Պատերազմի պարտության համար մեղավոր է «անպիտան» սպառազինությունը». իշխանությունների «անպիտան» մեղադրանքների հետքերով

2020 թվականի պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը, ինչպես հայտարարվել է, փակ ձևաչափով ներկայացվելու է սեպտեմբերի 27-ին հետևող ԱԺ լիագումար նիստի առաջին կամ երկրորդ օրը: Սակայն վերջին շրջանում նորից ակտիվացել են բարձրաստիճան զինվորականությանը, հրամանատարներին ուղղված իշխանությունների մեղադրանքները:

168.am-ը երեկ անդրադարձել է խորհրդարանում մայիսի 8-ին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի և մայիսի 12-ին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի հայտարարություններին և ձևակերպումներին:

Քննչական կոմիտեի ղեկավարը, մասնավորապես, 44-օրյային տեղի ունեցած նահանջների, շրջափակումների, դիրքերի, օպերացիաների ձախողումների համար մեղավոր է հռչակել զինվորականությանը և հրամանատարությանը, քանի որ, ըստ նրա, նրանք պիտի կարողանային տեղում ճիշտ որոշում կայացնել, հատկապես, երբ ունեցել են համապատասխան միջոցներ, սպառազինություն, անձնակազմի թվաքանակ: Այս պնդումը, իհարկե, մի շարք դեպքերի հետ կապված՝ վիճելի է:

Իսկ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հարցերին իր պատասխանում և հետո արդեն եզրափակիչելույթում Արթուր Պողոսյանը ոչ միայն պատերազմի ելքում չի բացառել դասալքության (ի դեպ, դասալքության 11.000 դեպքերի փաստը չի ապացուցվել), պետական դավաճանության դեպքերի ազդեցությունը, որի համար առաջին պատասխանատուն գերագույն հրամանատարն է, ոչ թե զինվորականությունը կամ այսինչ հրամանատարը, այլ ավելի հեռուն է գնացել և հիշել պատերազմից առաջ ձեռք բերված սպառազինության, զինամթերքի մասին, մասնավորապես, նկատի ունենալով «հրթիռների գործը» և դրանցով անցնող Պաշտպանության նախարարության և Գլխավոր շտաբի նախկին ղեկավարությանը:

Կարդացեք նաև

Այսինքն, Քննչական կոմիտեի նախագահը, որի ղեկավարած կառույցը մեր հարցմանն ի պատասխան՝ նշել է, թե չի ստացել Քննիչ հանձնաժողովի զեկույցը, որ վիճակագրություն չեն վարում զինվորականների՝ 5-րդ շարասյան համատեքստում արարքներին առնչվող դեպքերի վերաբերյալ, ԱԺ-ում էլ արձանագրել է բավարար սպառազինություն ունենալու փաստ, հանկարծ հիշել է, այսպես ասած, ռազմատեխնիկական քրեական գործերը:

«Ես երբ որ ԱԱԾ քննչական դեպարտամենտում պաշտոն էի զբաղեցնում, մենք բազմաթիվ վարույթներ ենք ունեցել, որոնց մի մասը նաև դատական հեռանկար են ունեցել անպիտան սպառազինության ձեռքբերման: Ես չգիտեմ, թե դրանք առանձին-առանձին որքանով են ազդել պատերազմի ելքի վրա, կարծում եմ, մեծամասամբ կամ, չգիտեմ, որոշ մասով հնարավոր է՝ ազդեցություն ունեն»,- շեշտել է Պողոսյանը:

Հավելենք, որ «հրթիռների գործը» հարուցվել է, երբ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի պետն Արթուր Պողոսյանն էր (2020 թվականի մայիսի 15-ից մինչև 2022 թվականի սեպտեմբերի 28-ը):

168.amգրել է, թե երբ են եղել «հրթիռների գործի» և ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին առնչվող խորհրդակցությունները, ովքեր են մասնակցել:

Ավելի ուշ սրա հետ կապված գաղտնազերծում էր արել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը:

«Ես գիտեմ, որ հիմքեր չկան, չկան հիմքեր: Ու ինձ Տոնոյան Դավիթի ձերբակալողը խոսք է տվել՝ եթե իրան չհաջողվի դատելՏոնոյան Դավիթին, տեսեք ինչ եմ ասում, որովհետև ես դեմ եմ եղել… Ես ասեցի՝ հիմքեր չկան: Հետո հարցրի՝ վստա՞հ ես, ասեց՝ հա: Ասեցի՝ եթե էս մարդն արդարանում է, դու քո ուսադիրները պոկո՞ւմ ես, ասեց՝ հա: Տղամարդու խոսք է տվել, օրը կգա, կհիշեցնեմ: Էս խոսակցությունը եղել է վարչապետի ներկայությամբ: Իզուր տեղը թող նամակներ չգրի՝ Կարապետյան Արշակը սենց արեց… նամակագրությունով թող չզբաղվի: Նորից եմ ասում՝ Էս խոսակցությունը եղել է վարչապետի ներկայությամբ»,- ասել էր նա:

Թե կոնկրետ ո՞ւմ նկատի ունի, ժամանակը ցույց կտա, բայց այս գործը հարուցել է ԱԱԾ-ն, ավելին, զենքի մատակարար Դավիթ Գալստյանի փաստաբանական թիմը 168.am-ին ասել էր, որ «զենքի ամբողջ մատակարարման գործընթացը, այդ թվում՝ գնելը, տեղափոխելը և ընդունելը, վերահսկվում է Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) կողմից»:

Հավելենք, որ հրթիռները նոր փորձաքննության ենթարկելու, եղած փորձաքննությունն անթույլատրելի ապացույց ճանաչելու, փորձագետին բացարկ հայտնելու մի քանի միջնորդություն է մերժվել: Իսկ «անպիտան» հրթիռները կիրառվել են 44-օրյա պատերազմում, և գործով բոլոր անցնողները պնդում են, որ դրանք պիտանի են եղել և կան:

Հիշեցնենք, որ «հրթիռների գործով» անցնում են ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈԻ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանը, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը, ՀՀ զինված ուժերի ավիացիայի վարչության նախկին պետ Ավետիք Մուրադյանը, վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանը, զենքի մատակարար Դավիթ Գալստյանը և այլք:

Իսկ Քննչական կոմիտեի նախագահն ընդամենը վարկած է շրջանառության մեջ դնում, թե «անպիտան սպառազինությունը» կարող էր ազդեցություն ունենալ պատերազմի ելքի վրա: Իշխանությունների այս մտադրության մասին Քննիչ հանձնաժողովում Դավիթ Տոնոյանն արդեն իսկ ակնարկել էր՝ ասելով. «Լավ գիտեմ՝ ինչի համար եմ կալանավորված՝ պատերազմի արդյունքի, ոչ թե նրա, ինչը ձևակերպված է»: Սակայն հարցն այն է, որ իշխանությունները ժամանակին պատերազմի ելքի վրա փորձել են ազդեցություն տեսնել նաև «անպիտան հրանոթի արկերի» մասով. «Դրանք կիրառվել են 44-օրյա պատերազմի ընթացքում, և իրենց մարտավարական և տեխնիկական հատկանիշներով իրական կրակոցներին զիջելու հետևանքով՝ հնարավոր չի եղել լուծել մարտական խնդիրները»:

Բայց հետո այս մեղադրանքը հօդս ցնդեց և գործով անցնող զենքի մատակարար Դավիթ Գալստյանը և ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու նախկին պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը, այսպես ասած՝ «մաքուր» դուրս եկան: Հիմա էլ ԶՈՒ նախկին պաշտոնյայի և ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանի դեմ նոր գործ է հարուցվել՝ «անպիտան ռադիոլոկացիոն կայանի» գործը, և դարձյալ իշխանությունները պնդում են՝ 44-օրյա պատերազմի ժամանակ պարզ է դարձել, որ ռադիոլոկացիոն կայանները պիտանի չեն:

Ի դեպ, 168.amգրել է, որ Սու-30-ներով քաղաքական PR արած իշխանության ներկայացուցիչ՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դրանց ձեռքբերման «մեղքը» գցել է զինվորականության վրա և դրան կողմ եղած զինվորականներին և ռազմական նախկին ղեկավարությանը համարել ոչ յուրային:

Գո՞ւցե մի օր հիշեն, որ մեղավոր են նրանք, ովքեր Սու-30-ների անհրաժեշտ «աքսեսուարները» չեն բերել, ինչի բացակայությունն էլ ազդել է պատերազմի ելքի վրա:

Մինչ այդ հիշեցնենք նաև, որ Փաշինյանի կողմից հնչեղություն ստացած 42 միլիոնի զենքի գործով այս պահին արդեն որևէ մեղադրյալ չկա, իսկ Ս-300-ի վրայից պլատա գողացող այդպես էլ չգտան:

Տեսանյութեր

Լրահոս