«Կարմիր լենտ» էին կտրում, բայց եթե հիմա գնաք, տնտեսական գործունեություն չկա․ տնտեսագետ
Նիկոլ Փաշինյանը մարզային նախընտրական այցերը կառուցում է 7-8 տարիների «ձեռքբերումները» ներկայացնելու, հաշվետու երևալու տրամաբանության վրա․ թե տնտեսական ի՞նչ հաջողություններով է նախընտրական փուլ մտնում Նիկոլ Փաշինյանը, 168․am-ի հետ զրույցում գնահատել է ԱԺ ընդդիմադիր պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը։
Նա նախ ուշադրություն հրավիրեց հատկապես տնտեսական այն հնարավորությունների վրա, որոնք չեն կապիտալիզացվել, բաց են թողնվել։
«Կոնկրետ ժամանակահատվածում որևէ երկիր, որևէ պարագայում որոշակի տնտեսական ակտիվություն ունենում է, որոշակի աճեր լինում են, դրական զարգացում լինում է, բայց դա բավարա՞ր է, թե՞ ոչ, կամ՝ արդյո՞ք դա մոտ էր այն հնարավորությանը, որ մենք ունեցել ենք՝ հարցին եթե պատասխանենք, ապա պատասխանը կլինի բացասական,- արձանագրեց մասնագետը և հավելեց,- Քովիդի համավարակից հետո պատիկներով անկում ենք ունեցել և միակ երկիրն ենք եղել տարածաշրջանում, որ այդպես էլ տնտեսական նախորդ տարվա անկումը չի կարողացել վերականգնել։
Իսկ ինչ վերաբերում է հետագա աճերին, որոնք արտաքին գործոնով էին պայմանավորված՝ ի մասնավորի ռուս-ուկրաինական պատերազմով, ապա դրանք չկապիտալացվեցին և չդարձան հետագա ներդրումների, հետագա աճի հիմք։ Սա ակնհայտ է, որովհետև այդ գործոնի թուլացմանը զուգընթաց՝ մենք տեսանք, որ իներցիոն դանդաղում է նաև տնտեսական ակտիվությունը»։
Տնտեսագետը նաև ուշադրություն հրավիրեց նախորդ ընտրություննների նախընտրական խոստումները ձախողելու փաստի վրա՝ արձանագրմամբ, որ ցուցանիշները, որոնք հայտարարվում էին տարիներ առաջ, այսօր հեռու են իրականությունից։
«Նախընտրական տրամաբանությամբ թոշակների բարձրացման պարագայում անգամ՝ իրենք իրենց խոստումը չեն պահել, կամ՝ աղքատության ցուցանիշի կրճատման ցուցանիշին եթե նայենք․ կրկնակի աղքատության մակարդակի կրճատում էին խոստանում, բայց 2018 թվի հետ համեմատ՝ աղքատության մակարդակի չնչին անկում կա։ Ասում էին՝ ծայրահեղ աղքատությունը պիտի վերացնենք, դա էլ այդպես չի։
Չկատարեցին նաև նվազագույն աշխատավարձի բարձրացման խոստումը։ Կամ՝ խոսում էին 2,6 միլիարդ եվրոյի ծրագրի մասին, ազգային ավիափոխադրողի մասին, գիտե՞ք՝ ԱՆԻՖ-ն ինչ դարձավ հետո, հիմա էլ էլի նախընտրական փուլ է, ու էլի նորից ներդրումների մասին են խոսում, բայց մենք ականատեսն ենք եղել բազմաթիվ խոշոր ձեռնարկությունների բացման, երբ կարմիր լենտը կտրվել է, ու հիմա, եթե գնաք և նայեք, այդտեղ ոչ միայն արտադրություններ չկան, այլև ընդհանրապես տնտեսական գործունեություն չկա»,- ամփոփեց Թադևոս Ավետիսյանը։



