«Անպիտան ռադիոլոկացիոն կայանի» գործը հեռահար նպատակնե՞ր է հետապնդում, ո՞րն է գեներալների մեղավորությունը

168.am-ը երեկ անդրադարձել էր ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի և ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու նախկին պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանի դեմ Դատախազության ներկայացրած հայցադիմումին, որով պահանջվում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 4 մլրդ 370 մլն 985.000 դրամ։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Մովսես Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2015-2016թթ. զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետևանքով ոչ պատշաճ է կատարել իր պարտականությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք՝ առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:

Իսկ գեներալ Արմեն Հարությունյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ. մայիսից զբաղեցնելով ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետի պաշտոնը, հանդիսանալով պետ և պաշտոնատար անձ, խախտելով «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի պահանջները, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով դրանք ոչ պատշաճ է կատարել, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Երեկ 168.am փորձել էր ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանից պարզել՝ ծառայության նկատմամբ ի՞նչ անփույթ վերաբերմունքի մասին է խոսքը, ի՞նչ գույքային վնասի, որն, ըստ Դատախազության, առանձնապես խոշոր չափերի է, հատկապես, երբ գործն արդեն ուղարկվել է դատարան: «Քրեական գործ կա հարուցված, այլ բանից ես տեղյակ չեմ: Ինձ չեն հարցաքննել, չեն կանչել դատախազություն»,- մեզ հետ զրույցում նշել էր նա:

Կարդացեք նաև

Ավելի ուշ մեր աղբյուրներից ճշտեցինք, որ քրեական գործի նախաքննության փուլում Մովսես Հակոբյանը հարցաքննվել է, ուստի այսօր ևս մեկ անգամ կապ հաստատեցինք նրա հետ՝ ենթադրելով, որ գուցե չի հիշել այդ փաստը, ինչպես, օրինակ, գործի հետ կապված այլ մանրամասներ:

 «Գումարի վերաբերյալ, ո՛չ, չեմ հարցաքննվել, քրեական գործով, այո՛»,- ասաց նա:

Հավելենք, որ ըստ մեղադրանքի, Մովսես Հակոբյանի պաշտոնեական անփութության հետևանքով 9 տարի առաջ ՌԴ-ից Հայաստանին անպիտան ռազմական տեխնիկա է մատակարարվել։

Մենք գեներալից հետաքրքրվեցինք նաև՝ պաշտպանության ո՞ր նախարարի օրոք է այն մատակարարվել, ինչին նա արձագանքեց.

«Քրեական գործի մեջ գրած է: Ես չեմ հիշում՝ ե՞րբ և ո՞ր նախարարի օրոք է մատակարարվել: Չեմ կարող հիշել՝ ով է եղել նախարարը, նախարարի փոփոխման ժամանակ էր, տոչնի չեմ հիշում»:

Ի դեպ, մեկ այլ լրատվամիջոցի հետ զրույցում էլ Հակոբյանը նշել էր.

«Ես որևէ պատասխանատվություն չունեմ, իմ պաշտոնն այնպիսին է, որ ես դրա համար պատասխանատու չեմ։ Ես որոշում չեմ կայացրել, ես իրավունք չունեի որոշում կայացնելու, իրենց հարցրեք, թե ինչի՞ են ինձ մեղադրում»:

Նշենք, որ Մովսես Հակոբյանը ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ էր նշանակվել 2016թ. մայիսի 20-ին, ազատվել՝ 2016թ. հոկտեմբերի 3-ին և նշանակվել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ:

Այսինքն, գեներալ-գնդապետը ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպատամենտի պետի պաշտոնում մի քանի ամիս է մնացել:

168.am-ը գրել էր, որ ՊՆ նյութատեխնիկական դեպարտամենտի խնդիրներն են եղել՝

– զինված ուժերը ժամանակակից սպառազինությամբ ու ռազմական տեխնիկայով ապահովելը,

– սպառազինության և ռազմական տեխնիկայի պլանային վերականգնողական աշխատանքների կազմակերպումը և այլն:

Այսինքն, դեպարտամենտի գործառույթը օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով եղել է զինված ուժերի համար սպառազինության ու ռազմական տեխնիկայի, պարենային, իրային և այլ ունեցվածքի, ինչպես նաև նյութական պաշարների գնումների կազմակերպումը, ռազմական տեխնիկայի, սպառազինության և այլ նյութական միջոցների կուտակ­ման կազմակերպումն ու և ապահովումը:

Ինչ վերաբերում է ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության նախկին պետ գեներալ Արմեն Հարությունյանին, ապա դեռ երեկ մենք գրել էինք, որ նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

Հիշեցնենք, որ նա անցնում էր «հրանոթի արկերի» գործով, և դեռ 2023թ. 168.am-ը գրել էր, որ հրանոթի արկերի գործով անցնող ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու նախկին պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանի  և զենքի մատակարար Դավիթ Գալստյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ արարքը չկատարելու հիմքով: 

Մենք նաև հայտնել էինք, որ քրեական գործն առնչվում է նաև կոնկրետ զինատեսակի սպասարկմանը, եղել են խնդիրներ, որոնց կարգավորումը երաշխիքային սպասարկումից դուրս է մնացել:  Հիմա՝ առավել մանրամասն:

2015թ. հունիսի 26-ին Երևանում ստորագրվել է «ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագիր, որին առնչվող Կառավարության 2016թ. ապրիլի 15-ի որոշման մեջ, մասնավորապես, ՀՀ պաշտպանության նախարարին հանձնարարվել էր՝

– հստակեցնել ՀՀ մատակարարվող ժամանակակից սպառազինության և ռազմական տեխնիկայի անվանացանկը.

– ՌԴ համապատասխան մարմինների (այդ թվում՝ ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայություն և «ՌոսՕբորոնԷքսպորտ» բաժնետիրական ընկերության) հետ քննարկել և ստորագրել տրամադրվող վարկի շրջանակներում ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման պայմանագրերը՝ դրանցում արտացոլելով մատակարարումների ծավալները, ժամկետները և գները:

Արդեն 2016թ. հուլիսի 21-ին ՀՀ պաշտպանության նախարարության և ռուսական «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության միջև կնքվել է պայմանագիր, որը Հայաստանի անունից ստորագրել է այդ պահին պաշտպանության փոխնախարար, նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնը զբաղեցնող Մովսես Հակոբյանը, ինչպես նշվում է քրեական գործում: Իսկ պայմանագրով ձեռք է բերվել 15 լրակազմ «Աիստյոնոկ» տեսակի ռադիոլոկացիոն կայան։

Հանրային հեռուստաընկերությանը Դատախազությունից հայտնել են, որ Մովսես Հակոբյանը պայմանագիրը կնքելիս չի ստեղծել պատասխանատու ստորաբաժանում, այսինքն՝ չի նշվել՝ կոնկրետ ով կամ ինչ ստորաբաժանում պետք է ընդուներ այդ ռադիոլոկացիոն կայանները:

Ավելին, ըստ մեղադրանքի, պայմանագրում համապատասխան կետ չի եղել՝ մարտական կրակի կամ գործնական պայմաններում ձեռք բերված տեխնիկան ստուգելու և պարզելու վերաբերյալ՝ դրանք աշխատո՞ւմ են, թե՞ ոչ:

Եվ այս պայմաններում, ինչպես հայտնել են Դատախազությունից, 2017թ. այդ տեխնիկան մատակարարվել է ՀՀ ԶՈՒ և ՊԲ զորամասերին, սակայն, ըստ դատախազության, առաջին իսկ կիրառության ժամանակ այդ տեխնիկան չի կատարել առաջադրված խնդիրը: Եվ դրանից մեկ տարի անց հրավիրվել են ՌԴ մասնագետներ՝ վերացնելու թերությունները, աշխատանքները կատարվել են, սակայն, ըստ դատախազության, թերի են կատարվել:

«Մյուս մեղադրյալ Արմեն Հարությունյանը, հանդիսանալով ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու նախկին պետ-վարչության պետ, չի ստուգել՝ վերջնական վերանորոգվե՞լ են կայանները, թե՞ ոչ, և պիտանի՞ են, թե՞ ոչ, և ռուս մասնագետները գնացել են ՀՀ-ից»,- Հանրային հեռուստաընկերությանը մանրամասնել են Դատախազությունից և հավելել, որ 44-օրյա պատերազմի ժամանակ պարզ է դարձել, որ ռադիոլոկացիոն կայանները պիտանի չեն և դրանք հանվել են կիրառությունից:

Ի դեպ, նշենք, որ հիշատակված ռազմական տեխնիկան երաշխիքային սպասարկման մեջ է գտնվել մինչև 2019թ. փետրվարի 7-ը, ուստի Դատախազությունն այն կարծիքին է, որ մինչև դա կարող էին պատասխանատուները ՌԴ մասնագետներ հրավիրել:

Ինչպես նշեցինք, գեներալ Արմեն Հարությունյանը ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետ է դարձել 2017-ին, ազատվել 2022թ. փետրվարի 24-ին:

Նրանից առաջ այդ պաշտոնը զբաղեցնում էր գեներալ Ալբերտ Մարդոյանը, որը փորձառու զինվորական էր և տիրապետում էր իր գործին, բայց 2017-ին որոշվել էր նրան փոխարինել Արմեն Հարությունյանով:

Այդ ժամանակ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյան հայտարարել էր, թե Մարդոյանի պաշտոնից ազատումը պայմանավորված է նրա թոշակի անցնելու հետ:

Ինչ վերաբերում է Մովսես Հակոբյանի և Արմեն Հարությունյանի դեմ քրեական գործին, ապա ժամանակը ցույց կտա՝ որքանով այն քաղաքական ենթատեքստ ունի և արդյո՞ք ռազմական կամ ռազմատեխնիկական մյուս քրեական գործերի նման կհայտնվի փակուղում, որոնք ՀՀ իշխանությունները համառորեն չեն ցանկանում փակել։

Դեռ մի կողմ ենք դնում 44-օրյա պատերազմի պարտությունը նաև այս ձևով բանակի վրա բարդելու ՀՀ իշխանությունների քաղաքական նպատակների մասին, ինչը տեսել ենք նաև «հրթիռների գործի» համատեքստում և Քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի կողմից՝ օրենքի խախտմամբ:

Իսկ Մովսես Հակոբյանին առաջադրված քրեական գործը և Դատախազության պնդումները փաստորեն հուշում են, որ այն այս կամ այն կերպ առնչվում է ՀՀ պաշտպանության ոչ մեկ նախարարի պաշտոնավարման ժամանակահատվածի հետ՝ մեկի օրոք պայմանագիրն է կնքվել, մյուսի օրոք՝ մատակարարվել զորքին, մեկ ուրիշի օրոք էլ՝ լրացել է սպասարկման երաշխիքային ժամկետը:

Եվ նաև այս հանգամանքը հաշվի առնելով է, որ կարող ենք այլ ենթադրություններ ունենալ՝ չբացառելով ռազմական տեխնիկայի անպիտան լինելու փաստը, ինչի մասին, սակայն, հանկարծ այս օրերին են հիշել ՀՀ իշխանությունները:

Չի բացառվում, որ ՀՀ իշխանությունները գուցե հերթական անգամ փորձում են ցույց տալ, որ ռուսական սպառազինությունը միշտ խնդիրներ է ունեցել, նման փորձերի ականատես էլի ենք եղել: Եվ ոչինչ, որ, ըստ տարբեր տեղեկությունների՝ գործող իշխանությունների ժամանակ գնված հնդկական զենքը ևս խնդիրներ է ունեցել, բայց այդ մասին իշխանական շրջանակները լռել են: Այսինքն, նախկին քաղաքական, ռազմական ղեկավարության և բարձրաստիճան զինվորականության դեմ քաղաքական նպատակներով ռազմական մեղադրանքները դեռ շարունակվելու են:

168.amգրել էր, որ 42 միլիոնի զենքի գործով այլևս մեղադրյալ չկա, բայց գործը չեն փակում, «հրթիռների գործով» էլ ՀՀ իշխանությունները չեն ապացուցել դրանց անպիտան լինելը, բայց հրաժարվում են ընդունել դրանց պիտանի լինելը՝ հրաժարվելով փորձաքննությունից:

Տեսանյութեր

Լրահոս