
Ֆոն դեր Լայենը ԵՄ ղեկավարների հետ կքննարկի Ուկրաինային նոր վարկի տրամադրումը՝ ռուսական ակտիվներով

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ հոկտեմբերի 23-ի գագաթնաժողովում Եվրամիության ղեկավարների հետ կքննարկի Կիևին ռուսական ակտիվներով նոր վարկ տրամադրելու իր առաջարկը, որը Բրյուսելում համարում են «ռեպարացիոն»։ Այդ մասին հաղորդում են «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից:
«Մենք խոսելու ենք պաշտպանության, Ուկրաինային աջակցության և ռեպարացիոն վարկի մասին», – ասել է նա՝ հանդես գալով Եվրախորհրդարանի պատգամավորների առջև։
Հոկտեմբերի 21-ին եվրահանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսը Եվրախորհրդարանում հայտարարել է, որ Եվրահանձնաժողովը պատրաստ է առաջիկա շաբաթներին պաշտոնապես ներկայացնել նման վարկի վերաբերյալ իր առաջարկը, եթե ԵՄ երկրների ղեկավարները հոկտեմբերի 23-24-ի գագաթնաժողովում համաձայնեն այս ճանապարհով շարժվել 2026-2027 թթ. ժամանակաշրջանում Ուկրաինայի ֆինանսավորումն ապահովելու համար։
Նրա խոսքով՝ Եվրահանձնաժողովի առաջարկը չի ենթադրում ռուսական միջոցների բռնագրավում, բայց դրանք կդառնան նոր փոխառության երաշխիքների աղբյուր։
Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած պատերազմի ընթացքում ԵՄ-ն և G7-ի երկրները սառեցրել են Ռուսաստանի ոսկու և արտարժույթի պահուստների գրեթե կեսը, որը կազմում է մոտ 300 միլիարդ եվրո: Դրանից ավելի քան 200 միլիարդ եվրոն պահվում է ԵՄ-ում, հիմնականում՝ բելգիական Euroclear-ի հաշիվներում, որը աշխարհի ամենամեծ հաշվարկային քլիրինգային համակարգերից մեկն է: Եվրոպական հանձնաժողովը հայտնել է, որ 2025 թվականի հունվարից մինչև սեպտեմբեր ԵՄ-ն Ուկրաինային է փոխանցել 14 միլիարդ եվրո՝ Ռուսաստանի սառեցված ակտիվներից ստացված միջոցներից: