«Պատասխանը շատ հստակ է. Ձեր մատնանշած «ժողովրդավար» Արևմուտքը ոչ միայն Նիկոլի ավտորիտարացման տանիքն է, այլև ճարտարապետը։ Մասնավորապես, հիշեցնեմ, որ նախկին ԵՄ դեսպան Սվիտալսկին «սորոսական» շրջանակների հետ միասին դեռևս 2018թ. առաջ էր մղում ուժային կառույցներն ուղիղ Փաշինյանի տակ մտցնելու նախագիծը։ Հենց այս նախագծի թյունինգ արած տարբերակի իրականացման ականատեսն ենք հիմա»։
Հայաստանում ժողովրդավարության դեմ իրականացվող իշխանության արշավը բնորոշ է ամենաավտորիտար ռեժիմներին։ Արտաքին թշնամու դեմ նվաստացուցիչ կերպով պարտված իշխանությունը, ըստ ամենայնի, իրեն հաղթանակած ու ամրացած է զգում ներքին կյանքում այնքան ու այնպես, որ այլևս ամենալկտի կերպով խլում է իշխանությունը տեղական ինքնակառավարման մարմնի ընտրված ղեկավարից, ինչպես տեղի ունեցավ նախօրեին Ալավերդիում։
Սա դարձել է հայկական իրականության պարադոքսն ու դատավճիռը. միայն դիկտատուրան կարող է փրկել Նիկոլ Փաշինյանի կյանքը, ինչը երաշխավորող իշխանության պահպանման համար նա պատրաստ է գործնականում ամեն ինչի՝ ինչպես ներքաղաքական կյանքում, այնպես էլ ու առավել ևս՝ արտաքին քաղաքական հարաբերություններում։
Հայաստանի դատական համակարգում վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձություններն արդարացիորեն գնահատվում են՝ որպես խայտառակ, աննախադեպ անօրինականություն, հակաիրավականություն և այլն։