
Ուղղակի դառնալու ենք Թուրքիայում արտադրված ապրանքի սպառողը և սպասարկելու ենք թուրքերին․ Նաիրի Սարգսյան

Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, պատասխանելով համայնքի ներկայացուցիչներից մեկի հարցին՝ արդյոք Թուրքիայի նպատակը Մեծ Թուրանի գաղափարի իրականացումը չէ՞, որի համատեքստում ենթադրվում է «Զանգեզուրի միջանցքի» բացումը, Նիկոլ Փաշինյանը հակադարձել է՝ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու, լինելու է «Խաղաղության խաչմերուկ»։
«Մենք էլ, Թուրքիան էլ ճանապարհներ ենք ուզում․ եկեք բացենք սահմանները։ Օրինակ, մենք ուզում ենք Եվրամիության հետ հարաբերությունները կարգավորել, Թուրքիան էլ տնտեսական ակտիվ կապեր ունի, ու դրանք զարգանում են, այդ թվում` Կենտրոնական Ասիայի և Չինաստանի հետ, և արդյունքում ավելի շատ հաղորդակցման ճանապարհներ ունենալ։
Մենք այդ ամեն ինչին մի վերնագիր ենք դնում՝ «Թուրան», ու վերջ, գնա՜ց` վայ, վայ… Եկեք մենք էլ ապրենք, ուրիշներին էլ մեր չափով ուրիշներին էլ հնարավորություն տանք ապրելու»,- ասել է նա։
«Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար, տնտեսագետ Նաիրի Սարգսյանը, 168․am-ի հետ զրույցում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ «խաղաղության խաչմերուկ» ձևակերպմանը ու դրա հնարավոր տնտեսական հեռանկարին՝ նշեց․ ««Խաղաղության խաչմերուկ» ասվածի էությունը մինչ օրս մեզ հայտնի չէ, քանի որ այն չունի ո՛չ տնտեսական, ո՛չ քաղաքական հենք։ Մենք այդ քաղաքական օրակարգի տակ բացառապես տեսնում ենք «միջանցք»-ի տրամադրում, որովհետև չի կարելի «խաղաղության խաչմերուկ» կոչել մի հատված, որի շուրջբոլորը պատերազմներ են ու տնտեսական բարդություններ»։
Տնտեսագետն այս համատեքստում մանրամասնեց՝ ՀՀ-ն այսօր ունի տնտեսական երկու ուղղություններ՝ Իրանով և Վրաստանով, որոնք արդեն իսկ բախվում են լրջագույն խնդիրների։
«Իրանում գիտենք՝ ինչ է կատարվում։ Չինաստանից, Արաբական Միացյալ Էմիրիություններից, Հնդկաստանից բեռնատար մեքենաները չեն կարողանում Հայաստան ներկրվող բեռներն անցկացնել՝ պայմանավորված պատերազմով (այն դեպքում, երբ Չինաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների հետ առևտրաշրջանառությունը ՀՀ արտաքին առևտրաշրջանառության 25 տոկոսն է կազմում)։
Վրացական կողմում, պայմանավորված վրաց-ռուսական հարաբերություններով, կա միայն Լարսի անցակետը, որն ունի թողունակության շատ լուրջ խնդիրներ՝ պայմանավորված եղանակային պայմաններով, ռուս-վրացական հարաբերություններում առկա լարվածությամբ և հայ-ռուսական հարաբերությունների վատթարացմամբ։ Հետևաբար, մենք Հյուսիս-Հարավին կապող օղակ և ճանապարհ չենք կարողանում դառնալ, և այստեղ «խաչմերուկ» ասվածն արդեն խելամիտ չէ։
Հաջորդ կողմից՝ 2 թշնամի պետություններ են, որոնք «Թուրանի» ստեղծման համար ցանկանում են ՀՀ սուվերեն տարածքից ճանապարհ բացել՝ կյանքի կոչելով իրենց 100-ամյա ծրագիրը։ Դա ուղեկցվում է պատերազմի սպառնալիքով, պետական մակարդակով ագրեսիվ հայտարարություններով»,- ասաց Նաիրի Սարգսյանը։
Նիկոլ Փաշինյանի՝ «մենք այդ ամեն ինչին մի վերնագիր ենք դնում՝ «Թուրան», ու վերջ, գնա՜ց` վայ, վայ… եկեք մենք էլ ապրենք, ուրիշներին էլ մեր չափով ուրիշներին էլ հնարավորություն տանք ապրելու» հայտարարությունը Նաիրի Սարգսյանն անլուրջ որակեց.
«Իր համար գուցե վախենալու բան չկա, որովհետև իր եղբայրական պետություններն են։ Արևելք-Արևմուտք ուղղվածությամբ ունենք ընդամենը Հայաստանի կլանման բացահայտ ցանկություն Ադրբեջանի և Թուրքիայի կողմից, Հարավ-Հյուսիս ուղղությամբ՝ բարդություններ։ Հետևաբար, «խաղաղության խաչմերուկ» ասվածը երբևէ չի կարող լինել տնտեսական ու քաղաքական օրակարգ»։
Տնտեսագետը շեշտեց՝ ամեն դեպքում, եթե այդ ճանապարհը տրամադրվի, Հայաստանը նախևառաջ ունենալու է լրջագույն անվտանգային խնդիրներ։
«Տեղի է ունենալու Հայաստանի՝ դեպի հարավային ուղղությամբ բեռների հսկում, և այդ ժամանակ արհեստական խոչընդոտներ են ստեղծվելու ՀՀ ներկրվող ապրանքների առնչությամբ, ապա նաև՝ թուրքական ապրանքների անխոչընդոտ մուտք ՀՀ՝ սկսած սննդից (ինչը ռիսկային է նաև անվտանգության առումով) և Հայաստանում արդյունաբերության նույնիսկ պոտենցիալի ոչնչացում։ Ուղղակի դառնալու ենք Թուրքիայում արտադրված ապրանքի սպառողը և սպասարկելու ենք թուրքերին»,- պարզաբանեց նա։