Հովհանավանքը գտնվում է Կառավարության հաշվեկշռում, իսկ անհատույց օգտագործման տրված եկեղեցիները կվերադարձնենք. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը հիմա էլ պատրաստվում է «վերադարձնել» այն վանքերն ու եկեղեցիները, որոնք կառավարությունն անհատույց օգտագործման էր տվել Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցուն։ Իր նոր մտադրության մասին վարչապետը հայտարարեց այսօր խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ։

«Այնտեղ, որտեղ չկա հոգևոր կյանք, այլ կան խարդավանքներ, ֆեյքերեցների խմբեր են գործում, կան բոլոր բարոյական և իրավական հիմքերը, որ մենք այդ հուշարձանները վերադարձնենք հանրությանը և Տեր Արամին ու նրա նման քահանաներին բոլոր ձևերով կաջակցենք, որ նրանք Հայաստանում վերականգնեն իրական հոգևոր կյանքը»,- ԱԺ-ում հայտարարեց Փաշինյանը։

Պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Ալխաս Ղազարյանի հարցին, թե ինչո՞ւ է ինքը որոշել մասնակցել կիրակի օրը Հովհաննավանքում կարգալույծ արված Արամ քահանա Ասատրյանի (ներկայում՝ Ստեփան Ասատրյան) մատուցած պատարագին, Փաշինյանը հայտարարեց, թե հոգևոր կյանք է գտել Հովհաննավանքում։ Վարչապետը հերթական անգամ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին դիմեց ավազանի անունով և հայտարարեց, թե «կարգալույծը չի կարող կարգալույծ անել»։

«Նա ո՞նց կարող է մարդ կարգալույծ անել, ինքը կարգալույծ է։ Ես՝ որպես Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հավատավոր հետևորդ էս ամբիոնից հայտարարում եմ, որ Կտրիճ Ներսիսյանը վաղուց կարգալույծ է։ Ինքը հոգևոր դասի մեջ չէ, ընդամենը մարդ է, որը բռնազավթել է Մայր աթոռը մի խումբ իր նման կարգալույծ խմբակի հետ»,- հայտարարեց Փաշինյանը։

Նա շարունակում է պնդել, թե կառավարությունը եկեղեցու հետ կոնֆլիկտ չունի, և Հայ առաքելական եկեղեցին իր սրբությունն է։

Փաշինյանը ևս մեկ անգամ հայտարարեց, որ կիրակի օրը ոչ միայն մասնակցելու է Հովհաննավանքի պատարագին, այլև հաղորդություն է ստանալու։

Տեսանյութեր

Լրահոս