
Զենք-զինամթերք հանձնելու հետ կապված վարույթ է. ամեն անգամ Շահրամանյանին 4-5 ժամ հարցաքննում են. վկա է. Ռոման Երիցյան
«2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո, երբ Արցախի ամբողջ բնակչությունը տեղահանվել է ՀՀ, ՀՀ իրավապահ մարմինների, մասնավորապես՝ ՔԿ-ի կողմից, տարբեր փաստերի առթիվ նախաձեռնվել է տարբեր վարույթներ՝ հասկանալի պատճառներով։ Այդ նախաձեռնված թվով երեք վարույթի շրջանակներում Արցախի Հանրապետության նախագահը հարցաքննվել է և չի խուսափել որևէ հարցաքննությունից,- Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հերթական հարցաքննությանը մասնակցելուց հետո լրագրողներին տեղեկացրեց Սամվել Շահրամանյանի փաստաբան Ռոման Երիցյանը և հավելեց,- Կոնկրետ այս վարույթը, ինչպես հայտնի է դարձել, նախաձեռնված է պատերազմի ժամանակ զինվորական անփութության և թշնամուն զենք-զինամթերք հանձնելու առնչությամբ»։
Փաստաբանը, սակայն, այլ մանրամասներ չհաղորդեց՝ նկատառմամբ, որ գործով վարույթն իրականացնող մարմինը նախազգուշացրել է նախաքննության ընթացքում հայտնի դարձած տվյալները հրապարակելու անթույլատրելիության մասին։
Հիշեցնենք՝ լրատվամիջոցներում ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ վարույթը նախաձեռնվել է Սամվել Բաբայանի կողմից հրապարակավ կատարված հայտարարությանբ և հետագայում ներկայացված հաղորդման հիման վրա․ այս մասին իր խոսքում նշեց նաև Ռոման Երիցյանը։
168․am-ի դիտարկմանը, թե վարույթի շրջանակում նշվում էր նաև Կարեն Ջալավյանի և Սամվել Բաբայանի հարցաքննությունների մասին, Սամվել Շահրամանյանի պաշտպանն արձագանքեց․ «Այսօր տեղեկացա, որ տարբեր լրատվամիջոցներում Սամվել Շահրամանյանի ու Կարեն Ջալավյանի լուսանկարներն են միացված հրապարակվել։ Ես շտապում եմ տեղեկացնել, որ Սամվել Շահրամանյանն այս վարույթի շրջանակներում Ջալավյանի հետ որևէ առնչություն չունի։
Ինչ վերաբերում է Սամվել Բաբայանին՝ կրկին կաշկանդված լինելով նախաքննության գաղտնիքը չհրապարակելու դիրքորոշմամբ կամ տրված ստորագրությամբս, ես կրկին չեմ կարող այդ տվյալները մեջբերել։ Այնուամենայնիվ, պետք է հաշվի առնել, որ Սամվել Բաբայանը ժամանակին հանդիսացել է Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար, և, բնականաբար, նորմալ եմ համարում, որ այս վարույթի շրջանակներում ինքը ևս հարցաքննվում է»։
Ռոման Երիցյանի համար, այդուհանդերձ, պարզ չէ, թե ինչու է 2023 թվականից նախաձեռնված վարույթով միայն վերջերս ինտենսիվ հարցաքննվում Սամվել Շահրամանյանը։
«Ես կարծում եմ՝ քննչական կոմիտեն պետք է այս մասով հանդես գա պաշտոնական հայտարարությամբ և պարզաբանի, թե ինչու 2023 թվականի հոկտեմբերին նախաձեռնված վարույթի շրջանակներում Սամվել Շահրամանյանը հարցաքննվում է հենց հիմա․ կարծում եմ՝ դրա տրամաբանությունն ինչ-որ տեղ կայանում է նաև նրանում, որ նրանք փորձում էին ավելի շատ տվյալներ պարզել, որպեսզի Սամվել Շահրամանյանին հարցաքննեին»,- արձագանքեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում