմա չի տալիս, երբ հիշեցրինք, որ օրեր առաջ իշխանության հարցերին պատասխանել է, միգուցե նա հիմա պատրաստ է միայն նրանց հարցերի՞ն պատասխանել, նա կրկնեց իր ասածը:
Վաղարշակ Հարությունյանին տեղեկացրեցինք՝ հանրայնացնելու ենք, որ հրաժարվել է մեր հարցերին պատասխանել:
«Հա, չեմ տալիս հարցազրույց, վերջ»,- արձագանքել է նա:
Իսկ ի՞նչ հարցերի պետք է պատասխանի ՀՀ պաշտպանության նախկին նախարարը:
Նախ՝ 2020 թվականի օգոստոսի 18-ին Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Հարությունյանը նշանակվել էր նրա գլխավոր խորհրդական: Այսինքն, 44-օրյա պատերազմից մեկ ամիս առաջ, և, ըստ էության, զբաղվել է ռազմական ոլորտին առնչվող արտաքին հարաբերություններով: Որքանո՞վ ենք հաջողել այս հարցում, ո՞ր պահից էր պարզ՝ պատերազմը մոտալուտ է:
Օրինակ, ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը 2023 թվականի հունիսին տարածած հայտարարության մեջ նշում է, որ այդ ժամանակ ստեղծված իրադրության բազմակողմանի գնահատման արդյունքները հաշվի առնելով՝ 2020 թվականի հուլիսի 4-ին Նիկոլ Փաշինյանին առաջարկել է ձեռնարկել քաղաքական և դիվանագիտական բնույթի միջոցներ՝ ուղղված պատերազմը կանխարգելելուն, կամ՝ առնվազն ՀՀ ԶՈւ կիրառման համար բարենպաստ պայմաններ ստեղծելուն, ինչպես նաև՝ Ռուսաստանի և Իրանի ու Վրաստանի հետ հարաբերությունները կտրուկ բարելավելուն:
Ավելին, կոնկրետ մեր ռազմավարական դաշնակից ՌԴ-ի հետ հարաբերությունները կտրուկ բարելավելու համար, ըստ գեներալի, նույնիսկ ներկայացրել է հստակ գործողությունների հաջորդականություն:
Արդյո՞ք Փաշինյանի խորհրդական Վաղարշակ Հարությունյանը, ով ինչ-ինչ բանակցային փորձառություն ունի, որևէ բան փորձել է անել ռուսական ուղղությամբ, թե՞ ոչ: Կամ՝ ինչ է արել պատերազմի օրերին՝ որպես վարչապետի խորհրդական, ինչո՞ւ է ձախողվել կառավարման համակարգը:
Ի դեպ, Վաղարշակ Հարությունյանի մտերիմ Անդրանիկ Քոչարյանը նրան ևս չի հրավիրել 44-օրյայի քննիչ հանձնաժողով:
Իսկ 2020 թվականի նոյեմբերի 20-ին Դավիթ Տոնոյանի հրաժարականից կամ ազատումից հետո Հարությունյանը նշանակվել էր ՀՀ պաշտպանության նախարար:
Որքանո՞վ է կարողացել արդեն այս պաշտոնում Փաշինյանի նախկին խորհրդականն աշխատել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կողմերից մեկի՝ Ռուսաստանի հետ, թերևս, կարելի է ենթադրություններ անել:
Մյուս կողմից, չմոռանանք, որ 2020 թվականի դեկտեմբերին է Ադրբեջանին հանձնվել Գորիս-Կապան ճանապարհահատվածը, երբ պաշտպանության նախարարը Վաղարշակ Հարությունյանն էր:
Այս թեմային մենք ոչ մեկ անգամ մանրամասն անդրադարձել ենք, բայց մեկ-երկու դրվագ հիշեցնենք:
Մասնավորապես, 2020 թվականի դեկտեմբերի 18-ին 168.am-ի հարցին՝ մամուլում և սոցցցանցերում շրջանառվում են լուրեր, թե Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգով գաղտնի պայմանագիր է ստորագրել ռուսական կողմի հետ՝ Սյունիքի դիրքերի պաշտպանությունը հանձնելով ռուս սահմանապահներին, ռազմական գերատեսչությունից պարզաբանել էին. «Պաշտպանության նախարարն ի պաշտոնե չի կարող ստորագրել որևէ փաստաթուղթ, որն առնչվում է ՀՀ սահմաններին: Ըստ այդմ՝ Պաշտպանության նախարարը չի ստորագրել, չէր կարող ստորագրել մի փաստաթուղթ, թեկուզ՝ գաղտնի, որը վերաբերում է ՀՀ-ի, մասնավորապես՝ Սյունիքի սահմաններին»:
Արդեն 2024 թվականի օգոստոսին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Sputnik Արմենիայի հարցմանը, թե արդյոք Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ռուսաստանի հետ ստորագրվե՞լ է փաստաթուղթ Գորիս-Կապան մայրուղու վրա սահմանային վերահսկողություն իրականացնելու վերաբերյալ, պատասխանել էր.
«Տեղեկացնում ենք, որ նման բնույթի փաստաթուղթ ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարների միջև»:
Բացի այս, 2021 թվականին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Սյունիքում զորքի հետքաշման հրամանն անձամբ ինքն է տվել, իսկ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը կատարել է ընդամենը:
Բայց արի ու տես, որ նույն Նիկոլ Փաշինյանը 2025 թվականի նոյեմբերին հայտարարել էր.
«Երբեք որևէ հրաման չեմ տվել ՀՀ որևէ ինքնիշխան տարածքից ՀՀ զորքի հետքաշման մասին»:

ՀՀ քննչական կոմիտեից էլ 168.am-ին հայտնել էին, որ Սյունիքից զորքի հետքաշման փաստով քրեական վարույթ չի նախաձեռնվել, նախաքննություն չի իրականացվում:
Այդ ժամանակ պաշտպանության նախարար եղած Վաղարշակ Հարությունյանը, ով նաև 2020 թվականի դեկտեմբերի 15-ին Փաշինյանի մոտ Սյունիքին առնչվող զարգացումների շուրջ խորհրդակցությունների է մասնակցել, այս ամենի վերաբերյալ ասելու, բացատրելու բան չունի՞: Իսկ գուցե չի՞ համարում, որ ոչ պաշտոնապես միակողմանի սահմանազատում է տեղի ունեցել, և Ադրբեջանին տարածք ենք տվել, որ զորքի հետքաշում է եղել, կամ՝ գուցե գտնում է, որ այդկերպ Հայաստանի դեմ հարձակո՞ւմ ենք կանխել:
Բայց այս ամենը դեռ ամբողջը չէ, Վաղարշակ Հարությունյանի պաշտպանության նախարար եղած ժամանակ է 2021 թվականի մայիսին Ադրբեջանը մտել ՀՀ ինքնիշխան տարածք, որը «հեշտացրել է» մյուս առաջխաղացումները, և հիմա, երբ դեռ ՀՀ օկուպացված տարածքները վերադարձված չեն, իսկ տարբեր առիթներով դրանց հայապատկանության հարցը կասկածի տակ է դրվում, երբ Ադրբեջանն ամրանում է այդ տարածքներում:
Ավելին, 2021 թվականի մայիսյան առաջխաղացումների հարցով զինվորական նախկին պաշտոնյաներն անցնում են քրեական գործերով, Վաղարշակ Հարությունյանը դարձյա՞լ ասելիք չունի, հատկապես, երբ մի առիթով Փաշինյանն ակամա խոստովանել է, որ իր հրահանգով ադրբեջանական առաջխաղացումներին բանակը չի դիմադրել, որ 2021 թվականի հունիսի ԱԺ արտահերթ ընտրությունները տեղի ունենան:
Սրանից մեկ ամիս հետո՝ 2021 թվականի հուլիսին, Վաղարշակ Հարությունյանը հրաժարական էր տվել իր զբաղեցրած պաշտոնից, այդ ժամանակ, օրենսդրության համաձայն՝ ՊՆ պաշտոնակատարի:
Եվ հիմա Վաղարշակ Հարությունյանն ինքն է պատրաստվում ԱԺ ընտրությունների՝ առանց փորձելու առնվազն անպատասխան մնացած հարցերին անդրադառնալու տարբերակով կրել իր բաժին պատասխանատվությունը, թե՞ կարող է վտանգավոր սահման մտնել՝ բախվելով Նիկոլ Փաշինյանի հետ:



