Իսրայելի ՌԾՈՒ հրամանատարը Թուրքիային և հութիներին զգուշացրել է պատասխան գործողությունների պատրաստակամության մասին
Իսրայելի ռազմածովային ուժերի հրամանատար, փոխծովակալ Էյալ Հարելը նախազգուշացմամբ է հանդես եկել Թուրքիայի և Եմենի հութիների հասցեին՝ հայտարարելով, որ Իսրայելը թույլ չի տա սպառնալ ծովում իր գործողությունների ազատությանը, հայտնում է The Times of Israel-ը։
Թեև Հարելը Թուրքիային և հութիներին անուններով չի նշել, նրա հայտարարությունը հնչել է Միջերկրական և Կարմիր ծովերում աճող լարվածության ֆոնին և ընկալվել է որպես նախազգուշացում հենց այդ կողմերին։
«Նոր ծովային իրականության մեջ այլևս հեռավոր ճակատ չկա»,- ռազմածովային ուժերի սպաների ավարտական արարողության ժամանակ ասել է Հարելը։
Ըստ նրա՝ հեռավորությունը պաշտպանություն չի դառնա նրանց համար, ովքեր մտադիր են մարտահրավեր նետել Իսրայելին։ Նա հայտարարել է, որ ռազմածովային ուժերը ի վիճակի են ապահովել Իսրայելի և ՑԱԽԱԼ-ի ուժի կիրառումը երկրի սահմաններից հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող հակառակորդների դեմ։
Դիմելով նրանց, ովքեր փորձում են փոխել ուժերի հավասարակշռությունը Միջերկրական և Կարմիր ծովերում, Հարելն ասել է. «Մենք տեսնում ենք գործողությունները, հետևում ենք դրանց և պատրաստվում ենք դրանց»։
Հրամանատարն ընդգծել է, որ ռազմածովային ուժերը չեն թույլատրի մի իրավիճակ, երբ Իսրայելի գործողությունների ազատությունը կամ նրա ռազմավարական շահերը ծովում կվտանգվեն։
«Մենք այնտեղ կլինենք՝ և ամենուր, որտեղ դա անհրաժեշտ լինի, բացեիբաց ու գաղտնի, որպեսզի կատարենք մեր պատասխանատվությունն ու առաքելությունը բոլոր հնարավոր միջոցներով»,- հայտարարել է Հարելը։

