
Վուչիչը Սերբիայի խորհրդարանի առջև հրաձգությունը ահաբեկչություն է որակել

Սերբիայի խորհրդարանի՝ Սկուպշչինայի շենքի առջև հրաձգություն է տեղի ունեցել։ «Վեչերնյե Նովոստի» լրատվական հարթակը հաղորդել է, որ մեկ տղամարդ կրակել է Սկուպշչինայի շենքի առջև, մեկ մարդ վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց։ Հարձակվողը ձերբակալվել է։
Միջադեպին անդրադարձել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, որը մասնակցում էր միջոցառման։
«Ես ներողություն եմ խնդրում այն բանի համար, որ պետք է լքեմ այս հրաշալի հավաքույթը։ Պատճառն ահաբեկչական գործողությունն է, որը տեղի է ունեցել Սերբիայի Ազգային Սկուպշչինայի առջև, և ես պետք է այսօր փոքր-ինչ ավելի շատ զբաղվեմ այլ հարցերով», – ասել է Վուչիչը գյուղերին աջակցության պետական ծրագրի առթիվ հավաքին։
Հոկտեմբերի 22-ին խորհրդարանի շենքի առջև նախագահի կողմնակիցների վրաններից մեկում նաև հրդեհ է բռնկվել։ Կրակը մարվել է։ Լրատվամիջոցների տվյալների համաձայն՝ հրդեհի պատճառը եղել է գազի բալոնը։
Ներքին գործերի նախարարությունը դեռևս հանդես չի եկել պաշտոնական հաղորդագրությամբ։