Սա է պատճառը, որ հանրությունից պահանջվում է առավել մեծ ուշադրություն՝ թվում է, թե նվազ «էպատաժ» և դիտարժանություն պարունակող, սակայն հիմնարար հարցերին: Հատկապես, երբ այդօրինակ պատմությունները կարծես թե ստանում են վտանգավոր պարբերականություն՝ հարվածի տակ դնելով Հայաստանի ներդրումային, գործընկերային իմիջը:
168.am-ը, ի թիվս այլ հարցադրումների, Տիգրան Ավինյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ է պատկերացնում «ժողովրդավարություն» եզրույթի տակ, քանի որ ժողովրդավարության, կամ դրա բացակայության ցուցիչ է այն, թե ինչպես են 40 և 1 կարմիրբերետավորներ քաղաքի կենտրոնում ծեծում ԱԺ պատգամավորի, ինչպես են ՆԳՆ աշխատակիցները լուսաձայնային նռնակներ նետում խաղաղ անհնազանդության ակցիայի մասնակիցների վրա, ինչպես նաև՝ ՀՀ ժողովրդավարության հետընթացի մասին դիտարկումներն ԱՄՆ պետդեպի զեկույցում, միջազգային այլ կառույցների զեկույցներում։
Այսպիսին է ԱՆԻՖ-ի չորսամյա գործունեության արդյունքը։ Երկու խոշոր ծրագիր են ձեռնարկել, երկուսն էլ տապալվել են կամ տապալման փուլում են։ Պետական բյուջեի հաշվին տասնյակ միլիոնավոր դոլարներ են ծախսվել՝ առանց արդյունքի։ Ու հիմա փոխարենը պատասխան տան իրենց ձախողումների համար, վերադարձնեն պետությանը հասցված վնասները, անաղմուկ լուծարում են կառույցը՝ փորձելով մոռացության տալ։
Ի՞նչ էր անում Տիգրան Ավինյանն ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնում։ Մի՞թե նա պատասխանատվության բաժին չունի նրանում, որ պետության փողերն արդյունավետ չեն ծախսվել, վատնել են։ Թե՞ տնօրենին աշխատանքից ազատելով՝ բոլոր հարցերը լուծվեցին։ Իսկ Տիգրան Ավինյանը հիմա էլ կարող է հանգիստ վայելել Երևանի քաղաքապետի պաշտոնը ու ժամանակին՝ լինելով ամենապատասխանատու պաշտոնյան կամ պաշտոնյաներից մեկը, ոչ մի պատասխանատվություն չկրել հիմնադրամում հարկատուների փողերն անարդյունավետ ծախսելու համար։