Ռազմական գործերի քաղաքական նպատակները. 42 միլիոնի զենքի գործով այլևս մեղադրյալ չկա, բայց գործը չեն փակում

Փետրվարին «Ժողովուրդ» օրաթերթը, հղում անելով ՀՀ քննչական կոմիտեին մոտ կանգնած իր աղբյուրներին, գրել էր, որ «Սերժ Սարգսյանի օրոք 42 մլն դոլարի գնված անպիտան զենքի գործը հօդս է ցնդել»:

«2018թ. հեղափոխությունից հետո կալանքի տակ հայտնված Ռադիոէլեկտրոնային պայքարի զորքերի բաժնի նախկին պետ, գնդապետ Վահան Ավետիսյանի դեմ հարուցված քրեական գործը 6 տարի անց կարճվել է քննչական կոմիտեում»,- գրել է լրատվամիջոցը:

168.am-ն այս տեղեկությունը փորձել էր ճշտել ՀՀ քննչական կոմիտեից:

«Քրեական գործը չի կարճվել, ընթանում է նախաքննություն»,- ի պատասխան՝ մեզ հայտնել էր ՔԿ նախագահի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը:

Կարդացեք նաև

Հարցին՝ իսկ Վահան Ավետիսյանը շարունակո՞ւմ է անցնել գործով, կամ՝ միգուցե գործով այլ անցնողնե՞ր կան արդեն, ՔԿ նախագահի խոսնակը պատասխանել էր, թե ասվածին այլ բան չի կարող ավելացնել:

Քանի որ մեզ Քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակի բանավոր պատասխանները չբավարարեցին, և տպավորություն կար, թե ինչ-որ բան չի ասվում, որոշեցինք մարտի 6-ին նույն թեմայով գրավոր հարցում ուղարկել ՀՀ քննչական կոմիտե՝ հետևյալ հարցադրումներով.

1. 42 միլիոնի զենքի գործը ի՞նչ փուլում է, կարճվե՞լ է, թե՞ նախաքննություն է ընթանում, եթե նախաքննություն է ընթանում, ապա մոտավորապես ե՞րբ կհայտարարվի նախաքննության ավարտ:

2. Այս գործով անցնող Ռադիոէլեկտրոնային պայքարի զորքերի բաժնի նախկին պետ, գնդապետ Վահան Ավետիսյանը շարունակո՞ւմ է անցնել այս գործով, թե՞ նրա դեմ հարուցված քրեական գործը կարճվել է:

3. Ի՞նչ է պարզել նախաքննությունը մինչև այս պահը, ապացուցվե՞լ է գնված զենքի մետաղաջարդոն լինելը, ի՞նչ ճակատագիր է սպասվում այդ 42 միլիոն դոլար արժողությամբ զենքին:

4. Պաշտոնատար որևէ անձ ցուցմունք տվե՞լ է այս գործով, եթե այո՝ ովքե՞ր:

5-օրյա ժամկետում ՀՀ քննչական կոմիտեն պատասխան գրություն է ուղարկել, որում նշվում է.

«Ի պատասխան Ձեր՝ 2025 թվականի մարտի 6-ի հարցման՝ հայտնում ենք, որ 2017թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ՀՀ զինված ուժերի կարիքների համար սպառազինության միջոցների ձեռքբերման գործընթացում ՀՀ պաշտպանության նախարարության մի շարք պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու փաստի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախաձեռնված (հարուցված) քրեական վարույթի նախաքննությունը 2022 թվականի փետրվարի 15-ից շարունակվում է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում:

Ներկայումս քրեական վարույթով մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձինք չկան:

Հաշվի առնելով քրեական վարույթի նախաքննության բարդությունը և մեծածավալ լինելու հանգամանքը՝ նախաքննությունը դեռևս շարունակվում է:

Հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 186-րդ հոդվածի 2-րդ մասի և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթները՝ Ձեր հարցմանն առավել մանրամասն տեղեկատվության տրամադրումը հնարավոր չէ, քանի որ պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ»:

Հիշեցնենք, որ 2020թ. մարտի 11-ին՝ Տաթև համայնքի Շինուհայր բնակավայրում բնակիչների հետ հանդիպման ժամանակ, Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Դեպք ունենք, ժողովուրդ, Սերժ Սարգսյանի իշխանությունը 42 մլն դոլար տվել է, զենք են առել, այդ զենքը չի աշխատում, ընդհանրապես ոչ մի բանի պիտանի չի, ընդամենը մետաղի ջարդոն է: 42 մլն դոլար են տվել, ու այդ զենքը ոչ մի բանի պիտանի չի, դա զենք էլ չի: Հիմա քրեական գործ է հարուցված, թող Սերժ Սարգսյանը գա՝ սրա պատասխանը տա…»։

Իսկ 2020թ. մարտին՝ ի պատասխան Նիկոլ Փաշինյանի վերը նշված հայտարարության, ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից «Ազատությանն» ասել էին, որ 42 միլիոն դոլարի զենքի գործով մինչև այդ պահը Սերժ Սարգսյանին իրավապահները չեն դիմել։

Այսինքն՝ 5-6 տարի է, այս գործով նախաքննություն է ընթանում, և, ըստ էության, ոչ մի լուրջ արդյունքի չի հասել Փաշինյանի իշխանությունը:

Ինչ վերաբերում է գնդապետ Վահան Ավետիսյանին, ապա նա այս գործի շրջանակում Ազգային Անվտանգության ծառայության կողմից կալանավորվել էր Նիկոլ Փաշինյանի 2020թ. մարտին արված հայտարարությունից առաջ, իսկ մի քանի ամիս հետո՝ 2020թ. հուլիսին, ազատ էր արձակվել:

Ավելին, Վահան Ավետիսյանն Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում ընդգրկվել էր՝ որպես փորձագետ, և այսօր, մեր տեղեկություններով՝ շարունակում է իր փորձագիտական աշխատանքը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած հանձնաժողովում։ Այսինքն՝ ըստ էության, խորհրդատվա-փորձագիտական «գործ» է կատարել նաև 2020թ. 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում:

Ստացվում է՝ 42 միլիոնի զենքի գործը փակուղի է մտել, իշխանությունները չեն ապացուցել այդ զենքի մետաղաջարդոն լինելը, անգամ միակ մեղադրյալի նկատմամբ գործը կարճել են, բայց նախաքննությունը շարունակում են և գործը չեն փակում առհասարակ:

Հիշեցնենք, որ 2017թ. նոյեմբեր-դեկտեմբերին ՀՀ նախագահը եղել է Սերժ Սարգսյանը, ՀՀ պաշտպանության նախարարը՝ Վիգեն Սարգսյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը՝ Մովսես Հակոբյանը, նա այդ պաշտոնին նշանակվել էր 2016թ. հոկտեմբերի 3-ին, ազատվել՝ 2018թ. մայիսի 24-ին:

Պարզ է, չէ՞, որ այս գործն իշխանությունները՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, չեն փակում, որպեսզի ցանկացած պահի, քաղաքական նպատակներից ելնելով, օգտագործեն նախկին իշխանությունների դեմ։ Իսկ սա միակ ռազմական կամ ռազմատեխնիկական գործը չէ, որ փակուղի է մտել կամ դե ֆակտո հօդս ցնդել Փաշինյանի իշխանության օրոք, ինչի մասին 168.amգրել է՝ հրթիռների գործից մինչև պլատաների գործ, և ոչ մեկ անգամ։ 

Պլատաների գործի առնչությամբ հիշեցնենք, որ 2022թ. հոկտեմբերի 24-ին Նիկոլ Փաշինյանը Հակակոռուպցիոն կոմիտե այցի ընթացքում հայտարարել էր, թե՝ «ահասարսուռ անուններով հրթիռների միջից պլատաներ են հանելորոնց մեջ ոսկի կա»:

Ավելի վաղ նման հայտարարություն Փաշինյանն արել էր 2021թ. մայիսի վերջին՝ Աջափնյակ վարչական շրջանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբում տեղի ունեցած հանդիպման ժամանակ՝ «ՀՀ-ում կան մարդիկ՝ սպա, ով Ս-300-ի վրայից պլատա ա հանում, որ տանի մեջի ոսկին ծախի՝ 30-40.000 դրամով»:

2021-ին վերջին հայտարարության առնչությամբ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հարցում էր ուղարկել Գլխավոր դատախազություն, որտեղից պատասխանել էին, որ 2019-ի օգոստոսին հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն, սակայն չէին նշել՝ կա՞ արդյոք մեղադրյալ:

Արդեն 2022-ի հոկտեմբերին 168.am-ը հարցում էր ուղարկել Գլխավոր դատախազություն՝ ներառելով Փաշինյանի 2 հայտարարությունները և փորձելով պարզել՝ ի՞նչ փուլում է գործի քննությունը, կա՞ մեղադրյալ կամ մեղադրյալներ:

Մեր հարցմանն ի պատասխան՝ դատախազությունից հայտնել էին, որ եղել է մեղադրվող պաշտոնատար անձ, իսկ թե ով է նա, դատախազությունը գաղտնի էր պահել, սակայն, այսպես ասած, գողի ինքնությունը պարզել չեն կարողացել, ուստի այս մասով հոդվածը կասեցվել է:

Հիմա հարց՝ եթե իրականում գողություն տեղի է ունեցել, արդյոք վերը նշված զինատեսակից, այսպես ասած, գողացված մասը մինչև 44-օրյա պատերազմը տեղադրվե՞լ է, թե՞…

Հօդս է ցնդել նաև «հրանոթի արկերի» գործը։

Իսկ մոտ 3 տարի դատարանում գտնվող հրթիռների գործի շրջանակում այդպես էլ չի ապացուցվել հրթիռների անպիտան լինելը, իսկ իշխանությունները հրաժարվում են կամ խուսափում են դրանց փորձաքննության գործընթացից:

2024թ. օգոստոսին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը լրագրողների հետ զրույցում հաստատել էր իր նախկին պնդումները՝ պահանջելով հրթիռների ստուգման համար նոր փորձաքննության նշանակում, որից, ինչպես նշեցինք, իշխանությունները խուսափում են:

«Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ թե՛ գնման պահին, թե՛ գնումից շատ հետո, և թե՛այսօր այդ հրթիռները կիրառման համար պիտանի են»,- ընդգծել էր նա, ով անազատության մեջ եղած ժամանակ հայտարարել էր, որ իր նկատմամբ «քրեադատավարական փաթեթավորմամբ «թավշյա» քաղաքական հետապնդում» է իրականացվում:

Ւսկ ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանն էլ 168.am-ի հետ զրույցում նշել էր.

«Մեզնից ոչ ոք իրեն մեղավոր չի ճանաչում և մինչև վերջ կներկայացնենք մեր տեսակետները: Մենք բոլորս, ովքեր անցնում ենք այս գործով, համարում ենք, որ այնպիսի բան չենք արել, որը հակասում է օրենքներին, կամ ի նպաստ չի եղել մեր զինված ուժերի զարգացմանը: Դատարանում ընթանում է գործի քննությունը: Փորձելու ենք ապացուցել՝ ինչ որ արվել է, արվել է օրենքի սահմաններում և ի նպաստ մեր պետությանը»:

Նշենք, որ հրթիռների գործով անցնում են ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈԻ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանը, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը, ՀՀ զինված ուժերի ավիացիայի վարչության նախկին պետ Ավետիք Մուրադյանը, վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանը, զենքի մատակարար Դավիթ Գալստյանը և այլք:

Ի դեպ, 2021թ. սեպտեմբերին, երբ ԱԱԾ-ն հայտարարեց հրթիռների գործին առնչվող բացահայտումների մասին, այդ ժամանակ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետն Արթուր Պողոսյանն էր (2020թ. մայիսի 15-ից մինչև 2022թ. սեպտեմբերի 28-ը), ով այժմ ՀՀ քննչական կոմիտեի նախագահն է։

Տեսանյութեր

Լրահոս