Ալեն Սիմոնյանի «հաղորդումը» Հայաստանի դեմ և նոր առաքելությունը՝ ընդդեմ զինվորականության

Օրերս 168.amգրել էր, որ Սու-30-ներով քաղաքական PR արած իշխանությունը դրանց ձեռքբերման «մեղքը» գցում է զինվորականության վրա և նրանց ոչ յուրային համարում, այսինքն՝ որոշել են զինվորականությանը բաժանել «ձեր-ի և մեր-ի», «նախկինների և ներկաների»:

ՀՀ զինված ուժերի դեմ արշավը նոր դրսևորում է ստանում։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, ով ապրիլի 15-ին ԱԺ-ում անդրադառնալով բանակում իրենց արած-չարածին և ընդդիմության քննադատություններին, հայտարարել է. 

«Էն որ խոսում են, ասում՝ «Իսկանդերը» ստեղ չկիրառեցիք, ընդեղ չկիրառեցիք, բա ԱԹՍ-ները, թող առներ շեֆդ էդ ԱԹՍ-ները, բա 80-ականների զենքերով խի էիք… այո, կոնսերվի բանկեքով… բա առնեի՞ք… Կամ՝ էդ որ ասում եք՝ Սու-երը բերել եք, էդ կարո՞ղ է մենք տենց նստել ենք, մենյուն բացել-նայել, թե ինչ վերցնենք: Ձեր զինվորականներն են խորհուրդ տվել, զինվորականներն են խորհուրդ տալիս, ասում են՝ մեզ էս է պետք կամ էն է պետք»:

Ապրիլի 21-ին էլ խորհրդարանում Ալեն Սիմոնյանն արդեն 2020 թվականի 44-օրյա պատերազմի համատեքստում է մեղադրանքներ հնչեցրել զինվորականության և ՀՀ զինված ուժերի ռազմական նախկին ղեկավարության հասցեին:

Կարդացեք նաև

«Համաճարակի ընթացքում Թուրքիան և Ադրբեջանը, որոնք իրար հետ մոտավորապես 110 միլիոն են կազմում, էլ չեմ ավելացնում Պակիստան երկիրը, որը ևս աջակցում էր, հարձակվում են Հայաստանի Հանրապետության, ՀՀ քաղաքացիների, ինչպես նաև՝ Ղարաբաղի վրա: Այդ ընթացքում ներսում զինվորականները, որոնք վերջին 30 տարվա ընթացքում փառահեղ գովաբանված էին, սկսում են սուտ տեղեկություններ պատմել ռազմաճակատում տեղի ունեցած իրավիճակի ժամանակ, հինգ տարբեր տեղեկություններ են հայտնում՝մեկը մի բան է ասում, մյուսը՝ մեկ այլ բան: Եվ նոր ընտրված իշխանությունը, բնականաբար, փորձում է ինչ-որ ձևով իրավիճակը փրկի, էդ ընթացքում պետության ներսում գործի է դրվում 5-րդ շարասյունը: Եվ ազգային, հայրենասիրական լոզունգների տակ ներսից սկսում են պետությունը քանդել, և փորձում են այնպիսի իրավիճակ ստեղծել, որ պետականությունը որպես այդպիսին վերանա, որ ինչ-որ զինվորական խումբ զավթի իշխանությունը, և Հայաստանի Հանրապետությունն ունենա էն ճակատագիրը, ինչ ունեցավ 1920 թվականին, օրինակ»,-հայտարարել է ԱԺ նախագահը:

Սա լեզվի սայթաքո՞ւմ է, թե՞ իրականում նա կարծում է, որ 2020 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը հարձակվել է առաջին հերթին կամ նաև Հայաստանի Հանրապետության վրա, ինչպեսև՝ Արցախի Հանրապետության, որովհետև դրանք տարբեր բաներ են: Ավելին, այս դեպքում Նիկոլ Փաշինյանիպատասխանատվության չափը մեծանում է, քանի որ այդ պարագայում նա չի կարող այլևս որոշ օպերացիաների և համապատասխան գործողությունների որոշող հռչակել «Ղարաբաղի գեներալներին և ՊԲ-ին»:

Եթե ընդունենք Ալեն Սիմոնյանի պնդումը, որ Ադրբեջանը հարձակվել է ՀՀ-ի վրա, ապա նա կամա թե ակամա հաստատում է Բաքվի «դատավարության» ժամանակ Հայաստանի դեմ Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարներից կորզվող ցուցմունքները, որ Ադրբեջանի ուղղությամբ ՀՀ տարածքից են հարվածներ եղել: Մինչդեռ ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Թուրքիան պատերազմ չեն հայտարարել Հայաստանին, և ոչ էլ հակառակն է եղել, այլ հարց է, որ 44-օրյայի ժամանակ թիրախավորվել են ՀՀ տարածքի որոշ հատվածներ, ԱԹՍ-ներ են կիրառվել և այլն:

Ալեն Սիմոնյանը կրկնում է Փաշինյանի այն թեզը, որ, «երբ Լեռնային Ղարաբաղի նախագահը լուր էր հաղորդում, գլխավոր շտաբը չէր հաստատում լուրը, անգամ հերքում էր, իսկ որոշ ժամանակ անց ստիպված էր խոստովանել, որ Լեռնային Ղարաբաղի նախագահի տված տեղեկատվությունն է ճիշտ»:

Արդյոք Ալեն Սիմոնյանը  հստակ օրինակ կարո՞ղ է բերել, երբ զեկուցված սխալ տեղեկությունը ճակատագրական է եղել:

Արդյոք նա կարո՞ղ է ասել, թե իշխանությունների կողմից ՀՀ ՊՆ ներկայացուցիչ կարգված Արծրուն Հովհաննիսյանի՝ 44 օր հայտնած տեղեկությունների քանի տոկոսն է ճիշտ և սխալ եղել, թե՞ սա փորձ է «մաքրելու» իշխանական քարոզչամեքենային և նաև այս հարցում սլաքն ուղղելու ԳՇ-ի վրա:

Իսկ Ալեն Սիմոնյանը կրկնում է նաև Փաշինյանի մեկ այլ թեզ. «մենք պատերազմում պարտվել ենք, որովհետև բանակում գործել է 5-րդ շարասյուն»:

168.am-ը մանրամասն անդրադարձել է այս թեմային «Իշխանափոխությունից հետո Փաշինյանի՝ դավաճանների փնտրտուքից՝ մինչև պատերազմում պարտություն բերած «5-րդ շարասյան» բացահայտում» վերտառությամբ հոդվածում:

Մենք հարցում ենք ուղարկել ՀՀ քննչական կոմիտե՝ պարզելու, թե դիտավորյալ սխալ տեղեկությունների, 5-րդ շարասյան տրամաբանության մեջ գործած արարքի համար որևէ զինվորականի դեմ քրեական վարույթ կա՞, քանի որ Ալեն Սիմոնյանն ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, մասնագիտությամբ իրավաբան է, երևի ճիշտ է հաշվարկել իր ձևակերպումները։ Քննչական կոմիտեից պատասխան ստանալուն պես այն կհրապարակենք:

Փաստորեն 2021 թվականի փետրվարի 25-ին ՀՀ զինված ուժերի հայտարարությունը, որով պահանջել էր Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականը, Ալեն Սիմոնյանը ևս համարում է ռազմական հեղաշրջման փորձ, չնայած նրան, որ հայտարարությունը ստորագրած գեներալներից վստահեցրել են, որ հայտարարությունից բացի՝ ոչինչ չէին էլ պլանավորել, և իրականում ոչինչ էլ տեղի չունեցավ:

Եթե Նիկոլ Փաշինյանը թուրքական սպառնալիքը գործի դնելով է փորձել ինչ-որ բաներ կանխել, դա այլ հարց է, և Ալեն Սիմոնյանը կիմանա՝ ինչպես հաջողվեց «փրկել պետականությունը», որ զինվորականները չզավթեն իշխանությունը:

Իսկ թե ինչո՞ւ է Ալեն Սիմոնյանը Քննիչ հանձնաժողովի զեկույցի ներկայացումից առաջ զինվորականությանը թիրախավորելու առաքելություն ստանձնել, կարելի է ոչ միայն ենթադրություններ անել, այլև՝ պնդումներ:

Հավելենք, որ օրերս ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողներին հայտնել է, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը կներկայացվի սեպտեմբերի 27-ին հետևող ԱԺ լիագումար նիստի առաջին կամ երկրորդ օրը:

168.am-ը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած հանձնաժողովին հարցում էր ուղարկել՝ պարզելու, թե արդյո՞ք Քննիչ հանձնաժողովի զեկույցն ուղարկվել է ուժային կառույցներին և համապատասխան գերատեսչություններին, ինչպես նաև՝ հարցաքննության հրավիրված ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին և ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանին, և թե՝ ինչ կարգով են զեկույցին ծանոթանալու հանձնաժողով չկանչված ՊԲ նախկին հրամանատարները՝ Ջալալ Հարությունյանը և Միքայել Արզումանյանը:

Մեր հարցմանն ի պատասխան՝ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության
հարցերի մշտական հանձնաժողովի աշխատակազմը սահմանափակվել է՝ ասելով.

«Ցանկանում ենք Ձեզ տեղեկացնել, որ Ձեր հարցադրումների պատասխաններին կծանոթանաք ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի՝ լիագումար նիստում զեկույցը ներկայացնելուց հետո, եթե վերոնշյալ հարցերի մասին տեղեկատվությունը լինի բաց»:

Տպավորություն է՝ Անդրանիկ Քոչարյանի հանձնաժողովում կամ չեն ընկալել հարցերը, կամ դիտավորյալ շրջանցել են: Սրանից հետո մենք դիմել ենք՝ հստակ պատասխան ակնկալելով՝ հիմք ընդունելով ԱԺ կանոնակարգ-օրենքը , սպասենք արձագանքին։

Այսպես՝ օրենքի՝ Քննիչ հանձնաժողով հրավիրված անձանց իրավունքներին և պարտականություններին առնչվող հոդված 22-ը սահմանում է.

1. Քննիչ հանձնաժողով հրավիրված պաշտոնատար անձինքպարտավոր են, իսկ հանձնաժողովի իրավասության ոլորտին վերաբերող տեղեկություններ ներկայացրած այլ անձինք իրավունք ունեն ներկայանալու և բացատրություններ տալու հանձնաժողովի նիստում, ինչպես նաև պատասխանելու հանձնաժողովի անդամների հարցերին:

1.1. Սույն հոդվածի 1-ին մասում նշված պաշտոնատար անձանց՝ հանձնաժողով ներկայանալու և բացատրություններ տալու, ինչպես նաև հանձնաժողովի անդամների հարցերին պատասխանելու պարտականությունը պահպանվում է նաև նրանց՝ պաշտոնից ազատվելուց հետո, եթե տեղեկատվության տրամադրման պահանջը կամ նիստին ներկայանալու և բացատրություններ տալու հրավերը ստացվել է մինչև պաշտոնից ազատվելը:

(լր. 02.10.2018 ՀՕ-17-Ն)

2. Սույն հոդվածի 1-ին և 1.1-ին մասերում նշված անձն իրավունք ունի՝

(փոփ. 02.10.2018 ՀՕ-17-Ն)

1) ծանոթանալու իր մասնակցությամբ հանձնաժողովի նիստերի արձանագրություններին, ինչպես նաև ներկայացնելու դրանցում փոփոխություններ կատարելու պահանջ,

2) պարզաբանումներ տալու հանձնաժողովի զեկույցի վերաբերյալ, ինչպես նաև հիմնավորելու իր դիրքորոշումն ամբողջությամբ:

Տեսանյութեր

Լրահոս