
«Գնում ենք դեպի վերջնական փուլ». ե՞րբ սպասել «հրթիռների գործով» դատական վճռին

Օրեր առաջ տեղի է ունեցել «հրթիռների գործով» հերթական դատական նիստը և հերթական անգամ մերժվել փորձաքննություն անցկացնելու միջնորդությունը: Այս մասին 168.am-ին հայտնեց գործով անցնող բանակին զենք մատակարարած Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավիթ) փաստաբան Արմեն Անդրիկյանը:
«Այս ընթացքում մի քանի միջնորդություններ են ներկայացվել՝ կրկնակի փորձաքննություն նշանակելու, նոր փորձաքննություն նշանակելու, եղած փորձաքննությունն անթույլատրելի ապացույց ճանաչելու, փորձագետին բացարկ հայտնելու, սակայն բոլոր միջնորդությունները մերժվել են: Եվ մինչ օրս մերժման մասով դատարանի որոշումները չենք ստացել, ուստի չեմ կարող ասել՝ ինչ հիմքով են մերժվել»,- մանրամասնեց փաստաբանը՝ հավելելով, որ հնարավոր է՝ 1-2 նիստից հետո դատական գործընթացը մտնի ճառերի փուլ:
Իր հերթին՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, որը ևս անցնում է այս գործով, 168.am-ի հետ զրույցում հաստատեց նոր փորձաքննություն անցկացնելու վերաբերյալ հերթական միջնորդության մերժումը Հակակոռուպցիոն դատարանի կողմից:
«Երևի մեկ միջնորդություն էլ ներկայացնենք, իհարկե, հավանական է, որ դա էլ կմերժվի, հետո արդեն կանցնեն ճառերի փուլին»,- նշեց գեներալը՝ կանխատեսելով, որ եթե «կարդինալ» բան չլինի կամ բան չփոխվի, այդ թվում՝ նիստերի անցկացման հաճախականության հետ կապված, ապա հնարավոր է աշնանն ունենան դատական առաջին ատյանի վճիռը:
«Եթե կարդինալ բան չփոխվի, այդպես եմ կանխատեսում: Բայց անկախ ամեն ինչից, կարելի է ասել, գնում ենք դեպի վերջնական փուլ: Բնական է՝ կլինի բողոքարկում. մեզ արդարացնեն՝ դատախազությունը կբողոքարկի, մեզ մեղադրեցին՝ մենք կբողոքարկենք: Այսինքն, կգնա Վերաքննիչ, Վճռաբեկ, և այս ամբողջ գործընթացը կպահանջի ևս 1-1.5 տարի»,- եզրափակեց ԳՇ նախկին պետը:
Հիշեցնենք, որ «հրթիռների գործով» անցնում են ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈԻ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանը, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը, ՀՀ զինված ուժերի ավիացիայի վարչության նախկին պետ Ավետիք Մուրադյանը, վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանը, զենքի մատակարար Դավիթ Գալստյանը և այլք:
Նշենք, որ 2021 թվականի սեպտեմբերի 25-ին ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել, որտեղ, մասնավորապես, նշվում է, որ 2011 թվականին զենք և ռազմամթերք մատակարարող կազմակերպություններից մեկի կողմից 1985-1991 թվականների արտադրության հրթիռներ են ներմուծվել, և դրանց մի մասն օրացույցային ժամկետներն անցած լինելու, նպատակային օգտագործման համար պիտանի չլինելու պատճառով ենթակա է եղել մատակարար ընկերությանը վերադարձման, սակայն ՀՀ պաշտպանության նախարարության է ի պահ հանձնվել, և հետագայում բանակին հենց այս «անպիտան» հրթիռներն են մատակարարվել:
Ժամանակին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել էր, թե «2011 թվականին մնացած 70 տոկոսը նպատակահարմար չենք գտել ընդունելու, որովհետև պիտանելիության, անսարք լինելու հետ խնդիրներ են եղել»: Բայց ավելի ուշ իրադարձություններն այնպես զարգացան, որ Օհանյանը ստիպված էր ապացուցել, որ հրթիռներն անպիտան չեն:
«Երբ որ դա ասել եմ, ես ասել եմ՝ հավանաբար, այսինքն, հավանաբար բառն եմ օգտագործել: Եվ նախևառաջ իմ տված հարցազրույցը դոգմա չի, քանի որ այն ժամանակ ինձ վրա քրեական գործ չկար հարուցված:
Ես ասել եմ՝ հավանաբար, և իմ տված հարցազրույցի համար հիմք են հանդիսացել 1-2 փաստաթուղթ և քննիչի կողմից հարցադրումների ձևը: Այսինքն, ես պատասխանել եմ՝ ելնելով քննիչի կողմից ինչ-որ փաստաթղթեր ցույց տալուց և նրա հարցադրումների բնույթից: Հիմա ես էլ եմ ասում՝ առաջինը թող դիմեն փորձաքննության, և երկրորդը, քանի որ ինձ վրա էլ է քրեական գործ հարուցված, գաղտնիությունից ելնելով՝ ես չեմ պատասխանի: Ես կարող եմ ասել, որ Զինված ուժերի գնումներն իրականացվել են ընթացակարգերի համաձայն: Որքան ես գիտեմ՝ այդ հրթիռների որակի հետ կապված խնդիրներ չկան: Նորից եմ ասում, որ ես էլ եմ համաձայն՝ թող տանեն փորձաքննության»,- 2023 թվականին 168.am-ի հետ զրույցում ասել էր նա:
Նշենք, որ այս գործը հարուցվելիս՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի պետն այդ ժամանակ Արթուր Պողոսյանն էր (2020 թվականի մայիսի 15-ից մինչև 2022 թվականի սեպտեմբերի 28-ը), ով այսօր ՀՀ քննչական կոմիտեի նախագահն է:
2021 թվականի նոյեմբերին 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի ընթացքում բանակին զենք մատակարարած Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավիթ) փաստաբանական թիմից Արմեն Հարությունյանն ուշադրություն էր հրավիրել մի կարևոր հանգամանքի վրա՝ նշելով.
«Զենքի ամբողջ մատակարարման գործընթացը, այդ թվում՝ գնելը, տեղափոխելը և ընդունելը, վերահսկվում է Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) կողմից: Շատ կարևոր մի հանգամանք է սա, ինչն իրական կյանքում գոյություն ունի: Այդ դեպքում ինչո՞ւ ԱԱԾ-ից ձերբակալվածներ չկան: Այսինքն՝ սա ևս մեկ անգամ հաստատում է այն, որ այդ բոլոր պրոցեսները ժամանակին շատ լավ վերահսկվել են, խնդիրներ չեն եղել: Եթե որոշակի շեղումներ էլ եղել են, դա թույլատրվում է օրենքով: Պետական գնումների ընթացակարգերում կան նման հնարավորություններ»:
Բնական է՝ այս և այլ ռազմական նմանօրինակ գործերի դեպքում քաղաքական տարրը չի կարելի բացառել։