Բյուջեից փոխհատուցում են տալիս, հետո հպարտանում, թե՝ տեսեք, ինչքան ցածր են ավիատոմսերի գները

Վարչախմբի պոպուլիզմը սահմաններ չի ճանաչում. Բյուջեի հաշվին փոխհատուցում են ավիատոմսերի գները, հետո Ազգային ժողովի ամբիոնից Նիկոլ Փաշինյանը հպարտանում է, թե խոշորագույն ավիաընկերություն է հայտնվել, որն առաջարկում է Հայաստանի քաղաքացիներին ճամփորդել աննախադեպ ցածր գներով՝ ընդամենը 29 եվրոյով։

«Այսօր հրապարակում է եղել, որ խոշորագույն ավիաընկերություններից մեկը Հայաստանում բազավորվում է և նոր՝ 8, թե՞ 9 ուղղություններով չվերթ է բացում։ Ի՞նչ կապ ունի սա նախորդ շրջանի պատմության հետ. Ուղիղ ոչ մի կապ չունի։ Սա կապ ունի նրա հետ, որ մենք այդպես չարչարվելով, տանջվելով, սխալվելով՝ ամեն ինչ անում ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար՝ էժան և մատչելի գներով ճամփորդելու համար։ Այո՛, էդ ճանապարհին սխալվել ենք, սխալվելու ենք, բայց կանգ չենք առնում, որովհետև ուզում ենք աշխարհը բացել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առաջ և Հայաստանի Հանրապետությունը բացել աշխարհի քաղաքացիների առաջ։

Այսօր, երբ «Wizz Air» ընկերությունը տարածում է, որ մեր բազային գները սկսելու են 29 եվրոյից և 8-9 ուղղություններով 29 եվրոյով Հայաստանի Հանրապետության քաղաքացին կարողանալու է ճամփորդել, դա, այդ թվում՝ մեր սխալների, այդ սխալների ընթացքում մեր ձեռք բերած փորձի արդյունքն է»,- տխրահռչակ «Ֆլայ Արնայի» ձախողված գործարքը, որի շրջանակներում պետական բյուջեն առնվազն 11-12 մլն դոլարի վնասներ կրեց, Ազգային ժողովի ամբիոնից փորձում է արդարացնել Նիկոլ Փաշինյանը։

Նախ՝ ասենք, որ «Ֆլայ Արնայի» ձախողված գործարքը ոչ մի արդարացում չունի, ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը փորձի իրեն պատերով տալ ու հիմնավորումներ փնտրել։ Բայց խոսքը դրա մասին չէ։ Այն, ինչ ասում է Նիկոլ Փաշինյանը, բացարձակ կապ չունի ո՛չ «Ֆլայ Արնայի», ո՛չ էլ նախկինի սխալների հետ։ Փոխարենը՝ ուղիղ կապ ունի պետական բյուջեի ու հարկատուների վճարած հարկերի հետ։ Բայց այդ մասին Նիկոլ Փաշինյանը գերադասում է լռել։

Կարդացեք նաև

Կարևորը նրա համար այն է, որ քաղաքացին լսի, թե կարող է 29 եվրոյով ավիատոմս ձեռք բերել ու ճամփորդել եվրոպաներում։ Իսկ, որ կառավարությունը հարկատուների վճարած հարկերի հաշվին պետական բյուջեից փոխհատուցելու է այդ ավիատոմսի գինը, այն էլ՝ մեծ մասը, ոչ մի խոսքը այդ մասին։ Նույնիսկ ակնարկ էլ չի անում, թաքցնում է, որպեսզի հպարտ քաղաքացին չիմանա, որ այդ ամենն էլի իր գրպանի հաշվին է արվում, իր փողերն են վճարում, որպեսզի արտաքուստ ցույց տան, թե՝ տեսեք, ինչ աննախադեպ ձեռքբերումներ ունենք՝ 29 եվրոյով քաղաքացին կարող է եվրոպաներում ճամփորդել։

Իրականում ավիատոմսի արժեքը բոլորովին էլ 29 եվրո չէ, ինչը փորձ է արվում որպես բացառիկ հաջողություն ու ձեռքբերում ներկայացնել։ Բոլորովին վերջերս կառավարությունը մի ծրագիր հաստատեց՝ Հայաստանի Հանրապետության օդային ճանապարհով իրականացվող ուղևորափոխադրումների զարգացման աջակցության վերաբերյալ։ Որքան էլ առաջին հայացքից գուցե զարմանալի էր, կառավարության այդ ծրագրի հետ կապված իրենց խորը մտահոգությունները հայտնեցին տեղական ավիափոխադրողները, հատուկ հայտարարությամբ հանդես եկան։

«Մենք՝ մեկից ավելի ուղղություն սպասարկող գործող տեղական ավիափոխադրողներս, ցանկանում ենք արտահայտել մեր խոր մտահոգությունը՝ կապված ՀՀ Կառավարության կողմից ս․թ․ ապրիլի 23-ին ընդունված «Հայաստանի Հանրապետություն օդային ճանապարհով իրականացվող ուղևորափոխադրումների զարգացմանն ուղղված աջակցության ծրագիրը հաստատելու մասին» որոշման վերաբերյալ։ Հարկ ենք համարում նշել, որ այն չի համաձայնեցվել գործող ավիափոխադրողների հետ և չի բխում Հայաստանում ավիացիայի ոլորտի զարգացման շահերի տրամաբանությունից։

Մեր խորին համոզմամբ՝ նման ծրագիրը, որի հայտարարված նպատակը զբոսաշրջության խթանումն է, ներկայիս ձևով կրում է մի շարք վտանգավոր կողմնակի հետևանքներ, որոնք կարող են լրջորեն խաթարել տեղական ավիափոխադրողների զարգացման հեռանկարները և էլ ավելի խորացնել առանց այն էլ առկա անհավասար մրցակցության պայմաններն օտարերկրյա ավիափոխադրողների հետ՝ հաշվի առնելով, որ ՀՀ ավիացիոն ոլորտը գտնվում է ԵՄ և մի շարք այլ երկրների (Իսրայել, Արաբական Միացյալ Էմիրություններ և այլն), այսպես կոչված, «սև ցուցակում»,- հայտարարել էին «Ֆլայուան Արմենիա» և «Շիրակ Ավիա» ավիաընկերությունները:

Բայց նրանց մտահոգություններն անպատասխան մնացին։

Այն ժամանակ գուցե շատերը չէին պատկերացնում, թե այդ ամենն ինչի համար էր արվում։ Հիմա ամեն ինչ շատ ավելի պարզ է դառնում. Արվում էր հատուկ նրա համար, որպեսզի այսօր Նիկոլ Փաշինյանը հայտարարեր, թե Հայաստանի Հանրապետության քաղաքացին հնարավորություն ունի աննախադեպ ցածր գնով՝ 29 եվրոյով, ճամփորդել։ Մինչդեռ, այդ ճամփորդության ծախսերի մեծ մասն իր վրա է վերցրել կառավարությունը։

Ընդունված ծրագրով՝ պարտավորվել է ֆինանսական փոխահատուցում տրամադրել այն ավիաընկերություններին, որոնք կբացեն նոր ուղղություններ։

Դեպի «Զվարթնոց» կատարվող թռիչքների դեպքում 1 ուղևորի հաշվով կվճարվի 20 հազար դրամ, իսկ դեպի Գյումրու «Շիրակ» օդանավակայան կատարվող թռիչքների դեպքում՝ 15 հազար դրամ։

Եթե այս գումարները վերածենք տարադրամի, կստացվի, որ «Զվարթնոցի» պարագայում պետական բյուջեից ու հարկատուների, նաև այն քաղաքացիների վճարած հարկերից, որոնք ճանապորհորդելու հնարավորություններ, միջոցներ չունեն, յուրաքանչյուր ուղևորի փոխադրման համար կվճարվի առնվազն՝ 45, իսկ Գյումրու պարագայում՝ առնվազն 34 եվրո։

Հիմա պա՞րզ է, թե իրականում ինչ արժեն այդ 29 եվրոյանոց ավիատոմսերը։

Մի դեպքում՝ առնվազն 74 եվրո, մյուս դեպքում՝ 63 եվրո։ Ու ոչ մի նշանակություն չունի, որ դրա գնի միայն մի մասն է արտաքուստ վճարում քաղաքացին, թաքնված մասն էլ է վճարում քաղաքացին՝ ուղղակի պետական բյուջեի միջոցով։

Այդ գումարները, որոնք կարող էին ծախսել այլ նպատակներով, ծառայեցնել սոցիալական ծրագրերի իրականացմանը, օժանդակեին հասարակության անապահով խավերի կարիքների բավարարմանը, սոցիալական պայմանների բարելավմանը, երկրի անվտանգության ու պաշտպանության խնդիրների լուծմանը, կառավարությունը որոշել է ուղղել ավիատոմսերի գների սուբսիդավորմանը։ Խոսքը բավական լուրջ գումարների մասին է։

Պարզ հաշվարկներով, 100 հազար ուղևորի պարագայում պետական բյուջեից կփոխհատուցվի միջին հաշվով 4-4,5 մլն դոլար։

Դժվար չէ հաշվել, թե ինչքան պիտի վճարվի 1 մլն ուղևորի համար փոխհատուցում տալու պարագայում. Միջին հաշվով՝ 40-45 մլն դոլար։ Այդ գումարը, բնականաբար, փողոցում ընկած չէ, պիտի վճարեն պետական բյուջեից ու քաղաքացիներից գանձվող հարկերից։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս