Մարտի 1-ի գործով կորպուսների նախկին հրամանատարների դեմ հետապնդման հարուցումը մեսիջ է մնացյալ զինվորականներին. Գեղամ Մանուկյան
Ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանը «զգաստության» կոչ է անում բանակին
Մոտ երկու շաբաթ առաջ նախընտրական հանդիպումներից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ հայտարարել է, որ Մարտի 1-ի գործը բացահայտված է, և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պետք է «նստի»:
Նշենք, որ այս գործով անցնում են Հայաստանի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար և ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովը:
Մարտի 1-ի քրեական գործով մեղադրանքներ են առաջադրվել նաև ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին, Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանին և այլոց:
Հունիսի 1-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն տարածեց, որտեղ տեղեկացվում է, որ Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդումներ է հարուցել 4 բանակային կորպուսների նախկին հրամանատարների նկատմամբ՝ Լևոն Երանոսյանի, ով այդ ժամանակ եղել է ՀՀ ԶՈւ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարը և իր ցուցմունքում նշել է, որ բանակն օգտագործվել է կարևորագույն օբյեկտների պահպանության համար, Հայկազ Բաղմանյանի, ով եղել է 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը, Վալերի Գրիգորյանի՝ որպես 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, Պողոս Պողոսյանի, ով 2008-ին առաջին բանակային կորպուսի հրամանատարն էր, ընդ որում, վերջինը 2 տարի է, ինչ մահացել է:
Ընտրություններից օրեր առաջ Մարտի 1-ի գործով գեներալների նկատմամբ քրեական հետապնդման հարուցումն արդյոք ճնշում չէ՞ զինվորականության և բանակի վրա, որքան էլ նրանք պաշտոնաթող են:
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը 168.am-ի հետ զրույցում նշեց.
«Ամեն ինչ ծիծաղելի կլիներ, եթե այսքան ողբերգական չլիներ: Այս 8 տարիներին իշխանությունն ամեն իրեն հարմար պահի հայացքն ուղղում է Մարտի մեկի դեպքերին և շարունակում շինծու քրեական գործեր հարուցել: Հետո դրանք մնում են դարակներում՝ փոշիների տակ, և սա մինչև փրկօղակ մի առիթով իշխանությունները դարձյալ կհիշեն այդ իրադարձությունները: Ինչ վերաբերում է բանակային 4 կորպուսների նախկին հրամանատարների դեմ հարուցված քրեական գործերին, բարոյական բոլոր սահմաններն անցնող գործողություն է, որովհետև առնվազն Պողոս Պողոսյանի դեպքում գործ ունենք հանգուցյալ գեներալի հետ, ուստի տրամաբանական որևէ բացատրություն չունի քրեական հետապնդում հարուցելը: Բայց իշխանությունը շարունակում է բանակի դեմ իր արշավը, և զինվորականների դեմ այս 4 գործը նաև մեսիջ է ընտրություններից առաջ մնացյալ զինվորականներին, որոնք այդ տարիներին տարբեր մակարդակի ծառայություն են իրականացրել կամ պաշտոն զբաղեցրել, որ ամեն պահի իշխանությունը կարող է սլաքներն ուղղել նաև իրենց դեմ և նորանոր քրեական գործեր հարուցել»:
Հավելենք, որ 2018 թվականի իշխանափոխությունից հետո այդ ժամանակ դեռ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել էր, որ բանակը ներգրավված է եղել մարտիմեկյան գործողություններին, բայց արտակարգ դրության շրջանակներում իրենց պարտականությունները կատարելու համար:
ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանն էլ, ով 2008-ին եղել է ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետը, վստահեցրել էր, որ բանակին կրակելու հրաման չի տրվել։
Մարտի 1-ի գործով իր ցուցմունքում գեներալը նշել է, որ իր ղեկավարած վարչությունը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից զենք կիրառելու վերաբերյալ տեղեկություն չի ստացել, ավելին, նա նշել է, որ չի հիշում ՊԲ զորամիավորումների ներգրավման մասին:
2008 թվականի մարտի իրադարձությունների ժամանակ ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը զբաղեցրել է ՀՀ ԶՈւ 4-րդ բանակային կորպուսի շտաբի պետ-հրամանատարի տեղակալի պաշտոնը և Մարտի 1-ի գործով բովանդակային, սպային վայել ու ճշմարտացի ցումունք է տվել, այդ թվում՝ հստակ ներկայացրել է, թե Զինված ուժերի կիրառման հիմքերը որոնք են եղել, որոնց հիմքով հանձնարարված է եղել հատուկ օբյեկտների պաշտպանությունը, այդ թվում՝ նշված է եղել մտահոգությունը, որ քաղաքական գործընթացների քողի տակ կարող են սադրանքներ լինել:
Միաժամանակ, Օնիկ Գասպարյանը կարծիք է հայտնել, որ ներքաղաքական դժգոհությունները վերահսկելու գործընթացն ամբողջությամբ պետք է դրվեր միայն ռազմական ոստիկանության վրա, այսինքն, բանակն առհասարակ չպետք է ներգրավվեր:
Այս համատեքստում չենք կարող անտեսել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի Մարտի 1-ի գործով ցուցմունքը, ով 2008 թվականին ղեկավարել է ռազմական հետախուզությունը: Մասնավորապես, իր ցուցմունքում նա պնդել է, որ Սերժ Սարգսյանն էլ առաջարկել է ստեղծել առանձին զինվորական վարչակազմ՝ Յուրի Խաչատուրովի գլխավորությամբ: Նա նաև անընդունելի է համարել սահմանային կորպուսների և ՊԲ ստորաբաժանումների Երևան գալը և այլն: Որոշ ժամանակ անց Արշակ Կարապետյանը նշանակվել է Նիկոլ Փաշինյանի խորհրդական, շատ ավելի ուշ՝ ՀՀ պաշտպանության նախարար: Մի առիթով Փաշինյանը նշել է, որ նրան պաշտպանական գերատեսչության ղեկավար է նշանակել՝ հաշվի առնելով նրա ռուսաստանյան կապերը: Իսկ վերջերս ՔՊ-ական Վիլեն Գաբրիելյանը սխալ էր համարել Պաշտպանության նախարարի պաշտոնում և՛ Արշակ Կարապետյանի, և՛ Վաղարշակ Հարությունյանի նշանակումը:
Իսկ Արշակ Կարապետյանն էլ վերջին օրերին որոշել է 44-օրյա պատերազմին առնչվող իր և Նիկոլ Փաշինյանի նամակագրությունը հրապարակել: Բայց սա առանձին քննարկման թեմա է: Իսկ Նիկոլ Փաշինյանը, չի բացառվում, զինվորականությանը ճնշելու համար նաև 44-օրյայով նոր քր. գործեր մտածի, թեպետ աղմուկ հանածները դեռ վերջնագծին չեն հասել և որոշ մեղադրանքներ, ասում են, դատաքննության ընթացքում «փլվել» են:



