Մինչ բիզնեսի տարբեր ոլորտների ներկայացուցիչներ օրերով կառավարության դիմաց բողոքում են հարկերի բարձրացումից, հարկերով խեղդելուց, հարկային տեռորից, բիզնեսին աշխատելու հնարավորություն չտալուց, էկոնոմիկայի նախարարը, որի գործը պիտի լիներ այս մարդկանց հոգսերը թեթևացնելը, աշխատելու տանելի պայմաններ ապահովելը, աջակցելը, ցինիկաբար հայտարարում է, թե Հայաստանում հարկերը չեն ավելացել։ Եթե չեն ավելացել, այս մարդիկ խելագա՞ր են, որ բան ու գործ թողած՝ օր ու մեջ հավաքվում են կառավարության դիմաց ու բողոքում հարկերի բարձրացումից, աշխատելու հնարավորություն չտալուց։
Բերեմ ձեզ պետությանը պատճառած վնասի մեկ այլ, առաջին հայացքից չերևացող օրինակ։ Խոսքը Սնուփ Դոգի սկանդալային համերգի և դրա վրա ծախսած հսկայական գումարի մասին է։ Դնում եմ մի կողմ նման շոուն պետական միջոցների հաշվին կազմակերպելու զավեշտալի հանգամանքը։ Անդրադառնանք կոնկրետ վճարմանը՝ 2 000 000 000 դրամի կամ մոտ 6 000 000 դոլարին, որ ամբողջությամբ իրականացվել է դեռևս անցյալ տարվա սեպտեմբերին, բայց ծառայությունն առ այսօր չի մատուցվել։
Հայաստանի կառավարությունը տարեսկիզբը նշանավորել էր տարբեր նախարարություններին ենթակա հիմնադրամների ստեղծումով, որոնք բոլորը փաթեթավորել ու պայմանավորել էր ստեղծված անհրաժեշտությամբ։ Իսկ տարվա ընթացքում արդեն տեսանելի դարձավ, թե ինչպես են պետական բյուջեից հսկայական գումարներ, աստղաբաշխական դրամաշնորհներ ուղղվում նորաստեղծ հիմնադրամներին։
Ֆինանսական ու բանկային կայունությանը սպառնացող վտանգի անհիմն պատճառաբանությամբ, կառավարությունը վերցրեց բանկերի ռիսկը և հարկատուների ու քաղաքացիների հաշվին պարտավորվեց բանկերին փոխհատուցել շուրջ 220 մլրդ դրամ։ Ու քանի որ այդքան փող չուներ, որոշեց դա անել՝ պարտատոմսեր թողարկելով և բանկերին հանձնելով։