Հունգարիայում գործող ծառայությունը Արցախից տեղահանվածների մասսայական արտագաղթ է կազմակերպում. ԱԳՆ-ն տեղյա՞կ չէ ծրագրից. News.am

Պետական նախկին ծառայողներ, դասախոսներ, ուսանողներ, դպրոցականներ… Արցախից բռնի տեղահանված փախստականների մտավոր հատվածը հեռանում է Հայաստանից՝ մշտական բնակություն հաստատելով Ռուսաստանի Դաշնությունում, Ֆրանսիայում, Գերմանիայում, անգամ Հունգարիայում:

NEWS.am-ի ունեցած ոչ պաշտոնական տվյալներով՝ միայն վերջին երեք ամիսների ընթացքում Հայաստանում ապրող արցախցի ավելի քան 500 փախստականներ են տեղափոխվել և բնակություն հաստատել Հունգարիայում, որի հետ Հայաստանը շուրջ տասը տարի դիվանագիտական հարաբերություններ չուներ: Հաշվի առնելով դեպի Հունգարիա Արցախի բնակչության հոսքը, NEWS.am-ը հետաքննություն է իրականացրել՝ պարզելու, թե ինչու՞ է Հունգարիան շահագրգռված ընդունելու արցախցի փախստականներին և ինչո՞վ է բնակության համար գրավիչ այդ երկիրը հատկապես արցախցիների մտավոր հատվածի համար:

Կայքի կատարած ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ Արցախից բռնի տեղահանված անձանց ներգաղթը կազմակերպում է Հունգարիայում գործող հայտնի բարեգործական կազմակերպություններից մեկը՝ Մալթայի Ուխտի բարեգործական ծառայությունը, որն ի թիվս այլ ծրագրերի, աջակցություն է տրամադրում ներգաղթյալներին և ապաստան փնտրողներին: Այս հասարակական կազմակերպությունը ֆինանսավորվում է ինչպես ԵՄ-ից, մասնավոր հիմնադրամներից և նվիրատուներից, այնպես էլ անմիջականորեն Հունգարիայի կառավարությունից:

Սկզբնական փուլում «Մալթայի Ուխտ»-ի ծրագիրը նախատեսված է եղել միայն Արցախից բռնի տեղահանված ուսանողների համար, որոնք կրթություն ստանալու նպատակով կարճաժամկետ ծրագրերով մեկնել են այդ երկիր, այնուհետև հնարավորություն են տվել ուսանողներին՝ հրավիրել իրենց ընտանիքի անդամներին, ավելի ուշ նաև՝ հարազատներին: Թեև Հայաստանում այս ծրագրի վերաբերյալ որևէ պաշտոնական տեղեկատվություն առկա չէ, NEWS.am-ին հաջողվել է պարզել, որ Արցախից տեղահանված ուսանողների հավաքագրման գործընթացը նախ կազմակերպվել է Հունգարիայի Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանի կողմից, որի հետ դեռևս 2018 թվականի մարտին Արցախի պետական համալսարանը համագործակցության հուշագիր էր ստորագրել: Ըստ այդ հուշագրի, երկու բուհերը պետք է իրականացնեին ակադեմիական փոխանակման ծրագրեր ուսանողների և դասախոսական կազմի համար, ինչպես նաև հայագիտությանը վերաբերող կրթական և հետազոտական գործունեություն իրականացնեին: Թե հայագիտության վերաբերյալ ի՞նչ պետք է սովորեին արցախցի ուսանողները պրոթուրքական և պրոադրբեջանական երկրում, հայտնի չէ: Սակայն, թե ինչու է դեմոգրաֆիական լուրջ խնդիրներ ունեցող Հունգարիան շահագրգռված իր երկիր հրավիրել քրիստոնյա բնակչությանը և հոգ տանել ընտանիքների կեցության մասին, առավել քան տրամաբանական է:

Հայտնի է, որ Հունգարիան դասվում է ծերացող եվրոպական երկրների շարքին: Հունգարական պաշտոնական աղբյուրների համաձայն՝ այս երկրում միջին տարիքը մոտ 43.1 տարեկան է, ինչը գերազանցում է ԵՄ միջին (մոտ 42 տարեկան) տարիքը, աշխատունակ մարդկանց՝ 15–64 տարեկանների բաժինը նվազում է, իսկ 65+ տարիքային խմբի բնակչությունն աճում։ Ինչպես Հայաստանում, այս երկրում ևս ծնելիության ցուցանիշը ցածր է, իսկ մահացությունների մակարդակը բավականին բարձր (մոտ 13‰): Պաշտոնական տվյալների համաձայն՝ 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հունգարիայի բնակչությունը կազմել է 9,540,000 մարդ, ինչը 45,000 –ով նվազ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Դեմոգրաֆիական խնդիրները լուծելու նպատակով Հունգարիան մեծ թվով փախստականներ է ընդունել նաև Ուկրաինայից: Մասնավորապես ներկայում Հունգարիայում ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ստացած ուկրաինացի փախստականների թիվը գերազանցում է 40.000-ը:

Կայքին հայտնի է դարձել, որ Հունգարիա տեղափոխվածների թվում են Արցախի պետական հաստատությունների նախկին պաշտոնյաներ՝ այդ թվում կրթության ոլորտի մասնագետներ, դասախոսներ, ուսանողներ:

Հունգարիայում հաստատված արցախցի մասնագետներից մեկը NEWS.am-ին հայտնել է, որ բարեգործական կազմակերպությունն իր ընտանիքին ապահովում է բնակարանով և հոգում մեկ տարվա վարձավճարը, իսկ ընտանիքի անդամների թվով ամսական նպաստ տալիս:

«Որքան շուտ լեզուն սովորենք և աշխատենք, այնքան արտոնություններ կստանանք»,-նշել է կայքի զրուցակիցը՝ անկեղծանալով, որ Հունգարիայում անգամ կան դպրոցներ, որտեղ գրեթե բոլոր դասարաններում արդեն արցախցի դպրոցականներ են սովորում:

Մեկնողներից որոշները, սակայն չեն հարմարվել ընդունող կողմի առաջակած պայմաններին և կարճ ժամանակ բնակվելուց հետո վերադարձել են Հայաստան, քանի որ կեցության համար պարտադիր է հունգարերեն լեզուն սովորելը, ինչն ինտերգրման համար կարևոր նախապայման է:

Իրավիճակի վերաբերյալ պաշտոնական պարզաբանում ստանալու ակնկալիքով NEWS.am-ը գրավոր հարցմամբ դիմել էր Հունգարիայում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան Հայկակ Արշամյանին:

Դեսպանին ուղղված հարցին պատասխանել է ԱԳՆ-ն՝ նշելով, որ Հունգարիայի Կառավարությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիների մուտքը և կեցության ապահովումը կազմակերպող որևէ պետական ծրագիր չի իրականացնում: Փոխարենը ԱԳՆ-ից նշել են, որ Հունգարիայի կառավարության որոշմամբ 107.000 ԱՄՆ դոլար է փոխանցվել Հայկական Կարմիր խաչի ընկերությանը «Hungary Helps» ծրագրի միջոցով, որն ուղղվելու է Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղահանված հայերի աջակցությանը: Արտաքին գերատեսչությունից հիշեցրել են նաև, որ 2024 թվականի հուլիսին Հունգարիայի կառավարությունը Հայկական Կարմիր Խաչի ընկերությանը տրամադրել է մոտ 500.000 եվրոյին համարժեք դրամ՝ Լոռու մարզում ջրհեղեղից տուժածներին և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին (5000 հոգու) սննդով, հիգիենայի և անկողնային պարագաներով ապահովելու համար:

Արտաքին գործերի նախարարությունից միաժամանակ հայտնել են, որ տվյալներ չունեն Հունգարիայում մշտական բնակություն հաստատած Լեռնային Ղարաբաղի հայերի թվաքանակի վերաբերյալ:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Տեսանյութեր

Լրահոս