
Կատարի էմիրն ընդունել է Թուրքիայի նախագահին

Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ ալ-Թանին Դոհայում բանակցություններ է վարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։
Բանակցությունների ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանային և միջազգային զարգացումներին վերաբերող հարցեր։
Կատարի և Թուրքիայի ղեկավարները մասնակցել են կատարաթուրքական Բարձրագույն ռազմավարական հանձնաժողովի 11-րդ նիստին, որի շրջանակում ստորագրվել են մի շարք համաձայնագրեր և փոխըմբռնման հուշագրեր տարբեր ոլորտներում։
Էրդողանը Դոհա է ժամանել Քուվեյթից՝ Պարսից ծոցի երկրներ կատարած շրջագայության շրջանակում, որը ներառում է նաև այցելություն Օմանի Սուլթանություն։
Էրդողանին ուղեկցում են մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ արտգործնախարար Հաքան Ֆիդանը և այլոք։