596 միլիոն 664,000 դրամ՝ Բալետի փառատոնի համար․ քաղաքապետարանի հերթական ահռելի գնումը

Երևանի քաղաքապետարանն օրերս մեկ անձ ոչ մրցակցային ընթացակարգով հերթական պայմանագիրն է կնքել Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոն ՊՈԱԿ-ի հետ։ Մշակութային միջոցառումների կազմակերպման ծառայությունների պայմանագրով ՊՈԱԿ-ը ստանձնել է «Երևանի բալետային միջազգային փառատոն»-ի՝ «YEREVANBALLETFEST»-ի իրականացման պարտավորությունը։

Պետգնումների էլեկտրոնային համակարգում հանրայնացված պայմանագրի գին է նշվել 596 միլիոն 664,000 դրամը (1562387.73 դոլար): Այս գումարի շրջանակում նախատեսված է նաև հյուրընկալել արտերկրից ժամանած թատերախմբերի՝ Մոսկվայի «Մեծ», Սանկտ Պետերբուրգի «Մարիինյան», և Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնների մասնակցությունը։

Ի դեպ, նախորդ տարի Երևանի քաղաքապետարանը «Երևանի բալետային փառատոն» մշակութային միջոցառումների կազմակերպման միայն տեխնիկական ապահովման ծառայությունների համար վճարել էր 198 միլիոն 897.000 դրամ։ Գնումը կատարվել էր ոչ մրցակցային՝ մեկ անձ ընթացակարգով, իսկ մատակարարը պետգնումներում ակտիվ «ԲՐԻԴՋ» ՍՊԸ-ն է: Այս ընկերության հետ միլիոնավոր դրամների պայմանագրեր է կնքել քաղաքապետարանը՝ հիմնականում մեկ անձ գնման ընթացակարգով: ՍՊԸ 100 տոկոս բաժնեմասը 2022 թվականից պատկանում է Նարեկ Չախոյանին, ու հենց այս թվականից էլ սկսվել է ընկերության ակտիվությունը պետգնումներում:

Կարդացեք նաև

Նշենք նաև, որ 2022 թվականից ի վեր՝ Քաղաքապետարանի ու «Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի միջև կնքվել են մշակութային միջոցառումների կազմակերպման համար ծառայությունների մատուցման միլիոնավոր դրամների 8 պայմանագրեր՝ բոլորը մեկ անձ ընթացակարգով, ինչպես նաև՝ շուրջ 25 դրամաշնորհի հատկացման պայմանագրեր՝ Կրթության, Գիտության, Մշակույթի և Սպորտի նախարարության հետ։

Հենց ընթացիկ տարվա փետրվարին ԿԳՄՍՆ-ն ՊՈԱԿ-ին էր հատկացրել 1 միլիարդ 870․760 դրամ՝ 2025 թվականի ներկայացումներն ապահովելու համար։

Դեռ 2021 թվականին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել դիրիժոր Կարեն Դուրգարյանը, որն արդեն տնօրենի պաշտոնի մրցույթում հաղթող է ճանաչվել 2023 թվականի օգոստոսի 8-ին։

Տեսանյութեր

Լրահոս