Անորակ հրթիռները ձեռք են բերվել Փաշինյանի օրոք
Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) սեպտեմբերի 25-ին դարի բացահայտումը ազդարարող իրեն բնորոշ ոճով հաղորդագրություն էր տարածել, որ խոշոր չարաշահումներ թույլ տալու պատճառով ձերբակալվել է ՀՀ զինված ուժերի ավիացիայի նախկին պետ-վարչության պետ Ավետիք Մուրադյանը: Ուժային այդ կառույցի հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում էր.
«ՀՀ զինված ուժերի ավիացիայի պետ-վարչության պետի պաշտոնը զբաղեցնող բարձրաստիճան զինվորականն ի պաշտոնե տեղեկացված լինելով, որ դեռևս 2011 թվականին զենք և ռազմամթերք մատակարարող կազմակերպություններից մեկի կողմից 1985-1991 թվականների արտադրության հրթիռներ ՀՀ ներմուծելու, դրանց մի մասը ՀՀ պաշտպանության նախարարության կողմից մատչելի գնով ձեռք բերելու, օրացույցային ժամկետներն անցած լինելու, նպատակային օգտագործման համար պիտանի չլինելու պատճառով մատակարար ընկերությանը վերադարձման ենթակա լինելու և հետագա պահպանության համար ՀՀ պաշտպանության նախարարությանն ի պահ հանձնված լինելու հանգամանքի մասին, տեղեկություններ ունենալով նաև, որ մատակարար կազմակերպությունը նշված անորակ հրթիռները չի կարողացել իրացնել, նախնական համաձայնության գալով մի խումբ պաշտոնատար անձանց հետ, չարաշահել է պաշտոնեական դիրքը՝ ձեռնամուխ լինելով շահագործման համար նախատեսված պիտանելիության ժամկետները լրացած, տեխնիկական վիճակը պահանջվող նորմերին չհամապատասխանող հրթիռները շուկայականից բարձր գնով ձեռք բերելու և արդյունքում նույն ընկերության ՀՀ պաշտպանության նախարարության նկատմամբ ունեցած կրեդիտորական պարտքի գումարի մարման գործընթացին և այդ նպատակով հանցավոր արդյունքին հասնելու մեկ միասնական դիտավորությամբ, առանց շուկայում նույնատիպ ապրանքի գնի համեմատական վերլուծության, ձևականորեն կատարված սակարկությունների արդյունքում փոխադարձ պայմանավորվածությամբ մեկ միավոր հրթիռի գինը սահմանել են 1.100 ԱՄՆ դոլար և, հաշվի չառնելով ՊՆ-ում նույնատիպ հրթիռներ ձեռք բերելու իրական պահանջարկը, ներկայացրել է մեծ քանակությամբ հրթիռների գնման հայտ»,- հատուկ ազդեցիկությամբ ասվում էր հաղորդագրության մեջ:
ԱԱԾ հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ մատակարարումից որոշ ժամանակ անց հրթիռների մի մասը չեն կրակվել և դուրս են հանվել հաշվեկշռից, իսկ մնացածն ընդհանրապես չեն կիրառվել, այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմի ժամանակ:
ԱԱԾ այդ հայտարարության մեջ, սակայն, մի շատ կարևոր հարցի պատասխան բացակայում է՝ ե՞րբ է գնվել 2011 թվականին ՊՆ-ի կողմից չընդունված վերը նշված ռազմամթերքը:
Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և ԱԺ իշխանական խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը Հանրային Հեռուստաընկերության եթերում շտապել է այս հարցում ևս սլաքն ուղղել նախկինների ուղղությամբ՝ ակնարկելով, թե իբր հրթիռները գնվել են 2016-ին:
«Մենք արձանագրեցինք, որ այն հրթիռները, որ պետք է խոցեին հակառակորդի դիրքերը և տեխնիկան, նրանք չեն համապատասխանել այն տրամաբանությանը, որի համար իրենք ձեռք են բերվել: Բայց գնել ենք: Գնելուց հետո մի հատ էլ վերաձևակերպել ենք, հաստատել ենք: Եվ, վերջիվերջո, հարց է առաջանում՝ ինչի՞ համար է այդ գեներալը ստացել այդ բարձրաստիճան կոչումը: Ավիացիայի օգտագործումը տեսանելի էր 2016-ին, երբ այդպես էլ մեր ավիացիան որևէ ձև չօգտագործվեց քառօրյա պատերազմին: Դա բացահայտված է և մեր եզրակացության մեջ ֆիքսված է: Իսկ 44-օրյային մենք ունեցանք մի քանի թռիչք, որոնցից երկուսը մենք ինքներս խփեցինք, կորցրեցինք ինքնաթիռները, մյուսը հաջող թռիչք ունեցավ, կարողացավ վերադառնալ, և կասկածներ կան, որ մեր ինքնաթիռներից մեկն էլ պատահաբար խոցվել է նաև մեր կրակոցի արդյունքում: Դա պետք է քննիչ հանձնաժողովն ուսումնասիրի: Բայց որ մեր 2 անհաջող թռիչքները հյուսիսային հատվածում տեղի է ունեցել ոչ պրոֆեսիոնալ պատրաստվածության պատճառով, դա բոլորը գիտեն, դրա մասին զինված ուժերում բոլորը գիտեն»,- շարունակել է Ա. Քոչարյանը:
Ըստ էության, իշխող ուժի ներկայացուցիչը հաստատել է «Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծական կենտրոնի» ռուս փորձագետների հետազոտություն-պնդումները:
«Պատերազմի ժամանակ հայկական Ռազմա-օդային ուժերի (ՌՕՈՒ) և Հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միջև քիչ համագործակցություն է եղել: Ըստ տեղի աղբյուրի՝ սեփական կրակից խոցվել է մինչև հինգ թռչող սարք՝ 4 Սու-25 գրոհային օդանավ և մեկ Մի-8 օդանավ»,- ասվում է հետազոտության մեջ:
Վերադառնալով անորակ հրթիռների գնմանը, նշենք, որ ձերբակալված Ավետիք Մուրադյանը Զինված ուժերի ավիացիայի պետ-վարչության պետի պաշտոնից ազատվել է 2019թ. մարտի 12-ին: Այսինքն, նա հասցրել է աշխատել Փաշինյանի կառավարության հետ:
Մեր տեղեկություններով, անորակ հրթիռներն իրականում գնվել են հենց 2018 թվականին: Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» ընդդիմադիր դաշինքի ղեկավար Սեյրան Օհանյանը 168.am-ի հետ զրույցում հաստատեց մեր տեղեկությունը:
«Գնումը կատարվել է 2018-2019 թվականներին»,- ասաց նա:
Ըստ Օհանյանի՝ ԱԱԾ-ն պետք է ազնվորեն ասի, որ 2011 թվականին անորակ լինելու պատճառով պաշտպանության նախարարությունն այդ ռազմամթերքը չի ընդունել, ի պահ է վերցրել, մինչև որ մատակարար կազմակերպությունը որոշի դրա ելքը, այն է՝ ձեռք կբերի թույլտվություն տարանցիկ փոխադրման, կամ այլ երկիր մատակարարելու, վաճառելու համար: Նշենք, որ ռազմամթերքի խմբաքանակի մոտ 30 տոկոսն ընդունվել է Գլխավոր շտաբի կողմից և 70 տոկոսն է համարվել անորակ:
Հավելենք, որ 2018 թվականի մայիսի 24-ից մինչև 2020 թվականի հունիսի 8-ը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ է եղել Արտակ Դավթյանը, ով կրկին Նիկոլ Փաշինյանի կողմից նույն պաշտոնին է նշանակվել նաև 2021 թվականի մարտի 22-ին:
Նշենք, որ մամուլում հրապարակումներ եղան, որ ժամանակին Արտակ Դավթյանը հարցաքննվել է նաև Հայաստանին զենք մատակարարող Դավիթ Գալստյանի՝ (Պատրոն Դավիթ) գործով:
ԱԱԾ-ն տարածել էր հաղորդագրություն, որ Դավիթ Գալստյանի ղեկավարած ընկերությունը պետք է պաշտպանության նախարարությանը մատակարեր 1983-1986թթ. արտադրության հրանոթի համապատասխան տրամաչափի արկեր, սակայն մատակարարել է 1977 թվականի չեխական արտադրության մեկ այլ տեսակի հրանոթի արկեր, որոնցով անհնար է եղել լուծել մարտական խնդիրներ։
«Հրապարակի» հետ զրույցում հարցին՝ պայմանագիրը գուցե ավելի վաղ՝ 2017 թվականին է կնքվել, բայց մատակարարումն ու փորձարկումը տեղի է ունեցել 2018-ի մայիսից հետո, այսինքն՝ Դուք ստորագրել եք, որ ամեն ինչ նորմալ է, որևէ խնդիր չկա մատակարարված զենքերի կամ զինամթերքի հետ, Արտակ Դավթյանը պատասխանել էր. «Եթե մայիսից հետո է եղել, այո՛»:
Ինչ վերաբերում է ԱԱԾ հայտնաբերած վերջին չարաշահմանը, ապա այս մասով չհաջողվեց կապ հաստատել Արտակ Դավթյանի հետ: Պարզաբանում ստանալուն պես այն կհրապարակենք: