Անդրանիկ Քոչարյանը  44-օրյա պատերազմի համատեքստում իրեն համարում է Փաշինյանի «քննիչը». իրական քննիչների կարիք չկա

Մայիսի 8-ին խորհրդարանում ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ուշադրությունը հրավիրել էր այն փաստի վրա, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմում իր պատասխանատվությունն ունի նաև Դատախազությունը՝ սկսած բուն պատերազմից մինչև 44-օրյային առնչվող քրեական գործերը դատարան ուղարկելու ժամանակահատվածը, որոնցով հիմնականում անցնում է զինվորականությունը, հատկապես՝ օպերատիվ օղակի:

Մինչդեռ պատերազմը վարում է պետությունը, պետական ամբողջ համակարգը:

Գլխավոր դատախազը բարձրացված այս և այլ կարևոր հարցերին կոնկրետ պատասխաններից խուսափել էր և սահմանափակվել, թե երբ գործն ուղարկվում է դատարան, իրենք դա հրապարակայնացնում են, ավելին՝ կան գործեր, որոնք քննվում են դռնբաց:

«Մի շարք դրվագների մասով ունենք մեղադրական դատական ակտեր, և ունենք ավարտական փուլում գտնվող վարույթներ, որոնք վերաբերում են տարբեր զինվորական պաշտոններ զբաղեցնող ծառայողների կողմից կամ անփութության, կամ դիտավորությամբ կատարված արարքներին: Մինչդատական վարույթի նկատմամբ օրինականության հսկողության շրջանակներում դատախազը, եթե ապացույցների ծավալը բավարար է համարում գործը դատարան ուղարկելու, մեղադրական եզրակացությամբ ուղարկում ենք դատարան:

Կարդացեք նաև

Մենք այստեղ շատ ուշադիր ենք, որ զգայուն տեղեկատվություն չհրապարակվի, հաշվի առնելով ոչ միայն քրեական վարույթի շահը, այլ նաև մեր անվտանգային հարցերը: Հրապարակում ենք այն դեպքերում, երբ դա կարող է կանխարգելիչ նշանակություն ունենալ հետագայում նման արարքները բացառելու համար»,- պարզաբանել էր Աննա Վարդապետյանը, ով, ըստ էության, իր նախորդի օրինակով գտնում է, որ 44-օրյա պատերազմի համատեքստում բավարար ապացույցներ չկան Նիկոլ Փաշինյանի նկատմամբ վարույթ հարուցելու, այն դեպքում, երբ Փաշինյանը խոստովանել էր՝ «այո, կարելի էր կանխել պատերազմը, և կունենայինք նույն արդյունքը, բայց առանց զոհերի»:

Ավելին՝ որպես ՀՀ վարչապետ կամ գերագույն հրամանատար, հաստատել է հակահարվածի հայտնի ձախողված օպերացիան, որով այս պահին մեղադրվող չկա, քանի որ Ջալալ Հարությունյանն արդարացվել էր, բայց գործը չեն փակել:

Աննա Վարդապետյանը երևի ծանոթ չէ նաև Փաշինյանի այն հայտարարություններին, երբ բարձրաստիճան զինվորականի անմեղության կանխավարկած է խախտվել. խոսքը ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի մասին է:

Դեռ չենք նշում գաղտնիության տարրեր պարունակող տեղեկությունների և ընթացքի մեջ գտնվող ռազմական օպերացիայի հանրայնացման մասին, ինչը, չի բացառվում, որ իր ազդեցությունն ունեցել է պատերազմի ելքի վրա:

Ինչ վերաբերում է 44-օրյային առնչվող բարձրաստիճան զինվորականության դեմ քրեական գործերին, ապա գրել ենք, որ դրանք հիմնականում ծառայողական և պաշտոնական անփութության և անգործության մեղադրանքներով են, ուստի գրավոր հարցում ենք ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պարզելու, թե Աննա Վարդապետյանը դիտավորության ի՞նչ դեպքերի մասին է խոսում 44-օրյա պատերազմի տրամաբանության մեջ: Պատասխանը ստանալուն պես՝ կհրապարակենք:

Ի դեպ, Գլխավոր դատախազը պատեհ առիթն օգտագործելով անդրադարձել էր զինվորական ոչ պատերազմական հանցանքներին և իր հանդիպումներին ու Վարպետաց դասերին, որտեղ, թերևս, անդրադառնում է նաև հրամանների ենթարկվելուն, հետաքրքիր է՝ առաջնագծում հակառակորդին սանձելուն առնչվող օրենքով սահմանված հրամաններն ու գործողությունները քաղաքական ղեկավարության հրամանով չկատարելու մասին ի՞նչ կարծիք ունի Գլխավոր դատախազը:

Իսկ մայիսի 12-ին Սեյրան Օհանյանը 44-օրյա պատերազմի վերաբերյալ հարցադրումներ է ուղղել նաև ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանին՝ ի՞նչ է արվել պատերազմից առաջ և պատերազմից հետո, բացի բանակից՝ քաղաքական ղեկավարության գործունեությանը գնահատական տալը։

«Տարբեր հանցատեսակներով ունենք վարույթներ՝ պաշտոնական դիրքի չարաշահում, դասալքություն, հրամաններ չկատարել և այլն: Այդ վարույթները բաժանել ենք մի քանի ուղղությունների՝ սկսած բարձրատիճան սպաներից, որոնք ղեկավարել են այդ ուղղությունները, վերջացրած զինվորով, մենք յուրաքանչյուրի գործողությունները հետևանքի տեսանկյունից գնահատել ենք։ Մենք արդեն քրեական վարույթներ ունենք, որ առանձին ուղղություններով բարձրաստիճան սպաների հանցանքները հաստատել ենք, և հենց այդ անգործությունը կամ գործողությունն է, որ բերել է տվյալ ուղղությամբ ձախողման՝ հարձակողական, պաշտպանողական: Այս տարի մեկ ուղղությամբ ևս մեղադրական եզրակացությամբ ուղարկեցինք դատարան քրեական վարույթ, և մեր գնահատմամբ, տվյալ բարձրաստիճան զինվորականի գործողությունների արդյունքում ոչ միայն ձախողվել է հարձակումը, այլ ամբողջ պաշտպանական շղթան է ձախողվել, և ունենք հետևանքներ:

Այս ուղղությամբ ունենք բավարար թվով ապացույցներ, պարզած հանգամանքներ: Նույնիսկ պատերազմի արդյունքի վրա ազդել են առանձին վերցրած պետական դավաճանության դեպքերը, և այս քրեական վարույթները մենք առանձին արդեն ուղարկել ենք դատարան։ Մենք դեռ պետք է գնահատենք, թե որքանով է պետական դավաճանությունն ազդել կոնկրետ ուղղության վրա՝ հետևանքի առումով:

Դուք ասում եք՝ ինչի եք անընդհատ բարձրաստիճան սպաների և զինվորականների մասով խոսում, գործի անունը չմատնանշեմ, բայց երբ ռազմավարական դիրքի հետ կապված ունես համապատասխան միջոցներ, սպառազինություն, անձնակազմի թվաքանակ, քեզ զգուշացնում են, որ էս դիրքը չի կարելի զիջել, պիտի համալրել, հակառակ պարագայում ստիպված ես լինելու նահանջել, և դու ոչինչ չես անում: Քննիչը, որ պարզում է այս գործողությունները, ինչը բա պիտի գնահատի: Կամ՝ երբ գործողությունների արդյունքում էս դիրքը չեն զբաղեցնում, հիմա ո՞ւմ արարքին պիտի գնահատական տանք»,- երկար պատասխանել է Արթուր Պողոսյանը՝ սլաքն ուղղելով բանակի և զինվորականության վրա:

Այս համատեքստում հիշեցնենք ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի նկատմամբ քրեական գործը, որի համաձայն՝ «լինելով որպես Զորքերի հարավային խմբավորման հրամանատար՝ 2020 թվականի հոկտեմբերի 7-17-ն ընկած ժամանակահատվածում, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք, այն է՝ չի ստեղծել հարավային խմբավորման կառավարման կետ՝ իր բոլոր տարրերով, մարտական գործողությունների վարման ընթացքում լիարժեք չի կատարել կառավարմանը բնորոշ մի շարք միջոցառումներ, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ»:

168.am-ը մանրամասն գրել է «Աշոտ Փաշինյանը, պատերազմի ժամանակ նրա հրամանատարը, Ալփաշա բարձունքից նահանջն ու Տիրան Խաչատրյանի գործը» վերտառությամբ հոդվածում: Քննչական կոմիտեի նախագահը տեղյա՞կ է կատարվածի մանրամասնություններին: Իհարկե, այո:

Հավելենք, որ «հրթիռների գործը» հարուցվել է, երբ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի պետն Արթուր Պողոսյանն էր (2020 թվականի մայիսի 15-ից մինչև 2022 թվականի սեպտեմբերի 28-ը):

Իսկ պետական դավաճանության դեպքերին 2019-2024-ն ընկած ժամանակահատվածում անցած տարի անդրադարձել էր ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը:

Ի դեպ, ավելի ուշ խորհրդարանում 44-օրյայում Նիկոլ Փաշինյանի պատասխանատվությանը քննչական մարմիններում նրա հարցաքննության վերաբերյալ հարցին անդրադարձել էր նաև ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Փաշինյանը 10 ժամ եղել է Քննիչ հանձնաժողովում՝ 5 ժամը՝ բաց, 5-ը՝ փակ ձևաչափով»,- նշել է նա՝ բավարար համարելով իր հանձնաժողովում Փաշինյանի հարցաքննությունը, ով, ի դեպ, հրաժարվել էր ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հետ համատեղ բաց հարցաքննությունից:

Տեսանյութեր

Լրահոս